New York Times-ը վերլուծություն հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու միտում. մահ, ժխտում և նկարագրություն» վավերագրական ֆիլմի մասին:
«Միգուցե այն լիովին անկողմնակալ չէ իր հիմնական թեման՝ Հայոց ցեղասպանությունը, քննարկելիս, սակայն ֆիլմը փորձում է հավասարակշռել զգացմունքներն ու պատմությունը, ինչն էլ ֆիլմն ավելի ուժեղ է դարձնում»,- գրում է հոդվածի հեղինակ Քեն Յավորովսկին:
«Ոչնչացնելու միտում. մահ, ժխտում և նկարագրություն» ֆիլմի ռեժիսորն է Ջո Բերլինգերը, ով ֆիլմում օգտագործել է ինչպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմություններ, այնպես էլ պատմաբանների վերլուծություններ՝ ստանալու համար հանցագործության ընդհանուր պատկերը: Ֆիլմում անդրադարձ կա նաև այս թեմայի մասին պատմող «Խոստումը» գեղարվեստական ֆիլմին: «Բերլինգերի ծրագիրը խելացի, ինչպես նաև խորհրդանշական, քանի որ փաստերով ապացուցված է, որ թուրքական կառավարությունը ճնշումներ է գործադրել կինոարտադրող ընկերությունների վրա՝ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը դարակներում թողնելու նպատակով»,- նշում է New York Times-ի հոդվածագիրը:
Ֆիլմի պատմական վերլուծության մասում անդրադարձ է կատարվում ամբոխի հոգեբանությանը, պատմական ռեվիզիոնիզմին և Օսմանյան կայսրության հետ գերմանացիների համագործակցությանը:
«Դժվար չէ տեսնել թե ինչպես հայերի կոտորածները հող նախապատրաստեցին Հոլոքոստի համար: «Ոչնչացնելու միտում»-ը կոչ է հիշելու զոհերին՝ հանուն իրենց և հանուն մեզ»,- նշում է հոդվածագիրը:
Վերլուծության վերջում Յավորովսկին մեջբերում է ֆիլմում նկարահանված պատմաբաններից մեկին. «Եթե ցանկանում ենք հասկանալ Հարավսլավիան, եթե ցանկանում ենք հասկանալ Ռուանդան, եթե ցանկանում ենք հասկանալ այսօր տեղի ունեցող այլ զանգվածային կոտորածներ, պետք է դիտարկենք Հայոց ցեղասպանությունը: Պատմությունն անցյալում չէ»: