Ինչպես են հայտնի հայերը ծախսում իրենց միլիոնները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են հայտնի հայերը ծախսում իրենց միլիոնները. armeniasputnik.am

Աշխարհում դժվար է գտնել մի երկիր, որտեղ հայեր չկան։ Մեր հայրենակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցնում այս կամ այն ոլորտում։ Սակայն նրանք երբեք չեն մոռանում իրենց պատմական հայրենիքի` Հայաստանի մասին։ Բարության համաշխարհային օրը Sputnik Արմենիան ընթերցողներին ծանոթացնում է իրենց բարեգործական գործունեությամբ աչքի ընկած հայերին։

Ռուբեն Վարդանյան

Այսօր Հայաստանն անհնար է ներկայացնել առանց աշխարհի ամենաերկար ճոպանուղու (5752 մետր) կամ UWC Dilijan միջազգային դպրոցի։ Այդ մարգարիտները Հայաստանին նվիրել է IDeA բարեգործական հիմնադրամը` հիմնադրված Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ Վարդանյանի հիմնադրամն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերի աջակցությանը։

Վարդանյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ հիմնվել է Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակը։ Այն ամեն տարի շնորհվելու է մարդկանց, որոնք վտանգում են սեփական կյանքը հանուն ուրիշների փրկության։

Մրցանակը կոչվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, որը փրկվել է 1915թ–ի Հայոց ցեղասպանությունից։ Նրա պատմությունն է 1919թ–ին Ամերիկայում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի հիմքում։

Վարդանյանի նախագծերն իրագործվում են նաև Հայաստանի սահմաններից դուրս. նա դարձել է այն բարեգործներից մեկը, որոնք ավանդ են ունեցել ՀԱԵ վրացական թեմի Սուրբ Գևորգ տաճարի վերականգնման մեջ։

Սերժ Չուրուկ

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի սերունդ Սերժ Չուրուկը Ֆրանսիայի հայկական սփյուռքի վառ ներկայացուցիչ է։ Նա բազմաթիվ բարեգործական հիմնադրամների հիմնադիր է, որոնք աջակցում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս գտնվող հայերի նախագծերին։ Նա մեծ միջոցներ է ներդրել Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության գործում։

Չուրուկը ամեն տարի մեծ միջոցներ է հատկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Համահայկական բարեգործական միությանը։ Նախկինում Չուրուկը զբաղեցրել է Alcatel ֆրանսիական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։

Վաչե Մանուկյան

Անգլիայի ամենահարուստ մարդկանցից մեկը` հայազգի հաջողակ գործարար Վաչե Մանուկյանը, 90–ական թթ–ի սկզբից Հայաստանի տնտեսությունում ներդրել է շուրջ 70 միլիոն դոլար։

Ամենամեծ ներդրումը Երևանում Նորք Մարաշ ժամանակակից բժշկական կենտրոնի շինարարությունն է` 12 միլիոն դոլար արժողությամբ։ Մանուկյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ հայ լինել նշանակում է օգնել պատմական հայրենիքին։

1996թ–ին Մանուկյանը ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան, ինչպես նաև դարձել Երևանի պատվավոր քաղաքացի։ Այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում գործում է «Թամար և Վաչե Մանուկյանների» անվան գրապահոց։

Սարգիս Իզմիրլյան

Սարգիս Իզմիրլյանը 1915թ–ին Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդ է։ Նա աշխարհին հայտնի է որպես Կարիբյան ավազանի երկրների պատմության մեջ ամենամեծ հանգստավայրի հիմնադիր։ Ամեն տարի նա մեծ միջոցներ է հատկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Համահայկական բարեգործական միության գործունեության համար։ Իզմիրլյանը աջակցում է նաև հայկական եկեղեցիների շինարարությանը և վերակառուցմանը։ Նա հիմնել է Երևանում հայտնի «Իզմիրլյան» գիտաբժշկական և ուսումնական կենտրոնը։

Էդուարդո Էռնեկյան

Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն է։

Արգենտինայում Էռնեկյանը հարստությամբ երկրորդ մարդն է, որը ղեկավարում է երկրի ամբողջ մեդիա շուկան։ 1995թ–ին Արգենտինայի տարվա մարդու կարողությունը կազմել է 1.8 միլիարդ դոլար։ Էռնեկյանին անվանում են նաև Լատինական Ամերիկայի հայկական կազմակերպությունների ֆինանսական դոնոր։ Նա միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանի և Արցախի տարբեր հիմնադրամներում։

Սթիվեն Կանդարյան

Ամերիկահայ գործարար Սթիվեն Կանդարյանը MetLife միջազգային ապահովագրական ընկերության նախագահն է, նա նույնպես աջակցում է հայկական բարեգործական հիմնադրամներին և կազմակերպություններին։

Իսկ նրա հիմնադրամները սատարում են ԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական խմբերին, որոնք առաջ են մղում Հայաստանի շահերը, Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Վարդան Սիրմաքեշ

Franck Muller էլիտար ժամացույցների արտադրության միջազգային ընկերության տնօրեն Վարդան Սիրմաքեշը Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանցից է։ Նա «Հին Երևան» նախագծի ներդրողն է և Շվեյցարիայի հայկական կազմակերպությունների բարերարը։ Սիրմաքեշը նաև Ֆրանսիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսն է։ Նա երկար ժամանակ եղել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը և հովանավորել հայկական ֆուտբոլի զարգացումը։

Նա նաև Հայաստանում և Արցախում տարբեր ներդրումային նախագծերի հեղինակ է։

Ջեյմս Թուֆենկյան

Ամերիկահայ գործարար, բարերար և անվանի դիզայներ Ջեյմս Թուֆենկյանն իրականացնում է Հայաստանի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագիր։

Թուֆենկյանը ծնվել է ԱՄՆ–ում, ուր նրա նախնիները տեղափոխվել են Հայոց ցեղասպանության տարիներին։ 1985թ–ին Ջեյմսն ավարտել է Նյու Յորքի բարձրագույն իրավաբանական դպրոցը։ Սակայն Թուֆենկյանը փաստաբանի հաջողակ կարիերայի փոխարեն ընտրել է բիզնեսը։

1986թ–ին Մանհեթենում բացվել է ձեռագործ գորգերի առաջին խանութը, որոնք ստեղծվել են նրա դիզայնով։ Այսօր  Tufenkian Carpets–ն աշխարհահռչակ ապրանքանիշ է։ Թուֆենկյանի հեղինակային գորգերը ներկայացված են 10 խանութ–սրահներում, դրանցից 8–ը գործում է ԱՄՆ–ում, մեկը` Լոնդոնում, ևս մեկը` Երևանում։

Շառլ Ազնավուր

Հայաստանի ևս մեկ օգնական է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Time և CNN ամսագրի համատեղ հարցման համաձայն, որն անցկացվել է 1998թ–ին, Ազնավուրը ճանաչվել է 20–րդ դարի լավագույն էստրադային կատարողը։

Ազնավուրը մշտապես օգնություն ցուցաբերում Հայաստանին։ Նա մեծ ավանդ է ունեցել 1988թ–ի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո հայկական քաղաքների վերականգնման գործում։

Մեծ շանսոնյեն իր բարեգործական համերգների միջոցներն ուղղորդում է Հայաստանի օգնությանը։ Այդ նպատակով արդեն երկար տարիներ գործում է «Ազնավուրը` Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը։

Հայաստանում կան Ազնավուրի անվան փողոցներ և հրապարակներ, իսկ Գյումրի քաղաքում տեղադրված է նրա հուշարձանը։

Արթուր Ջանիբեկյան

Երևանի պետական համալսարանի տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ Արթուր Ջանիբեկյանը Երևանում էլ ծնվել ու մեծացել է։ Այսօր նա ապրում և աշխատում է Մոսկվայում։

Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի հիմնադիրն է, ռուսական ՏՆՏ, Մատչ ՏՎ հեռուստաալիքների գլխավոր տնօրենը, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավարը։ Նա հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։ Ջանիբեկյանի օգնությամբ «Ինտելեկտուալ Վերածնունդ» հիմնադրամը ամերիկյան Ֆրեզնո քաղաքում ձեռնամուխ է եղել աշխարհահռչակ հայ գրող Վիլյամ Սարոյանի թանգարանի ստեղծմանը։ Բացի այդ, 2017թ–ի հունվարին Ջանիբեկյանը Մոսկվայում ՀԱԵ Մայր տաճարին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ:

armeniasputnik.am