«Տեր իմ, ուր որ ես՝ դուրս արի»․ Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակի հայերեն թարգմանությունից մի տող է՝ ժպտացնող ու տխրեցնող՝ միաժամանակ։ Վեպը վերջերս է լույս տեսել հայերեն, բայց 2014-ին արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին և թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով ։ Ինչ խոսք, այստեղ մնում է խորը հոգոց քաշել ու հուսալ, որ մեր գրողները ևս կարժանան ժամանակակից թուրք գրողի հաջողությանը, որովհետև արժանիները կան, մնում է արժանի ուշադրություն դարձնել ու նպաստել նրանց «միջերկրյա ճամփորդությանը»։ Բայց սրա մասին կխոսենք հետո, գրքին վերադառնանք։
Գրքի շապիկը տեղեկացնում է․«Անգլերեն տարբերակը տասը թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվել է թուրք գրականության թարգմանիչների «Ջունդա» միջազգային սեմինարի շրջանակներում։ Հայերեն թարգմանությունն իրականացվել է այս մոդելի կիրառմամբ, որն աննախադեպ է մեր իրականության մեջ՝ և՛ ներգրավված թարգմանիչների քանակի, և՛ համագործակցային թարգմանության մեթոդի կիրառման տեսանկյունից»։
Գիրքն ընթերցելիս, իրականում, տասը թարգմանչի ձեռագիրը չես նկատում, հարթ թարգմանություն է՝ առանց արհեստականության, առանձին թարգմանիչների ոճականության փոփոխման։ Ուրեմն՝ ստացված է։ Որովհետև ընթերցելիս լսում ես ոչ թե հայ թարգմանիչների, այլ՝ գրողի ձայնը՝ առաջին դեմքով։ Ուղղակի հայերեն։ Գրքի նկարագության մեջ նշվում է, որ «Հա՛հ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է, տարատեսակ մտապատկերների համադրություն։ «Հա՛հ»-ը ձայնարկություն է, որը հաճախակի կրկնվում է շատ էջերում։
Առհասարակ, գիրքն իրենից մի մեծ ձայնարկություն է ներկայացնում՝ ցավի, անզորության, կարոտի։ Սա գիրք է, որը լսում ես։ Մտքերի շարադրանք է, որոնք պետք է երբեմն երկու-երեք անգամ կարդալ՝ ավելի լավ հասկանալու համար։ Դրանք ընդհատում են ճռճռոցներն ու դխկդխկոցները։ Որովհետև ցավը ևս շարժական է, ուր էր թե մի տեղում կանգնած մնար ու չխանգարեր։ Ցավը նաև չի կարող գծագրված լինել։ Ու հենց դրա համար էլ այս գրքում, որպես այդպիսին, չեք գտնի կոնկրետ սյուժետային գիծ։ Այստեղ չկան գեղեցկադեմ ասպետներ ու դժբախտ աղջնակներ, չկան գյուղից քաղաք եկող ու հաջողության հասնող երիտասարդներ։ Այս գիրքը բաց վերք է՝ հորը կորցնելու մասին։ Կորստի մեջ մտքերը մի հիշողությունից մյուսն են թափառում, այն ստիպում է ընդհատ կամ կրկնվող խոսքեր ասել, և դա բնական է։
Այս գիրքը ևս բնական է, իսկական, վերապրած․ Բիրգյուլ Օղուզն էլ հենց հոր հիշատակին է նվիրել։ Դրա համար «Հա՛հը» պետք է ընտրի այն ընթերցողը, որը պատրաստված է, քանի որ «դասական տարբերակով» գրքեր նախընտրողներին սա չի հետաքրքրի։ Գուցե անգամ հանդգնեն ասել՝ վատ է թարգմանված, քանի որ առաջին հայացքից կարող է թվալ, թե իրար կողք նախադասություններում անգամ կապ չկա։ Ավելի անպատրաստները կարող են նույնիսկ կշտամբել, թե՝ սրբագրիչներն անուշադիր էին, մի քանի տեղ տառերի շատություն կա՝ առանց հասկանալու, որ հենց դրանում է ամբողջ տեքստի որակը։ Նախադասությունների կապը կա։ Ուղղակի տեսնել է պետք։ Տեսնելու համար պետք է հնարավորինս հմտացած ընթերցող լինել, դուրս՝ շուշաթղթած սյուժե ու երջանիկ ավարտ փնտրելու գրական կոմպլեքսներից։ Բիրգյուլ Օղուզը ևս մեկ հետաքրքիր հնարք է կիրառել։ Գրքում շատ են մեջբերումները՝ այս կամ այն ստեղծագործությունից։ Բայց եթե այլ տեղերում դրանք կարող են վանել, այստեղ չեն վանում, որովհետև նա ոչ թե ուղղակի մեջբերում է դրանք, այլ սկսում կամ շարունակում՝ դարձնելով իր խոսքի մի մասը՝ չմոռանալով էջատակում հղում տալ հեղինակին։
Գրքից հետո կարելի է գնալ մեջբերումների հետքերով ու էլի լավ ստեղծագործություններ հայտնաբերել քեզ համար։ Ստացվում է, որ Բիրգյուլ Օղուզը ոչ միայն լավ գրող է, այլ նաև՝ ճաշակով ընթերցող։ Առաջին հայացքից այս «թափթփված» գիրքը ցավի իրական տեսքն ունի՝ առանց ձևականությունների, գեղեցիկ հագուստի ու շպարի։ Կորուստն է՝ խառը մտքերով, հիշողություններով, մեկ դանդաղող, տեղում մեխվող, մեկ էլ՝ վազող ու շնչահեղձ անող տեքստով։ Ու ինչպես ցավը հաղթահարելու համար է ակնկալվում պինդ մնալ ու հնարավորինս պատրաստ լինել, այնպես էլ այստեղ․ խորը շունչ կքաշեք՝ գիրքը սկսելուց առաջ։ Այն միանշանակ արժե հաղթահարել։ Հետո իր մասին երկար ժամանակ մտածել կտա։
Սյունե Սևադա