Մեկնարկեց Նոբելյան շաբաթը: Այս շաբաթ հայտնի կդառնան բժշկագիտության, ֆիզիոլոգիայի , ֆիզիկայի և քիմիայի ոլորտում Նոբելյան դափնեկիրների անունները:
Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրն արդեն հայտնի է՝ Յոսինորի Օսումին, Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանից, Ճապոնիա: Գիտական նորույթը, որը ներկայացվել է մրցանակի, վերաբերում է աուտոֆագիայի մեխանիզմներին:
Աուտոֆագիան, դա բջիջի կողմից անպիտան մասերի վերամշակման և դրանցից ազատման գործընթացն է: Տերմինը կազմված է երկու հունական բառերից, որ միասին նշանակում են ինքնակլանում:
Երևույթի առկայությունը գիտնականները գտել են դեռևս 20-րդ դարի 60-ն թվականներին, սակայն մեխանիզմի նրբությունները չեն կարողացել հիմնովին ուսումնասիրել: 90-ն թվականներին դա հաջողվել է Օսումիին: Փորձերի ժամանակ նա նաև հայտնաբերել է գեներ, որոնք պատասխանատու են աուտոֆագիայի համար: Եվ ահա, 25 տարի անց, նա կարողացավ վերջնականապես ապացուցել իր տեսության իրավացիությունը, դառնալով աշխարհի 39-րդ միանձնյա մրցանակակիրը:
Աուտոֆագիան բնորոշ է կենդանի օրգանիզմներին, մարդուն նույնպես: Այդ երևույթի շնորհիվ բջիջներն ազատվում են անպիտան մասերից, իսկ ընդհանուր օրգանիզմը՝ անպիտան բջիջներից:
Բնությունը բջիջներին օժտել է նման հրաշք մեխանիզմով՝ ինքնամաքրվելու մեխանիզմով:
Աուտոֆագիայի մեխանիզմն առավել արագ է մեկնարկում, երբ օրգանիզմը սթրես է տանում, օրինակ՝ մարդը ծոմ է պահում: Այդ ժամանակ բջիջը էներգիա է թողարկում իր ներքին ռեսուրսների, անպիտան մասերի հաշվին, ինչպես նաև հիվանդագին բակտերիաների հաշվին:
Պրոֆեսոր Օսումիի պնդմամբ՝ աուտոֆագիան կանխում է ժամանակից շուտ օրգանիզմի ծերացումը, քանի որ ծոմապահությամբ գրգռված մեխանիզմը խթան է՝ նոր և ավելի առողջ բջիջների համար և, աուտոֆագիայի խախտումը՝ առիթ է Պարկինսոնի հիվանդության և քաղցկեղի համար:
1945 թ. ծնված Յոսինորի Օսումին իր մրցանակը կստանա Ստոկհոլմում, դեկտեմբերի 10-ին: Մրցանակի դրամային մասը կազմում է 950 000 ԱՄՆ դոլար: