ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի մարդակերպ կոթողները, որոնք ըստ մասնագետների, Արցախում այս շարքի կոթողների լավագույն օրինակներն են: Նոր Կարմիրավանից հայտնաբերված կոթողները գալիս են հաստատելու այն կարծիքը, որ այս կոթողները կանգնեցվել են հատկապես Արցախի մարգագետնա-տափաստանային գոտում:
Արցախից արդեն հայտնաբերվել է շուրջ երեք տասնյակ նմանատիպ կոթող: Կոթողների այս խումբը, որը պայմանական կարելի է անվանել արցախյան, աչքի է ընկնում պատկերագրական և տեխնիկական որոշ առանձնահատկություններով: Արցախի քարե մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են: Սալերը երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, իրանը և ներքնամասը:
Կոթողները քանդակված են ինչպես դիմացից, այնպես և հակառակ կողմից: Այս, ինչպես նաև պատկերագրական այլ մանրամասներ, ինչպես օրինակ ձեռքերի դիրքը (բոլոր կոթողների վրա ձեռքերը ծալված են կրծքին), որոշ կոթողների վրա դաշույնի առկայությունը, խոսում են կոթողների ծիսա-պաշտամունքային դերի մասին: Այս կոթողները կանգնեցվել են կոլեկտիվի որևէ անդամի մահվան դեպքում: Հավանաբար, խոսքը գնում է մարդու մասին, ով սոցիալական բարձր խավի է պատկանել:
Նորահայտ կոթողները առանձնանում են իրենց խոշոր չափերով, շատ ավելի լավ են պահպանվել և որոշ պատկերագրական դետալներ ավելի լավ են երևում, քան Արցախից հայտնի մյուս կոթողների դեպքում: Հետաքրքրական է նաև այսքան կոթողների կուտակումը մեկ վայրում: