Իտալացի հետազոտողները հոգեկերտվածքի արտասովոր ընդհանուր գծեր են հայտնաբերել Իտալիայի ամենատարեց բնակիչների մոտ, որոնք ապրում են երկրի հարավի «երկարակեցության օջախում», որի ուսումնասիրությունը կարող Է օգնել՝ բացահայտելու նրանց երկարակեցության գաղտնիքները: Այդ մասին ասված է International Psychogeriatrics հանդեսում հրապարակված հոդվածում:
«Գոյություն ունեն երկարակյացներին նվիրված բազմաթիվ ուսումնասիրություններ, սակայն փաստորեն դրանք բոլորն էլ վերաբերում են նրանց գենետիկային, այլ ոչ թե հոգեկան առողջությանն ու անհատականությանը: Մենք ցույց ենք տվել, որ երկարակյացների այդ խմբի մոտ գոյություն ունեն հոգեկերտվածքի բացառիկ ընդհանուր գծեր, այնպիսիք, ինչպիսիք են համառությունը, կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը և ամուր կապերն ընտանիքի, հողի ու հավատքի հետ»,-հայտարարել է Դիլիփ Ջեսթեն՝ Սան Դիեգոյի (ԱՄՆ) Կալիֆոռնիայի համալսարանից: Ջեսթեն և մի խումբ այլ գերոնտոլոգներ ու կենսաբաններ՝ Հռոմի (Իտալիա) Լա Սապիենցայի համալսարանի աշխատակից Սալվատորե դի Սոմմայի ղեկավարությամբ, մի քանի տարվա ընթացքում ուսումնասիրում են այսպես կոչված «երկարակեցության օջախը» Չիլենտո կոչվող վայրում, որտեղ ապրում են զառամյալ, բայց առողջ մարդիկ:
Չիլենտոյում կանանց կյանքի միջին տևողությունը ռեկորդային 92 տարին է, տղամարդկանց կյանքինը՝ 85 տարին, գործնականում 10 տարով ավելի, քան միջինը՝ Իտալիայում: Աշխարհում գոյություն ունեն ևս մի քանի նմանօրինակ տարածաշրջաններ, այդ թվում՝ Օկինավան, Սարդինիա և Իկարիա կղզիները, դրանցից յուրաքանչյուրը մշտապես գրավում է գիտնականների ուշադրությունը, որոնք ցանկանում են բացահայտել երկար կյանքի և զառամյալ տարիքում առողջության գաղտնիքները:
Դի Սոմմայի գիտական թիմը՝ տարածաշրջանում ունեցած նրա անձնական կապերի շնորհիվ, կարողացել է ստանալ Չիլենտոյի 90+ տարիքի երեք տասնյակ զառամյալ բնակիչների, որոնք ապրում են Աչարոլի գյուղում, և մոտավորապես վեց դյուժին նրանց ավելի երիտասարդ ազգականների աջակցությունը: Երկու տարի առաջ նրանք գիտնականներին օգնել են բացահայտել երկարակեցության մի քանի գեներ ու սպիտակուցներ, իսկ այժմ գերոնտոլոգները հետաքրքրված են, թե նրանց հոգեկերտվածքի առանձնահատկություններն ինչպես կարող են կապված լինել երկար կյանքի հետ:
Դրա համար գիտնականները մի շարք հարցումներ են անցկացրել ամենատարեցների և նրանց երիտասարդ ազգականների շրջանում՝ գնահատելով նրանց մենթալ և ֆիզիկական առողջության մակարդակը: Այդ հարցումները բացահայտել են մի քանի հետաքրքիր մանրամասներ, որոնք բնութագրական են իրենց՝ ռեկորդակիրների, բայց ոչ նրանց թոռների, երեխաների ու ծոռների համար:
Օրինակ, բոլոր տարեցները, չնայած բավականին վատ առողջական վիճակին, ընկճախտից, տագնապալի վիճակներից և հոգեկերտվածքի հետ կապված այլ խնդիրներից զգալիորեն ավելի քիչ են տառապել, քան նրանց երիտասարդ ազգականները, ինչպես նաև աչքի են ընկել են ավելի մեծ լավատեսությամբ ու «աշխատամոլությամբ»: Ի լրումն, նրանք անսովոր ուժեղ էին կապված այն հողին ու այն ընտանիքին, որի տարածքում և որի ընկերակցությամբ նրանք ապրել են:
«Հնարավոր է, որ հողի նկատմամբ սերը՝ այդ բոլոր տարեցների ընդհանուր գիծը, նրանց երկարակեցության գաղտնիքն է: Նրանց մեծ մասը շարունակում է աշխատել և՛ տանը, և՛ իրենց դաշտերում: Նրանք կարող են մտածել՝ «սա իմ կյանքն է, իմ հողը, և ես հենց այնպես այն չեմ տա»,- եզրափակում է Աննա Շելցոն՝ Դի Սոմմայի գործընկերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: