Այսօր ծնվել է Ջակոմո Պուչինին. խելահեղ արագությունը նրա տարերքն էր
Advertisement 1000 x 90

Այսօր ծնվել է Ջակոմո Պուչինին. խելահեղ արագությունը նրա տարերքն էր

Մի անգամ, ուրեմն, մաեստրոյին ճաշի է հրավիրում մի տիկին և այնքան քիչ ուտելիք է դնում սեղանին, որ մեր քաղցած Ջակոմոն քաղցած էլ պատրաստվում է հեռանալ։ «Առատաձեռն» տիկինն ասում է. «Խնդրում եմ, ժամանակ գտեք, մի անգամ էլ եկեք ինձ մոտ ճաշելու»։ «Հաճույքո՜վ,- պատասխանում է Պուչինին,- թեկուզ հե՛նց հիմա»։

Ժամանակակիցները պատմում են, որ սրամիտ մարդ էր իտալացի մեծ կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին (1858-1924)։ Եվ ոչ միայն։ Երկփողանի հրացանն ուսին գցած որսի է գնացել, առագաստանավակով՝ ձկնորսության, առաջիններից է եղել, որ ավտոմեքենա գնել (1900 թվականին), և խելահեղ արագությունը նրա տարերքն էր։ Կարճ ասած՝ «ավարայի» մեկն էր օպերային գլուխգործոցների հեղինակ այս Պուչինին։

Ծնվել է Իտալիայի Լուկա քաղաքում, երաժիշտների տոհմում, յոթ երեխաներից մեկն է։ Հինգ տարեկան էր, երբ հայրը մահացավ, և նրան ուղարկեցին հորեղբոր՝ Ֆորտունատո Մաջիի մոտ սովորելու։ Այս Ֆորտունատո կոչեցյալը յուրաքանչյուր կեղծ նոտայի համար անգթորեն աքացի էր հասցնում խեղճ երեխայի սրունքներին, և եթե հավատանք նրա պնդումներին, որ Պուչինին վատ և անկարգ աշակերտ էր, դժվար չէ պատկերացնել, թե աքացիների ինչ «սեանսներ» է համտեսել Ջակոմոն, և թե ինչու է ողջ կյանքում կեղծ նոտայից սրունքների շրջանում բնազդաբար սուր ցավ զգացել։

Ողջ-առողջ դուրս պրծնելով հորեղբոր ճանկերից, Պուչինին դառնում է եկեղեցական երգեհոնահար և խմբավար։ Օպերա գրելու նրա ցանկությունը ծնվել է Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան լսելուց հետո։

Չորս տարի սովորել է Միլանի կոնսերվատորիայում։ 1882-ին մասնակցել է մեկ գործողությամբ օպերայի մրցույթին։ Չնայած առաջին մրցանակ չի ստացել, բայց նրա «Wilis» օպերան բեմադրվել է Dal Verme թատրոնում և գրավել ազդեցիկ հրատարակչատան տնօրեն Ջուլիո Ռիկորդիի ուշադրությունը։ Հենց նա էլ Պուչինիին պատվիրում է նոր օպերա գրել («Էդգար»)։

Երրորդը «Մանոն Լեսկո»-ն էր 1893-ին, որը շատ մեծ հաջողություն ունեցավ։ Հաջորդը «Բոհեմ»-ն էր. սա նույնպես Պուչինիին համաշխարհային հռչակ բերեց։ Հետո «Տոսկա», հետո «Մադամ Բաթերֆլայ» («Չիո Չիո Սան»), որն, ի դեպ, շռնդալից տապալվում է և մաեստրոյին հուսահատության գիրկը նետում։ Ընկերները համոզում են, որ վերամշակի օպերան, համոզվում է, և դրանից հետո մադամ Բաթերֆլայի հանդիպումը հանդիսատեսի հետ անսահման ջերմ էր. յոթ անգամ բեմ են հրավիրվում դերասաններն ու կոմպոզիտորը։

Սակայն, որտեղ վերելք, այնտեղ էլ՝ վայրէջք. հաջողությունը կարծես երես է թեքում Պուչինիից։ Նախ՝ խելահեղ արագության սիրահար մաեստրոն, կնոջ և որդու հետ տուն վերադառնալիս, չի նկատում զառիթափը, և նրանք՝ ընտանյոք հանդերձ, հինգ մետր բարձրությունից գահավիժում են ավտոմեքենայով։ Բարեբախտաբար, բոլորը ողջ են մնում, բայց Պուչինին ուղեղի ցնցում է ստանում, և նրա բազմաչարչար սրունքոսկրը կոտրվում է։ Երկարատև բուժումից հետո նրա տանը մեծ սկանդալ է պայթում։ Կոմպոզիտորի կինը՝ Էմիլիան, խանդից կուրացած հարձակվում է տնային ծառայողի վրա՝ մեղադրելով նրան իր ամուսնու հետ սիրային կապի համար։ Եվ… աղջիկն ինքնասպանություն է գործում։ Իրո՞ք, Պուչինին և նա սիրային կապ են ունեցել՝ հայտնի չէ։ Աղջկա հարազատները դատի են տալիս Պուչինիին, դատարանի վճռով վերջինս ինչ-որ գումար է վճարում նրանց, իսկ թե խեղճ աղջկա մահվան պատճառ դարձած Պուչինի ամուսիններն այս ողբերգությունից հետո գիշերները հանգի՞ստ են քնում, թե՝ երբեմն-երբեմն հառաչում են, դրա մասին պատմությունը «համեստորեն» լռում է։

Տոսկանյան սիգարների և ծխախոտի մոլի երկրպագու կոմպոզիտորը սկսում է բողոքել կոկորդի ցավից։ Որդին թաքցնում է ծնողներից, որ Պուչինիի կոկորդի ցավի պատճառը քաղցկեղն է։

Վախճանվում է Բրյուսելում, նոյեմբերի 29-ին, և «Տուրանդոտ» օպերայի վերջին գործողությունն անավարտ է մնում։

Արժե՞ այսպիսի տխուր վերջակետ դնել, եթե ինքը՝ Ջակոմո Պուչինին, կենսասեր և ուրախ մարդ էր։ Ավելին՝ շատ սրամիտ։

Մի անգամ թատրոնում Պուչինին ասում է ընկերոջը.

-Գլխավոր մեներգիչն անասելի վատ է երգում, այսպիսի ահավոր կատարում երբևէ չէի լսել։

– Դե էլ ինչու՞ ենք նստել, գուցե գնա՞նք,- առաջարկում է ընկերը։

-Ոչ մի դեպքում։ Գիտեմ, թե ինչպես  ավարտվում այս օպերան։ Հերոսուհին սպանելու է նրան, ու ես պետք է վայելեմ այդ երջանիկ պահը,- ասել է Պուչինին։

ilur.am