«Ծանր ոճիր է գիրք չկարդալը՝ մարդը վճարում է իր ողջ կյանքով, իսկ ազգն իր պատմությամբ». Զրույցներ ակնհայտի մասին
Advertisement 1000 x 90

«Ծանր ոճիր է գիրք չկարդալը՝ մարդը վճարում է իր ողջ կյանքով, իսկ ազգն իր պատմությամբ». Զրույցներ ակնհայտի մասին

Վարդ Սիմոնյանի հրապարակումը. Ճշգրտել գոյության ժամանակը, խուսափել կրկնաբանությունից ու բանդագուշանքից

Բանաստեղծությունը, Ախմատովայի խոսքով, աճում է աղբից. առավել ազնվական չեն պրոզայի արմատները: Եթե արվեստն ինչ-որ բան սովորեցնում է առհասարակ (իսկ ավեստագետին՝ առաջին հերթին), ապա դա հենց մարդկային անհատի գոյության մասնավոր լինելն է: Այն՝ լինելով մասնավոր ձեռներեցության ամենահին – և ամենատառացի – ձևը, կամա թե ակամա, խթանում է մարդու մեջ հենց այդ զգացողությունը՝ սեփական ինքնատիպության, եզակիության, բացառիկության՝ հասարակական կենդանուց վերածելով նրան անհատի: Շատ բան կարելի է կիսել. հաց, կացարան, համոզմունքներ, սիրուհի, բայց ոչ, ասենք՝ Ռայներ Մարիա Ռիլկեի բանաստեղծությունը:

Զրոների մեջ՝ կետ-կետ-ստորակետ

Արվեստի գործը, հատկապես՝ գրականությունը, և բանաստեղծությունը՝ մասնավորապես, մարդու հետ շփվում է տետ-ա-տետ, նրա հետ մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ, առանց միջնորդների: Հենց այդ պատճառով է, որ անքան էլ չեն սիրում արվեստն ընդհանրապես, գրականությունը՝ հատկապես, և բանաստեղծությունը՝ մասնավորապես – համընդհանուր բարօրության նախանձախնդիրները, ամբոխների կառավարիչները, պատմական անհրաժեշտության մունետիկները: Քանզի այնտեղ, որտեղով անցել է արվեստը, ակնկալվող միահամուռ համաձայնության փոխարեն՝ նրանք գտնում են անտարբեր բազմաձայնություն, գործելու վճռականության փոխարեն՝ անփույթ նողկանք: Այլ բառերով՝ այն զրոների մեջ, հանուն որոնց հավակնում են գործել ամբոխների կառավարիչները, արվեստը ներագրում է «կետ-կետ-ստորակետ – հանման նշան» – յուրաքանչյուր զրոն դարձնելով գուցե ոչ այնքան համակրելի, բայցևայնպես՝ մարդկային սֆաթ:

Գրականության արժանիքներից մեկը հենց նրանում է կայանում, որ այն օգնում է մարդուն ճշգրտել իր գոյության ժամանակը, տարբերել իրեն՝ ինչպես նախորդների, այնպես էլ՝ իր նմանների ամբոխի մեջ, խուսափել տավտոլոգիայից, այսինքն՝ այն ճակատագրից, որն այլ կերպ հայտնի է «պատմության զոհեր» պատվավոր անվանումով:

Ամենագլխավորի՝ լեզվի մասին

Այսօր չափազանց տարածված է պնդումը, թե գրողը, հատկապես՝ բանաստեղծը, պիտի իր ստեղծագործություններում օգտվի փողոցի լեզվից, ամբոխի լեզվից: Իր ողջ թվացյալ ժողովրդավարությամբ և գրողի համար տեսանելի շահավետությամբ հանդերձ՝ այդ պնդումը հիմարություն է և իրենից ներկայացնում է փորձ՝ արվեստը, տվյալ դեպքում՝ գրականությունը, ենթարկելու պատմությանը: Եթե մենք որոշել ենք, որ «սապիենսը» պիտի դադարեցնի իր զարգացումը, այդ դեպքում միայն գրականությունը պիտի խոսի ժողովրդի լեզվով: Հակառակ դեպքում՝ ժողովուրդը պիտի խոսի գրականության լեզվով: Յուրաքանչյուր նոր էսթետիկական իրողություն մարդու համար ճշգրտում է նրա էթիկական իրողությունը: Քանզի էսթետիկան մայրն է էթիկայի. «լավ» և «վատ» հասկացությունները նախևառաջ՝ էսթետիկական հասկացություններ են՝ «բարու» և «չարի» կատեգորիաները նախանշող: Էթիկայում «ամեն ինչ թույլատրելի» չէ այն պատճառով, որ հենց էսթետիկայում «ամեն ինչ թույլատրելի» չէ, որովհետև գունապնակում գույների քանակը սահմանափակ է: Շատ բան չհասկացող նորածինը, որն անծանոթից երես է թեքում լաց լինելով կամ, հակառակը՝ ձգվում է դեպի նա, նրանից երես թեքելիս կամ դեպի նա ձգվելիս՝ բնազդաբար կատարում է գեղագիտական ընտրություն, ոչ թե՝ բարոյական:

Չարը՝ հատկապես քաղաքական, ոճապես միշտ կաղում է

Էսթետիկական ընտրությունը միշտ է անհատական, և էսթետիկական ապրումը միշտ է մասնավոր ապրում: Ամեն մի նոր էսթետիկական իրողություն այն ապրող մարդուն դարձնում է էլ ավելի մասնավոր անհատ, և այդ մասնավորությունը, որ երբեմն ձևավորվում է՝ որպես գրական (կամ որևէ այլ) ճաշակ, արդեն իսկ ինքնին կարող է հանդիսանալ եթե ոչ՝ երաշխիք, ապա գոնե՝ պաշտպանության եղանակ՝ ճորտացումից: Քանզի ճաշակի, մասնավորապես՝ գրական ճաշակի տեր մարդը նվազ ենթակա է քաղաքական դեմագոգիայի բոլոր դրսևորումներին հատուկ կրկնություններին ու վանկարկվող բանդագուշանքներին: Բանն այնքան նրանում չէ, որ առաքինությունն ինքնին չի հանդիսանում գլուխգործոց ստեղծելու երաշխիք, այլ նրանում, որ չարը՝ հատկապես քաղաքական, ոճապես միշտ կաղում է: Որքան ավելի հարուստ է անհատի գեղագիտական փորձը, այնքան ավելի կայուն է նրա ճաշակը, այնքան ավելի հստակ է նրա բարոյական ընտրությունը, այնքան ավելի ազատ – թեև հնարավոր է՝ ոչ ավելի երջանիկ – է նա:

Սակայն…

Սակայն, անկախ այն պատկերացումներից, որոնցից ելնելով նա գրիչ է վերցնում, և անկախ այն տպավորությունից, որ նրա գրչի տակից դուրս եկածը թողնում է նրա – էական չէ՝ մե՞ծ, թե՞ փոքր – լսարանի վրա, այդ ձեռնարկի անհապաղ հետևանքը հանդիսանում է լեզվի հետ ուղիղ կապի մեջ մտնելու զգացողությունը, ավելի ճշգրիտ՝ անհապաղ կախման մեջ ընկնելու զգացողությունն այդ Բանից, այն ամենից, ինչ այդ լեզվով արտահայտվել է, գրվել է, արարվել է:

Կախվածությունն այդ բացարձակ է, բռնատիրական, բայց այն նաև ազատագրում է: Քանզի լինելով միշտ ավելի տարեց, քան գրողը, լեզուն նաև օժտված է հզորագույն կենտրոնախույս էներգիայով, որը նրան հաղորդվում է իր ժամանակային պոտենցիալի, այն է՝ առջևում ընկած ամբողջ ժամանակի կողմից: Եվ այդ պոտենցիալը չափվում է ոչ այնքան տվյալ լեզվով խոսող ազգի քանակական բաղադրությամբ – թեև՝ դրանով ևս, – որքան նրանով գրվող բանաստեղծության որակով:

Իոսիֆ Բրոդսկի

Նոբելյան բանախոսություն (հատվածներ)

Թարգմանություն՝ ըստ Վահագն Աթաբեկյանի

Հ.Գ.Այսօր մեր հարթակում գրականությունն է՝ Arpi VoskanyanԳևորգ ԳիլանցNarine Kroyan, իսկ գրական հաջորդ եռյակը՝ վաղը:

Կարող եք նաև կարդալ` tert.am