«Սա մեր պատասխանն է այն մարդկանց, ովքեր ասում են` Հայաստանում հնարավոր չէ բիզնես սկսել: Սա մեր պատասխանն է վատատեսներին, բողոքողներին, տրտնջացողներին և անիմաստ խոսողներին: Սա մեր պատասխանն է այն մարդկանց, ովքեր քմծիծաղով են վերաբերվում «Հայաստանը բիզնեսի երկիր է» արտահայտությանը»,- ասում է «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը:
Նա Հայաստանում բիզնես խորհրդատվության և ուսուցման առաջատար մասնագետներից է, տարբեր ոլորտներում 4 հաջողված բիզնեսի հիմնադիր: 1990 թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ MBA կոչումով: 1994 թ. հիմնել է Հայաստանում առաջին խորհրդատվական-թրեյնինգային ընկերությունը՝ «ԲիԷսՍի» բիզնեսի աջակցման կենտրոնը: 2012 թ. դարձել է Հայաստանի կառավարման խորհրդատվության ինստիտուտի հիմնադիր անդամ և առաջին նախագահ: Սամվելն իրականացրել է 200-ից ավելի խորհրդատվական-հետազոտական նախագիծ, անցկացրել ավելի քան 500 թրեյնինգ կառավարման, վաճառքների, մարքեթինգի, ռազմավարության, անձնակազմի ղեկավարման ոլորտներում: Աշխատել է Հայաստանում, Նիդեռլանդներում, Վրաստանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Իտալիայում:
017 թ. նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը: Դեռ գիրքը չսկսած՝ այդ վերջնաժամկետն էր նախատեսել հեղինակը: Շուրջ 15 ամսվա քրտնաջան աշխատանք, անգամ օդանավակայանների սպասասրահներում և մեքենայի մեջ, անքուն գիշերներ. պետք էր անել ամեն ինչ նախատեսված վերջնաժամկետը չխախտելու համար: Չէ որ ժամանակի ճիշտ կառավարումը նույնպես բիզնես մտածողության կարևոր մասն ու բիզնեսի հաջողության գրավականն է:
Ինքնակազմակերպվելու ժամանակն է, ստեղծագործ լինելու ժամանակն է, նորարար դառնալու ժամանակն է, հաջողակ լինելու ժամանակն է, առաջնորդ դառնալու ժամանակն է, գործելու ժամանակն է, Հայաստանում բիզնես սկսելու ժամանակն է: Այս մոտիվացիոն խոսքերը գրելուց հետո հեղինակն ընթերցողին առաջարկում է, որ եթե համաձայն է վերոնշյալի հետ, ապա իրենք կկնքեն պայմանագիր, ըստ որի՝ ընթերցողը պետք է իրագործի այն, ինչ կարդալու է: Գրքի վերջում դրված է հեղինակի ստորագրությունը, իսկ կողքին տեղ է թողնված ընթերցողի ստորագրության համար: «Եթե համաձայն ես, ստորագրիր, եթե ոչ, գիրքը նվիրիր ընկերոջդ»,- առաջարկում է հեղինակը, որի հետ պայմանագիրը, իհարկե, իրավական ուժ չունի, սակայն հոգեբանական առումով ազդեցիկ է: Դա են վկայում բազմաթիվ ընթերցողների արձագանքները, որոնք, ստորագրելով իրենց հատվածը, լուսանկարել են այն և ուղարկել գրքի հեղինակին:
Ամբողջությամբ՝ Ankakh.com