Ծնողական սերը այն հիմքն է, որի վրա կառուցվում է երեխայի ապագան: Այն երեխաներին տալիս է պաշտպանվածության զգացողություն, ինքնավստահություն, ուժ դիմակայելու կյանքի դժվարություններին:
Այն մարդիկ, ովքեր չեն զգացել ծնողական սեր, իրենք էլ սառը ու անտարբեր ծնող են դառնում, և դա փոխանցվում է սերնդից սերունդ: Եթե երեխան փոքր ժամանակ սիրված է, նա ընդունակ կլինի սիրել ոչ միայն իր ծնողներին և երեխաներին, այլև զուգընկերոջը, այլ մարդկանց, հայրենիքը և աշխատանքը:
Ծնողական սերը հիմնված է գիտակցական ինքնազոհության և նվիրման վրա: Այն ամենաանկեղծն է սիրո բոլոր դրսևորումների մեջ, հատկապես մայրական սերը համարվում է ամենասրբազանը բոլոր զգացմունքային կապերից:
Սերը երեխայի հանդեպ սկսվում է դեռ երեխայի լույս աշխարհ գալուց առաջ և շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Շատ հոգեբաններ երեխաների ինքնամփոփության, ինքնաօտարվածության և անգամ աուտիզմի պատճառը համարում են հղիության ընթացքում մոր կողմից երեխայի անտեսվածությունը: Մոր զգացմունքները երեխային են փոխանցվում հղիության ամենասկզբից: Սակայն միայն մոր վերաբերմունքը չէ, որ զգում է երեխան: Նա նաև ընտանիքի մյուս անդամների վերաբերմունքն էլ է զգում, քանի որ հղիության վերջին ամիսներին երեխաները արդեն կարողանում են լսել և տեսնել:
Գիտությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մայրը ցանկացել է ընդհատել հղիությունը, սակայն չի իրականացրել: Հետագայում երեխան, չնայած շրջապատված լինելով մեծ սիրով և հոգատարությամբ, իրեն անհիմն դժբախտ ու օտարված է զգացել:
Կամ երեխան ողջ կյանքում թշնամական վերաբերմունք է տածել հոր հանդեպ՝ առանց հասկանալու, թե ինչու: Հոգեթերապիայի շնորհիվ պարզ է դարձել, որ հայրը չի ցանկացել երեխայի ծնունդը:
Մոր տրամադրության փոփոխությունը զգում է նաև նորածինը: Նա իր կյանքի առաջին իսկ պահերից մոր մոտ է իր պաշտպանությունը գտնում: Երեխայի համար կյանքի առաջին տարիներին կարևոր է մայրական սերը: Միայն այդ սերը կարող է երաշխավորել երեխային, որ ինքը չի մնա մենակ առանց սննդի, անպաշտպան և առանց հոգատար վերաբերմունքի: Նա մոր կողմից մշտական օգնության կարիք է զգում:
Նորածնի նկատմամբ մոր խնամքը անհրաժեշտ է ոչ միայն երեխայի առողջությունը և բիոլոգիական, այլ նաև հոգեբանական աճն ապահովելու համար: Երեխային միայն հագցնելը, կերակրելը ու վտանգներից պաշտպանելը քիչ է: Նրա համար կարևոր է մոր գրկում լինելը, նրա ձայնը լսելը ու նրա հոգատար վերաբերմունքին արժանանալը :
Ժամանակի ընթացքում երեխան հմտություններ է ձևավորում ինքնուրույն դառնալու համար, և չի կարելի մեծացող երեխային վերաբերվել նույն կերպ, ինչպես նոր ծնվածին: Իսկական սիրող մայրը երեխային օգնում է դառնալ ինքնուրույն:
Պետք է նշել, որ կա տարբերություն սիրո դրսևորման հայրական և մայրական ձևերի միջև: Հարկավոր է տարբերել մայրական սերը հայրականից:
Մայրական սերը ամեն ինչ ներող է ու առանց պայմանականությունների է: Մայրական սերը կարծես ասում է՝ ես քեզ սիրում եմ միայն նրա համար որ դու կաս, ապրում ես: Պետք չի ոչինչ անել սիրված լինելու համար: Մայրական սերը սովորեցնում է սիրել կյանքը:
Հայրական սերը դա պայմանական սերն է: Հայրական սիրուն պետք է արժանանալ, այն կարելի է կորցնել, եթե չանել այն ինչ իրենից սպասում են: Հայրական սերը կարծես ասում է. ես սիրում եմ քեզ քանի որ դու բավարարում ես իմ սպասելիքները, քանի որ կատարում ես քո պարտականությունները: Հայրական սերը սովորեցնում է երեխային կարգ ու կանոն, դիսցիպլինա:
Սիրո բալանսը պահպանվում է, երբ մայրը մայրական սիրով է սիրում, իսկ հայրը հայրական: Բալանսը խախտվում է, երբ երկու ծնողներն էլ սիրում են միևնուն ձևով` միայն մայրական կամ միայն հայրական սիրով:
Երբ ծնողները մայրական սիրով են սիրում իրենց երեխային, այդ դեպքում նա չի հետևում կանոններին, չի ընդունում պայմանականություններ, չի պահպանում նորմեր և շարժվում է իր քմահաճույքներով:
Երբ երկուսն էլ հայրական սիրով են սիրում իրենց երեխային, ապա նման երեխաների ինքնավերահսկողությունը շատ բարձր է լինում, իրենք իրենց նկատմամբ խիստ պահանջներ են դնում, խիստ կանոնակարգված են գործում:
Որոշ ծնողների մոտ ընդունված է մի կարծիք, որ խիստ վերաբերմունքն է երեխաներին լավ մարդ դարձնում:
Ծնողները ձգտելով լավ երեխա դաստիրակաել` պահանջում են զուսպ, հասկացող ու ենթարկվող պահվածք: Սա չափազանցված հայրական վերաբերմունք է: Երբ երկու ծնողների կողմից երեխան մշտապես հանդիպում է քննադատության, սառը և պահանջկոտ վերաբերմունքի, մեծանալով մշտապես իրենից ու իր հաջողություններից գոհ չի լինում, նա զգայուն է դառնում քննադատության հանդեպ, երբեմն ինքն էլ է մյուսների (ինչպես նաև ծնողների) հանդեպ սառը և պահանջկոտ դառնում կամ շատ ենթարկվող է դառնում:
Այն մարդկանց, ում մշտապես նկատողություն են արել ու պահանջել դրսևորել վայել պահվածք, նրանք կամ վատ են իրենց պահում կամ պատրաստ են լինում ամեն ինչի, որ քիչ թե շատ դրական գնահատականի արժանան:
Շարունակելի…