Փետրվարի 19-ը, որը հանրապետությունում հռչակվել է Գիրք նվիրելու օր, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հաջորդ տարին հոբելյանական է՝ կնշվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն արդեն իսկ այդ իրադարձության շրջանակում աշխատանքներ է իրականացնում: Հրատարակվում են թումանյանագիտական ուշագրավ աշխատություններ:
ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտիտնօրեն, բանասիրականգիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը նշեց, որ հոբելյանական հանդիսությունների շրջանակում նոր հրատարակությունների մեկնարկը տրվել էր դեռևս անցյալ տարի` բ.գ.դ. Ավիկ Իսահակյանի «Վերնատան զավակները» գրքով: Անցյալ տարվա վերջին նաև տպագրվել և այս տարի ընթերցողների սեղանին է դրվել ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Եվա Մնացականյանի «Բանավեճերը գրական հայերենի շուրջ և Հովհաննես Թումանյանը» (360 էջ) ուսումնասիրությունը:
«Թումանյանի ծննդյան 150-ամյակով պայմանավորված, ինստիտուտի աշխատանքների շրջանակում ավելի մեծ տեղ ենք հատկացրել բանաստեղծին վերաբերող ուսումնասիրություններին: Դրանց մի մասը գալիս է ընդհանուր ծրագրերից, իսկ մի շարք գործեր նախատեսել և իրականացնում ենք հոբելյանի շրջանակում»,-ընդգծեց Վ.Դևրիկյանը: Ինստիտուտում գործող թումանյանագիտության խումբը վերջին տարիներին իրականացնում է նաև «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն» քառահատոր հրատարակությունը: Արդեն լույս են տեսել առաջին երկու հատորները: Դրանցից յուրաքանչյուրը 800 էջից ավելի է:
Ավարտվել են նաև երրորդ հատորի կազմման աշխատաքները: Գիրքը տրվել է էջադրման ու լույս կտեսնի հունիսին: Այն ընդգրկում է Թումանյանի կյանքի և ստեղծագործական գործունեության 1915-1919 թվականները: «Այստեղ լուսաբանվում է նաև բանաստեղծի գործունեությունը Առաջին Հանրապետության տարիներին»,- ասաց ինստիտուտի տնօրենը:
Վերջինիս գնահատմամբ, մինչև այսօր չի կազմվել որևէ հայ գրողի կամ ընդհանրապես որևէ հայ գործչի նման ծավալուն, մանրակրկիտ տարեգրություն. «Բացվում է Թումանյանի կյանքի վերջին երկու տասնամյակի ամեն տարվա ոչ միայն ամեն ամիսը, այլև գրեթե յուրաքանչյուր օրը, իսկ բազմաթիվ դեպքերում` մեկ օրը ներկայացված է մի քանի փաստերով: Այս տարեգրությունը միայն բանաստեղծի կյանքի հայելին չէ: Սա աննախադեպ ձեռնարկ է նաև այն հանգամանքով, որ Թումանյանի գրական ժառանգությունը ներկայացվում և ստուգաբանվում է նրա ազգային-հասարակական գործունեության համապատկերում»,- նկատում է Դևրիկյանը:
Այժմ տպագրվում է և մարտին լույս կտեսնի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհաննես Թումանյանը Առաջին աշխարհամարտի տարիներին» ռուսերեն ծավալուն մենագրությունը: Այստեղ հանգամանալից վերլուծությամբ, բազմաթիվ արխիվային վավերագրերի հրապարակմամբ ներկայացված է այդ տարիներին Թումանյանի կատարած անգնահատելի աշխատանքը Արևմտյան Հայաստանում և Կովկասյան ռազմաճակատում: «Դուստրերի հետ նվիրյալ գործունեությունը Էջմիածնում: Որդու՝ Արտավազդի զոհվելու հանգամանքները և, վերջապես, Թիֆլիսում հայ-վրացական հարաբերությունների հետ կապված գործունեությունը` Ռուսական կայսրության փլուզման խառնակ շրջանում»,- մանրամասնեց Վ. Դևրիկյանը:
Սուսաննա Հովհաննիսյանը բացի սա, ծավալուն հրատարակության է պատրաստել «Թումանյանը և դաշնակցության գործը» ուսումնասիրությունը: Թումանյանական հրատարակությունների մեջ ինստիտուտի տնօրենը առանցքային աշխատանք է համարում հատկապես բանաստեղծի Երկերի լիակատար ժողովածուի տասնհատորյակի վերախմբագրված և լրացված վերահրատարակությունը, որն իրականացվում է Թումանյանի թանգարանի հետ համատեղ:
Մանրամասները` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի վաղվա համարում
Լիանա Սարգսյան