Հարվարդի Ջոն Ա․ Պոլսոնի անվան ինժեներական ու կիրառական գիտությունների դպրոցի հետազոտողները մշակել են արհեստական աչք, որը կարելի է կառավարել համակարգչային ծրագրի օգնությամբ։ Տիտանի օքսիդի հիման վրա ստեղծված լինզան կարող է արագ փոխել ֆոկուսն ու ճանաչել գույներն ու ձևերը մարդկային օրգանից ոչ վատ, ընդ որում նանոտեխնոլոգիաները թույլ են տալիս հաղորդել տեղեկությունների հսկայական ծավալ կարճ ժամանակում։
Մշակողները խոստովանում են, որ մարդկային աչքի մեջ նորույթի ներդրման ու կիբորգների ստեղծման մասին խոսք դեռ չկա։ Բայց զումի ու ավտոֆոկուսի նոր հնարավորությունները կարող են հեղաշրջել օպտիկական սարքերի, այդ թվում բջջային հեռախոսների, խելացի ակնոցի, նաև վիրտուալ ու համալրված իրականության սարքավորումների շուկան ։ Բանն այն է, որ բոլոր ժամանակակից օպտիկական համակարգերը՝ տեսախցիկներից սկսած մինչև մանրադիտակներ ու հեռադիտակներ, պատկերը փոխանցելիս միշտ ունենում են փոքր շեղումներ ու սխալմունք, իսկ ադապտիվ օպտիկական տարրերը այդ թերությունից զուրկ են։
«Նանոկառուցվածքները շատ փոքր են, ու յուրաքանչյուր լինզայում տեղեկությունների խտությունը անհավանական բարձր է»,- հավելել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ֆեդերիկո Կապասսոն։ Այդ խնդիրը լուծելու համար հետազոտողները մշակել են ֆայլի չափերի կրճատման նոր ալգորիթմ։ Նրանց խոսքով՝ տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ ձևով փոխանցել տվյալների տերաբայթեր սեղմ վիճակում։
Նախագծի ևս մեկ նորարություն է արհեստական մկանը, որը լայնացնում կամ սեղմում է լինզան ու թույլ է տալիս ապահովել լույսի արագ ու հստակ ֆոկուսը։ Մարդու աչքի մեջ այդ գործառույթը կատարում է ցիլիարային մկանը։