2013 թ. «Կոմերսանտի» լրագրող Օլգա Ցիպենյուկը հանդիպել է ռուսաստանցի գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի հետ, ով պատմել է իր մասին:
Արմատների մասին
Մանկությունից շատ քիչ բան եմ հիշում՝ դրվագներ: Ես սպասված երեխա եմ եղել, այդ պատճառով՝ շատ սիրված: Դա շատ լավ եմ հիշում. շուրջս հոգատարություն, ջերմություն…
Հայրս՝ ճարտարապետ է, ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում: Այստեղ էլ ծանոթացել է մորս հետ: Նա հորիցս 10 տարով փոքր է, այդ ժամանակ սովորել է քիմտեխում: Երբ հայրս իմացել է, որ նրա մեջ իշխանական արյուն է հոսում, թե՛ վրացական, թե՛ հայկական, ուզել է ստուգել, և ասել է, որ քարտաշ է: Բայց մայրս սիրել է նրան: Գաղտնի են ամուսնացել: Ամուսնանալուց հետո վերադարձել են Հայաստան: Բնավորությամբ հայրս չափազանց սկզբունքային էր, և անկախ մոսկովյան գրանցումից, բնակարանից, նա գտել է, որ ճիշտը վերադառնալն է: Նա երբեմն շատ կտրուկ էր, երևի, եթե այդպիսին չլիներ, հիմա ավելի շատ բաների հասած կլինեի: Այնուամենայնիվ, մենք շատ կապված էինք նրա հետ: Ժամերով մեզ հետ էր անցկացնում, շփվում էր հավասարը հավասարի պես:
Պապս էլ է չափազանց սկզբունքային եղել: Մասնագիտությամբ պատմաբան է եղել: Մի անգամ Հայաստանի Կոմկուսի ղեկավարին ասել է, որ նրա ձեռքերը մինչև արմունկները արյան մեջ են թաթախված… Պապիս աքսորել են Սիբիր, իսկ հորս հեռացրել ասպիրանտուրայից, կարճ ասած՝ բարդ պատմություն է… Հետո իմացա, որ պապս պրոֆեսոր է եղել, շատ գրքերի հեղինակ: Նա քրոջ հետ փրկվել է ցեղասպանությունից: Քույրը շատ շուտ է ամուսնացել: 11 երեխա է ունեցել: Իսկ պապս, հայտնվելով ամերիկյան որբանոցում, անգամ ազգանունը չի իմացել: Հարցրել են պապիդ անունն ի՞նչ է եղել, ասել է՝ Վարդան, այդպես մենք հիմա Վարդանյան ենք, չնայած, հետո եմ պարզել, որ նրա իսկական ազգանունը եղել է Քեշիշ-Բալյան:
Մեր տոհմը հարուստ է եղել ստեղծագործ մարդկանցով՝ բանաստեղծներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ, դերասաններ… միայն ես եմ զուրկ այդ ամենից, դրա համար էլ գնացել եմ և մարդկանց կառավարելու արվեստն եմ սովորել (ծիծաղում է):
Մանկության մասին
Իմ մանկությունը անցել է Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի միջև: Հուշերիս մեջ՝ թեթև ժամանակներ էին… Մյուս կողմից, բարդ օրեր էլ են եղել… Ասացի, որ հայրս շատ սկզբունքային էր: Նա դասախոսում էր, նրա շրջապատում կային մարդիկ, ովքեր մեղմ ասած, այնպես չէին ապրում, ինչպես մենք: Հայրս անկաշառ էր: Դա բացառված էր նրա մոտ: Իսկ մեզ անընդհատ ինչ-որ բան չէր հերիքում: Բարեկամներն էին օգնում, ես էլ՝ նրանց տված փողը հավաքում էի, հետո գաղտնի փոխանցում հորս… Մի անգամ 9-րդ դասարանում, վիճեցի հետը, ասացի, որ երբ մեծանամ կաշառք եմ վերցնելու, որ իր նման չլինեմ… այո, հեշտ չէր, պատանեկան բարդույթներ էին: Այնուամենայնիվ, մանկությունից մեծ սիրո և ազատ լինելու հուշերն ավելի շատ են:
Ուսման մասին
Դպրոցում էլ, ինձ շատ էին սիրում: Կոմերիտմիության քարտուղար եմ եղել, ֆուտբոլի և բասկետբոլի հավաքականներում եմ խաղացել, ՈւՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ): Ոսկե մեդալով եմ դպրոցը ավարտել: Տանն էլ գլուխ էի գովում, ասելով, թե ծնողներիս օգնել եմ փող խնայել: Դե, 80-ականներին, երբ կաշառակերությունը շատ էր, ոսկե մեդալն իր գինը ուներ՝ 3000 ռուբլի. առաջին 1000-ը՝ տնօրենին, երկրորդը՝ շրջկոմ, իսկ երրորդը՝ մինիստրություն…
Երազում էի МГУ-ի մասին: Մերոնք չէին ուզում, բայց մայրիկիս մոսկվաբնակ ընկերուհին կարողացավ համոզել: Ընդունվեցի, չնայած մեկ տարի անց գնացի բանակ: Այն էլ՝ Ադրբեջան: Հայերի հանդեպ արդեն լարումը կար: Մի հայ ենթասպա մոտեցավ և հարցրեց, ուզո՞ւմ ես Հայաստանում ծառայել, ասացի՝ այո, ասաց՝ 300 ռուբլի: 50-ով պայմանավորվեցինք, բայց գրպանումս ընդամենը 27 ռուբլի էր: Ծառայակից ընկերներս օգնեցին: Երբեք չեմ մոռանա նրանց հավաքած 23 ռուբլին… Ասում են, թե անշահախնդիր մարդ չկա՝ միշտ հակադարձում եմ: Ինքս եմ տեսել:
Իմ բախտը բերել է դաստիարակների հարցում: Ես համարում եմ, որ դա իմ հաջողության հիմնաքարն է: Դաստիարակներս միայն հայրս, մայրս, դպրոցի ուսուցիչները չեն եղել: Նրանց թվում շատ հայտնի մարդիկ էլ են եղել, օրինակ՝ Եվգենի Պրիմակովը, Լի Կուան Յուն, Ռոն Ֆրիմանը: Լավ դաստիարակը նա չէ, ով սովորեցնում է, որ երկու անգամ երկու՝ չորս է, այլ նա, ով սովորեցնում է քեզ սովորել: Դաստիարակը կարող է քեզ ստիպել 10 անգամ վեր ու վար անել աստիճաններով: Դրա պտուղը միայն 20 տարի անց կտեսնես:
Հավատքի մասին
Ես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր խորհրդի անդամ եմ: Շատ ժամանակ եմ տրամադրում պատմամշակութային հուշարձանների վերականգմանը: Չեմ ասի, որ մշտապես եկեղեցի եմ այցելում, բայց անկեղծ հավատում եմ Աստծուն, հավատում եմ ֆունդամենտալ արժեքների զորությանը:
Վախի մասին
Ամենից շատ վախենում եմ ինքնահարգանքի կորստից: Դա ինձ համար լուրջ վախ է: Դրա համար հաճախ անում եմ ավելին, քան անհրաժեշտ էր…
Իր մասին
Շատ հարմարվող եմ: Շատ կապեր ունեմ: Ես սիրում եմ ապրել, ճանաչել: Համառ եմ:
Ամբողջությամբ՝ kommersant.ru
25.11.2013
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը