Վրեժ Իսրայելյան. Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է
Advertisement 1000 x 90

Վրեժ Իսրայելյան. Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է

Վրեժ Իսրայելյան. Քայլ

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ: Նաև՝ հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի հետևում՝ մշուշ:

Այս երկրի սահմանները գծվում են արյամբ, ամրանում՝ քրտինքով: Միջազգային գեղեցիկ և հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում:

Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է:

Ինչ պիտի լիներ եղավ: Տաք էինք՝ մնացինք տաք: Ցանեցինք բառեր, հնձեցինք’ բառեր: Մեր հանճարը ծախսեցինք ողբերգականությունից հերոսականություն քամելու անպտուղ գործի վրա: Ցավի ու արցունքի հնչյուններից աշխարհի ծանրացած ունկերի համար խղճահարույց մեղեդիներ հյուսեցինք: Աշխարհը ոչ լաց եղավ, ոչ էլ ծիծաղեց, պարզապես չհասկացավ: Ինչ ասես, որ չարեցինք, մինչև 20-րդ դարավերջ հասանք: Սկսվեց այն, ինչը վաղուց պետք է ավարտված լիներ’ ազգային ազատագրական շարժումը:

Յուրացրինք մեր ցավը, հասկացանք նաև, որ այն մեղմելու մի միջոց կա միայն, ժողովրդի ցավից մենք քամեցինք ազնվական թուրմը, որով օծեցինք մեր զավակներին: Եվ նրանք լուռ, վեհանձն մտան ժողովրդի ոգու զինանոցը ու այնտեղից դուրս եկան զինավառ, որձ ու հաստատակամ:

1988 թվականը մեր ազգային ինքնաճանաչման, վերա կենդանացման տարին է:

Հայաստանը փոթորկվեց: Սումգաիթի ու Բաքվի ջարդերը, որ մտահղացվել էին շարժումը սանձելու համար, նոր լիցք հաղորդեցին նրան: Մահով մեզ վախեցնելու փորձը ձախողվեց: Այն ընդունեցինք որպես համախմբության կոչ: Շարժումը միտինգից տեղափոխվեց սահման: Ժողովուրդն իր կամքն ու վճռականությունը հայտնեց: Կար զինվորը՝ ծնվեց առաջնորդը: Կար առաջնորդը՝ ծնվեց զինվորը: Այդ ծնունդը կայացավ ճիշտ ժամանակին:

Զինվեցինք ինչով կարողացանք և ինչպես կարողացանք: Գնացինք հայի մեր տեսակը հաստատելու:

Որսորդական հրացանով ելանք տանկի դեմ: Ինքնաթիռների վրա քար շպրտեցինք: Թշնամուն կուրացրեցինք իր իսկ արյան շիթերով: Հումորով կռվեցինք, լուրջ կռվեցինք: Որտեղ կարելի էր նաև չզոհվել՝ զոհվեցինք: Որտեղ անհնար էր ապրել՝ ապրեցինք և սերմացուի պես մեկիկ-մեկիկ ընկանք հայրենի հերկերի մեջ:

Այս պատերազմը մեզնից շատ բան խլեց՝ փոխարենը տվեց արժանապատիվ հայրենիք, տվեց իր ազգային պատկանելությամբ հպարտ հայի մի տեսակ, որը մեր հաղթանակի պտուղն էր՝ ինքնավստահ, հավատավոր, վճռական ու լիարժեք:

Թե ինչ առասպելներ և հեքիաթներ հորինեց իր աշխարհը դրախտավայր հռչակած այս ժողովրդի երևակայությունը՝ Աստված գիտեր և մեկ էլ ինքը: Հպարտ էր և արժանապատիվ, ուժեղ էր և մարտնչող: Այնքան հպարտ էր և այնքան արժանապատիվ, այնքան ուժեղ էր և այնքան մարտնչող, որ իր շնորհը բեռ կարծեց և շտապեց ձերբազատվել դրանից: Աշխարհացունց էպոս հորինեց՝ իր ունեցած չունեցածը դրեց այդ էպոսի մեջ, անպարտելի Սասունցի Դավիթ երկնեց՝ իր ուժ ավյունն ու միամտությունը պարտակեց նրա մեջ, ինքը պահ մտավ էպոսի թիկունքում ու դար ժամանակների հպանցիկ ճեղքերից անվրդով դիտեց իր միայնակ հերոսի և թշնամու բանակի անհավասար մենամարտը՝ իր խենթ հերոսի միամտության և դիվանագետ թշնամու խորամանկության ճակատամարտը:

Անհատի և պետության մենամարտից ոչ մի երևակայություն այլ ելք չէր կարող կորզել: 20-րդ դար հասան՝ թշնամին իր պետություն բանակով, հայ ժողովուրդը՝ իր «Սասունցի Դավիթ» էպոսով:

Ժողովրդի բանակ ունենալու երազանքը մնաց իր էպոսի մեջ: Ժողովրդի հանճարեղ ինքնախաբեությունից և մեր էպոսի ցնորական կատարելությունից խռոված Փոքր Մհերը գնաց ու փակվեց ժայռերի մեջ: Ընդամենր սա էր մեր պատմությունը: Պատմության կողերը կրծելով այլ ճշմարտություն անհնար է քաղել:

Հերոսների հավաքականության մեջ վաղեմի երազանքը՝ բանակը, կայացավ: Հազար փառք այն հայորդիներին, որոնք նահատակվեցին՝ կերտելով մեր հավաքական ոգու մայրաքաղաքը՝ Եռաբլուրը: Այնտեղ, ուս-ուսի, թև-թևի տված, հարատևության վերմակի տակ պառկած են մեր տղաները: Մենք նրանց չենք տեսնում, բայց նրանք աներևույթ ու զգաստ իշխում են մեր զգացմունքներին, մեր շարժ ու ձևին, մեր անցուդարձին՝ առաջնորդում մեզ սիրո և ատելության հավերժական ճամփաներով:

Այսօր նրանք մեր զորահանդեսի ոգեղեն առաջնորդներն են: Վիշտդ մի կողմ թողած ուզում ես աղաղակել. «Վերջապես, իմ ժողովուրդ, սովորեցիր միասին կռվելու, միասին զոհվելու, միասին հաղթելու և միասին հավերժանալու արվեստը»:

Այս զորահանդեսը մեր զորահանդեսն է, մեր երազանքների քայլքն է: Ցուրտը, կարիքը, հոգսը, կենցաղային տրտունջները, ամեն բան անցողիկ է: Մնայունը այս երկինքն է, որի մշտնջենական հովանու տակ, ինքն իր մեջ լցվելով և ինքն իր մեջ ընդարձակվելով, արեգակի պես ամեն օր վերստին ծնվելով և ջերմանալով, հաստատվում է մեր հայրենիքը: Մնայունը այս լեռներն են, որոնց կուրծքը պատռելով, օրերից մի օր, կամ գուցե՝ այսօր, դուրս է գալու մեր Թլոր Դավթի զարմը՝ Փոքր Մհերը:

Նա է կատարելու առաջին քայլը դեպի 21-րդ դար:

magaghat.am