Ընթացիկ տարվա ընթացքում Տիգրանակերտի ջրանցքում նախատեսվում է իրականացնել հետազոտական աշխատանքներ: Այս մասին ասել է Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ նախատեսվում է նաև պեղումներ իրականացնել անտիկ դամբարանադաշտում։ Դրանք ենթադրում են նաև մագնիսական սկանավորում:
Անցած տարի Տիգրանակերտի պեղումները ընթացել են երկու հիմնական հատվածներում: «Այս պեղումները երևան բերեցին նյութեր, որոնք բավականին հետարքրքիր են և ներկայումս գտնվում են վերականգնման փուլում: Վերջնական պեղումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ 9-րդ դարի վերջերին Տիգրանակերտի եկեղեցին ավերվել է հիմնահատակ, և, ըստ էության, վաղ քրիստոնեական հրապարակը վեր է ածվել քոչվոր ցեղերի ժամանակավոր նստավայրի»,- նշել է Համլետ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այն խիստ էական նշանակություն ունի Տիգրանակերտի հիմնադրման և մշակույթի վավերացման գործում: «Կարծում եմ՝ միջազգային գիտական հանրույթը պետք է փորձի մոտեցումներ մշակել, որը գիտական մտքի ազատ արտահայտման հնարավորություն կտա: Տիգրանակերտի փորձն արժանի է լայն հանրություններին ներկայացնելու»,- ավելացրել է Համլետ Պետրոսյանը: