Երիտասարդ այս գրողը ոչ մի էջ չունի և ոչ մի սոցիալական ցանցում, սակայն հենց նույն սոցցանցերի օգտատերերի շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում: Նրա «Կույր կետադրություն» գրքի շապիկի դարձերեսին իր ինքնակենսագրությունը շարադրված է հետևյալ կերպ․«Ծնվել է 1990թ․, Երեւանում։ Նույն թվականին երկրագնդի տարբեր քաղաքներում մահանում են Ֆիլիպ Սուպոն, Վիկտոր Ցոյը, Վենեդիկտ Երոֆեեւը, Սերգեյ Փարաջանովը․․․ Սկսել է գրել այն տարիքում, որ տարիքում Ռեմբոյի քունը տանում էր գրելու մտքից․․․ 26 տարեկանում գրում է «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստը (Բրետոնը գրեց քսանութում, Մարինետին՝ երեսուներեքում), որին նույն պահին հրաժարվեց»։ Երիտասարդ հեղինակ Արամ Ավետիսը մի առիթով նշել է, որ իրեն համարում է ժամանակակից հայ գրականության «ամենամիստիկ» գրողը: «Արմենպրես»–ն իր հեղինակային նախագծում ներկայացնում է Արամ Ավետիսի «Նորամուտ»-ը:
Մուտքը գրական դաշտ
17 տարեկանից սկսեցի ստեղծագործել: Մինչ այդ կարդում էի. իմ բախտը բերեց՝ սկսեցի լավ գրքեր կարդալ, և գրականությունն ինձ հետաքրքրեց: Մայակովսկու կենսագրականում կարդում ենք, որ նա սկզբում շատ վատ գիրք էր կարդացել, հետո «բախտը բերել է»՝ կարդացել է Սերվանտեսի «Դոն Կիխոտը»: Իմ պարագայում հակառակն էր. միանգամից լավ գրականություն կարդացի ու որոշեցի ստեղծագործել: 16 տարեկանում ընկերներիս համար հատվածներ էի կարդում համաշխարհային գրականությունից, ասում, որ ես եմ գրել, նրանք էլ հիանում էին: Հասկացա, որ երկար չեմ կարող խաբել, ստիպված պետք է սկսեմ ինքս գրել:
… Սկսել եմ բանաստեղծություններ գրելով, բայց բանաստեղծությունն իմը չէր: Ինձ թվում է՝ բոլոր գրողներն էլ այդպես են սկսում: Հետո հասկացա, որ արձակում ավելի շատ հնարավորություններ ունեմ…
Առաջին ստեղծագործությունս տպագրվել է «Անդին» ամսագրում, կոչվում էր «Նիցշեի տունը»: Ես 2013 թվականին Վայմարում գնացել էի Նիցշեի թանգարան, և գրել էի այդ մասին:
Ամբողջությամբ՝ armenpress.am