«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Աղյուսակ է վերադարձել և առաջին հորիզոնականը զբաղեցրել «Շաղգամը» գիրք-փազլը: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:
Մեկ հորիզոնականով առաջատարի դիրքերը զիջել և երկրորդ տեղում է հայտնվել մանուկների սիրելի «Բոքոնիկը»: Գնդիկ Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր անալոգները շատ ժողովուրդների մոտ (անգլիական Ջոնի-փքաբլիթը և այլն): Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Երրորդ տեղն է գրավել ռուսական հայտնի և սիրված «Ով է ապրում տնակում» հեքիաթը:
«Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը չորրորդն է: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում, որը սիրված է փոքրիկների կողմից:
Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Հեքիաթներ քնելուցառաջ» ժողովածուն այս անգամ հինգերորդն է: Այն ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ ստեղծագործություններ:
«Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում: Այն վեցերորդ հորիզոնականում է:
Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» մեր աղյուսակում է և յոթերորդն է: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Մանկական բեսթսելերի ութերորդ տեղում՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են: Դրանք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի և գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքը զիջել է իր դիրքերը և իններորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:
Ամենավաճառված գրքերի աղյուսակն այս անգամ եզրափակում է Ջ. Ռոուլինգի «ՀարրիՓոթերը և Ազքաբանի կալանավորը» գիրքը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը: