Երբ ես 18 տարեկան էի… ծրագրում էի լավ կրթություն ստանալ. այդպես բանասիրական նախասիրությունից աննկատ անցում կատարվեց, և ես գերազանց ու սիրով սովորեցի փիլիսոփայության ֆակուլտետում: Հափշտակված կարդում էի՝ վախենալով հանկարծ ու բաց թողնել մի լավ գրքի ու հեղինակի. ինչպիսի՛ միամտություն: Երազում էի իմ գրքերի մասին, իմ ու ընթերցողի փոխադարձ սիրո մասին: Անկրկնելի գեղեցիկ ու մեն-միակ սիրո մասին էի երազում՝ անտեղյակ, որ այն կգա, բայց… Երազում էի ճամփորդել, լինել ամենուր, ճանաչել և շփվել նոր մշակույթների և քաղաքակրթության հետ: Երբ 18 տարեկան էի, հույս ունեի, որ երիտասարդությունը համարյա հավերժական է՝ չի վերջանալու:
Կյանքում լինում են այնպիսի պահեր… չես ճանաչում ինքդ քեզ, զարմանքով հայտնաբերում ես, որ դու երբեմն քո ճանաչած քեզանից տարբեր ես: Երբեմն՝ ավելի սիրելի ու բարձր, երբեմն՝ այնքան օտար ու չգիտես՝ ինչի ունակ, որ ապաշխարելու կարիք ես զգում:
Ինչ էլ լինի… կյանքը սքանչելի է: Կյանքի և կյանքի իմաստի փիլիսոփայական բոլոր սահմանումները չեն կարող արձանագրել լինելու զգացողությունը, ապրելու հրճվանքը, շնչելու ուրախությունը: Երբ ափսոսում եմ, որ Լույսը և Կյանքը վայելելու համար ավելի շատ զգայարաններ չեն տրված մեզ, Բանականությունը ներողամիտ ժպտում է:
Բանաստեղծություն գրելը… նախ՝ ամենամեծ, ուրիշ ոչ մի բանի հետ չհամեմատվող հաճույքն է: Նաև՝ կատարսիս՝ փիլիսոփայական-մշակութաբանական- գեղագիտական իր շուրջ 1500 մեկնաբանություններով, բայց իրականում՝ որքան էլ անհավանական խելոք ու հրապուրիչ դրանք սահմանվեն, առանցքայինը էլի նույն է՝ գրում եմ ապրելու, մեղքից ու տառապանքից ազատվելու համար: Ու պետք է նորից ասեմ՝ բանաստեղծություն գրելը փրկվելու հաճույքն ու կեցության զվարթության զգացողությունը բառ առ բառ, ապրում առ ապրում ճաշակելն է:
Ես արձակ գործեր… իհարկե, ունեմ, որովհետև ասելիքն է ինքն իր համար ընտրել ժանրը: Ամեն դեպքում, ուշադիր ընթերցողը իմ արձակի առաջին իսկ տողերի մեջ դարձյալ բանաստեղծության շունչը կզգա: Անկախության տարիներին ես չէի կարող չդիմել նաև հրապարակախոսությանը՝ այսքան մեծ ու կարևոր իրադարձությունների մասնակից ու ականատես լինելով՝ քաղաքական և հոգևոր վերելքներ ու վայրէջքներ, հաղթանակներ ու պարտություններ, պատերազմ և այլն, և այլն: Հրապարակախոսական շատուշատ էջեր գրվել են բոլորիս երազած այսօրվա Հայաստանը մոտեցնելու հույսով:
Կնոջ ստեղծած պոեզիան տղամարդու ստեղծած պոեզիայից… բնականաբար տարբերվում է: Եվ դա ոչ լավ է, ոչ՝ վատ, այլ իրողություն: Ինձ առնվազն հասկանալի չէ տղամարդու պես գրելու՝ որոշ կին բանաստեղծների ջանքը: Այս ամենի մասին Վիրջինիա Վուլֆն այնքան հագամանալից ու սպառիչ է ասել, որ մնում է հղում անել նրա «Սեփական սենյակը» էսսեին, որը հեղինակը պայմանականորեն կոչում է նաև «Ինչու կին Շեքսպիր չկա»:
Բայցևայնպես… կարող են ծնվել նաև կին հանճարներ. չէ՞ որ դարափուլ է փոխվել, հայրիշխանությունը ամեն քայլափոխի զիջում է հազարամյակներով նվաճած իր դիրքերը, և դա կատարվում է մինչև անգամ կենսաբանական մակարդակով, եթե հավատանք (դե, պարզ է՝ բրիտանական) գիտնականներին: Մայրիշխանության ապագա հազարամյակներում, ահա, չեն լինի պատերազմներ, և մեր զրույցի համատեքստում ամենակարևորը՝ կծնվեն կին հանճարներ: Տղամարդիկ կգրեն էսսեներ՝ «Ինչու տղամարդ… (աշխարհահռչակ կնոջ անուն) չկա» վերնագրով: Ես չեմ կատակում: Փորձում եմ մարգարեանալ. իսկ ինչու ո՞չ:
Հավատացեք, ամենևին էլ դժվար չէ… սիրել թշնամուն: Չէ՞ որ Մեծն ասել է.
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…
Ամբողջությամբ՝ wnews.am