«Գնացած ամեն ջահել ընկերոջ հանդեպ անպայման մեղավորության զգացում ես ունենում: Այդ նույն ցավի, ափսոսանքի, լավ ընկեր անդառնալիորեն կորցնելու զգացողությունն ունեմ նաև ես: Մենք միշտ ընկերներ ենք եղել: Գրականության մեջ էինք, դրանով իսկ` ճակատագրակից: Բոհեմական, անդարդ կյանք էր` բառի լավ իմաստով: Հավաքվում էինք` ամուսնացած-չամուսնացած, մինչև լույս նստում, գինի խմում, և շատ էինք երգում…
Դաշնակ, հնչակ, ՀՀՇ չկար, տարբերություն, թշնամանք չկար, ինչը հետո ցավալիորեն մտավ Հայաստան: Հետագայում երբ մեկս մտավ Շարժման մեջ, միանգամից մյուսներն էլ հայտնվեցին այնտեղ: Այդպես մտանք քաղաքականության մեջ: Իհարկե, այն ժամանակ ոչ մեկիս մտքով չէր անցնում, թե հետագայում սոցիալական ինչ սանդուղքներում ենք հայտնվելու:
Ստեղծագործական անհոգ կյանքը կարճ տևեց, և միանգամից մտանք թոհուբոհի, պատերազմի մեջ: Այդ շրջանակում էլի մարդիկ կային, որոնք ընդհանրապես չխառնվեցին այդ ամենին. չգիտեմ` նրա՞նք էին ճիշտ, թե՞ մենք: Տեսակի խնդիր է, այդպես ստացվեց: Ղարաբաղ կոմիտեի գործունեության շրջանում Վազգենը նրա մեջ մտավ որպես ամենաջահել անդամ: Դա երևի կարելի է առաջին փուլ անվանել: Հետո, Երասխի կամավորական շարժման ժամանակ, ինքն արդեն առավել հասուն, կազմակերպված, առավել գրագետ էր:
Իհարկե, այդ շրջանում կային նաև ուրիշ տղաներ, բայց քանի որ պայքարի այդ փուլում հիմնական առճակատումը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում էր, իր կազմակերպական ունակություններով, անձնական խիզախությամբ և տաղանդով Վազգենին հավասար մեկը չկար: Եվ նա միանգամից, առանց քննարկման, մտավ Ղարաբաղ կոմիտեի շարքերը: Ահա այդպես էլ կամաց-կամաց նա դարձավ կամավորական շարժման ղեկավար, բանակը սկզբնավորող: Ինքը Ղարաբաղ կոմիտեի կողմից էր լիազորվել այդ բանն անել, և կարողացավ: Վիթխարի էներգիա ուներ, ուրիշ մեկն իր տեղում չէր կարող գլուխ բերել այդ գործը: Վերջին տարիներին ընդունված է ասել, թե մեկը 15 ժամ է աշխատում, մյուսը` 20…
Չեմ կարծում, թե մեծ առաքինություն է այդքան աշխատելը, բայց և առանց դրա ա՛յն ժամանակ, ա՛յդ բնագավառում հնարավոր չէր: Պատահական չէր, որ շատերի մեջ հենց Վազգենն առանձնացավ: Միշտ զարմացել եմ նրա աշխատանքի գերմարդկային ռեժիմից. վախենում էի, որ մի օր ջղերը չեն դիմանա: Նման մի բան եղավ Շահումյանի կռիվներից հետո, երբ մի քանի ամիս հրաժարվեց նախարարի պաշտոնից: Իրոք դիմանալու բան չէր, բայց ինքը դիմացավ:
Պետք էր երիտասարդ լինել, ռոմանտիկ. ինքը ռոմանտիկ էր, առանց դրա հնարավոր չէր այդքան բան անել` բանակ ստեղծել, այն էլ սկսելով սովետական կարգերի ժամանակ: Ամբողջ պատերազմի ընթացքում երկու անգամ անձնապես, անձնական խիզախության ու կամքի շնորհիվ բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ. մեկն Օմարից նահանջած մեր զորքի դեմը առնելով Քելբաջարում, մյուս անգամ մահապարտներով, Մարտակերտի ճակատում փրկելով Ստեփանակերտը. իսկ Շուշի-Գորիս ճանապարհը բաց էր զորքի ու ժողովրդի նահանջի համար: Մահապարտները փրկեցին Ղարաբաղը: Այդ օրերին վճռվեց այդ պատերազմի ելքը»: