Թուրքական դատարանի կողմից 1919 թ. հեռակա կարգով մահվան դատապարտված ռազմական նախարար Էնվեր փաշան, որ մինչ երիտթուրքերի դատավարությունը հասցրել էր Թալեաթի ու Ջեմալի հետ ճողոպրել Ստամբուլից, 1919-1921 թթ. ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել Գերմանիայում ու Խորհրդային Ռուսաստանում:
Բոլշևիկների հետ Էնվերի առաջին շփումները եղել են 1919-ին: 1920 թ. հունիսին Ջեմալն ու Էնվերը Մոսկվայում էին, այնուհետեւ վերջինս անցնում է Խորհրդային Ադրբեջան, սեպտեմբերի 1-8-ին մասնակցում Բաքվում հրավիրված Արեւելքի ժողովուրդների համագումարին, ապա նորից հայտնվում Գերմանիայում (բոլշեւիկների հանձնարարությամբ Ջեմալն անցնելու էր Աֆղանստան): 1921 թ. մարտի 15-ին, երբ Բեռլինում Թեհլիրյանի կողմից սպանվեց Թալեաթը՝ Էնվերը փախավ Գերմանիայից ու ապաստան գտավ Մոսկվայում:
Էնվերն ու Ջեմալը սերտ կապեր էին հաստատել բոլշեւիկյան կուսակցության առաջնորդների, այդ թվում՝ Լենինի հետ, ում հետ Էնվերն անձամբ քննարկել է Մեծ Բրիտանիայի դեմ ռուս-թուրքական ռազմական դաշինք ստեղծելու, ռուսների համաձայնությամբ ու աջակցությամբ Հայաստանի հանրապետության վրա հարձակվելու եւ բուն հայկական տարածքները Թուրքիային միացնելու հարցերի շուրջ:
Թեև լարված հարաբերություններ գոյություն ունեին Էնվերի ու Քեմալի միջեւ ու վերջինս բացահայտ քննադատում էր Էնվերի քաղաքական հայացքները եւ նույնիսկ արգելափակեց նրա մուտքը Թուրքիա, այնուամենայնիվ երկուսն էլ աշխատում էին ի նպաստ Թուրքիայի շահերի:
Ահա թե ինչ է գրում Էնվերը՝ պատասխանելով Անկարայի կառավարության այն մեղադրանքներին ու հայտարարություններին, որ ինքը Քեմալի անունից ռուսների հետ բանակցություններ վարելու լիազորություններ չունի: «Երբեք պաշտոնական հանգամանքով չեմ բանակցել ռուսների հետ: Խալիլ փաշայի հետ Կարախանի ու Չիչերինի վրա ճնշում բանեցնելով Կարսը, Արդահանը, Օլթին եւ ավելին՝ Սուրմալուն, Թուրքիային միացնելու համար քրտնաջան աշխատեցինք, եւ այս ջանքերը երբեք Անկարայի կառավարության անունից (Քեմալի անունից – Ա. Զ.) չարեցի, այլ կատարեցի իբրև մեր հայրենիքի մեկ անհատը»:
Մեկ այլ նամակով նա Քեմալին հայտնում է, որ ռուսներից մեծ քանակությամբ ոսկի, 15.000 հրացան ու այլ զինամթերք է ստացել եւ ավելացնում, թե 1920 թ. սեպտեմբերին Բաքվում համոզվել է, որ եթե Անկարայի կառավարությունը հապաղի՝ հայերը պիտի զորանան եւ հարձակվելով՝ Թուրքիան պիտի ճզմեն, իսկ այսօր Հայաստանի վրա հարձակվելու դեպքում՝ «սովետ կառավարութիւնը ձայն պիտի չհանէ»:
Քչերին է հայտնի, որ Էնվերը 1921 թ. նոյեմբերին Լենինի ցուցումով է անցել Միջին Ասիա՝ բասմաչների շարժումը ճնշելու ու նրանց կողմից վերահսկվող տարածքներում խորհրդային կարգեր հաստատելու համար, սակայն տեղ հասնելուն պես, նա գաղտնի համագործակցել է բասմաչների հետ, այնուհետեւ գլխավորել նրանց պայքարը կարմիրների դեմ:
1922թ. օգոստոսի 4-ին, Բուխարայի խանության Չագրա ղշլաղում սպանվեց հայ ժողովրդի արյունարբու դահիճը, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ զինվորական նախարար Իսմայիլ Էնվերը, նույն ինքը՝ Էնվեր փաշան: Այս հրեշի մահվան մասին տարբեր վարկածներ կան, որոնցից մեկի համաձայն՝ Էնվերին մարտի ժամանակ սպանել է ազգությամբ հայ, կարմիր բանակի Թուրքեստանյան դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատար Հակոբ Մելքումյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Էնվերի գերեզմանը Ստամբուլում
Աճյունը 1996թ. հուլիսի 30-ին Տաջիկստանի իշխանությունները հանձնել են Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին։ Դագաղը հասցվել է Ստամբուլ (թեև քչերն են համոզված, որ դրա մեջ Էնվերի աճյունի մնացորդներն են), որտեղ օգոստոսի 4-ին՝ նրա մահվան տարելիցին, Շիշլիի մզկիթում տեղի է ունեցել սգո արարողություն ու հուղարկավորություն։ Այնուհետև Էնվերի «աճյունը» երկրորդ անգամ թաղվել է Թալեաթի գերեզմանի հարևանությամբ։