Օզջան Ալպերը մեկն է այն քիչ թուրք ռեժիսորներից, ով իր ֆիլմերում բարձրացնում է թուրքական իրականության սուր խնդիրները` դա անելով նուրբ ու ճաշակով: Ծագումով համշենահայ` նա իր ֆիլմերում անդրադառնում է Թուրքիայում առկա ազգամիջյան խնդիրներին, որոնց մասին ընդունված է լռել:
Բանտի վանդակաճաղերի մոխրագույն կամարներ, որոնք զսպում են Թուրքիայի ազատության համար պայքարող մարտիկների ուժեղ ճնշումը: Այդ խցերից մեկից դուրս է գալիս Յուսուֆը, նրան տանում են բանտային հիվանդանոց: Խորը շունչ: Բժշկի եզրակացությունը` «քո թոքերից գրեթե ոչինչ չի մնացել»: Հետո կադրը փոխարինվում ճանապարհով` Յուսուֆին ազատ են արձակում տուն:
Ճանապարհին տիրում է այն նույն մռայլ մթնոլորտը, սակայն հիմա դրան նպաստում է բնությունը: Նա կարծես թե նուրբ կերպով զգում է սյուժեի հերոսի հոգեվիճակը և ներդաշնակորեն նրա կերպարը պարուրում է անհայտության շղարշով: Ինչ է լինելու հետո այնտեղ` տանը…
Յուսուֆի տունը գեղատեսիլ գյուղակ է Սև ծովի ափին: Այնտեղ տնակներն ասես ցրված լինեն կանաչ լեռների լանջերին, որոնց պարուրել է խիտ մառախուղը: Կարմիր միկրոավտոբուսը անցնում է ծովափի երկայնքով: Եվ ահա նա կանգնում է այդ տնակներից մեկի շեմին: Մուտքի մոտ հանգիստ նստած ծեր շունը գլուխն անգամ չի բարձրացնում, որպեսզի դիմավորի նրան: Բացվում է դուռը:
Նրա առջև ասես յուղանկար լինի. ծեր մայրը միայնակ նստած է պատուհանի մոտ և նայում է դեպի հեռուն: Մեջտեղում վառարանն է վառվում: Նա նույնպես ասես չի նկատում Յուսուֆին: «Մամա» – կանչում է Յուսուֆը: Մայրը կտրուկ կանգնում և փաթաթվում է տղայի պարանոցին: 10 տարի է, ինչ մայրը որդուն չէր տեսել:
Հայրենի երկրամասում ոչինչ չի փոխվել, բայց միևնույն ժամանակ կյանքի վաղանցիկությունը անցել է նաև այս հանգիստ անկյունով: Յուսուֆը իմանում է, որ մինչ նա բանտում էր, հայրը մահացել է, իսկ քույրն ամուսնացել ու տեղափոխվել է ուրիշ քաղաք: Անվրդով ընկերները նույնն էին մնացել, սակայն փոխվել էր ինքը:
Ամեն ինչ անդառնալիորեն փոխվել էր: Հերոսի հիշողության մեջ անընդհատ բանտից կադրեր են հայտնվում, գիշերները երազում մղձավանջներն են տանջում, բայց ինչպես իր հիվանդությունը, Յուսուֆը շարունակում է այդ ամենը իր ներսում պահել, իրեն միայն մի պահ թուլություն թույլ տալով` արագ նստելով մեքենան և գնալով սարեր, նա, կանգնելով անդունդի առաջ, արձակում է այն ճիչը, որն այսքան ժամանակ անընդհատ ուզում էր դուրս հորդալ, բայց հերոսի պես գտնվում էր անազատության մեջ:
Բնություն: Այս միջավայրը չի կարող դիտողին անտարբեր թողնել: Այն իր մեջ պարունակում է բազմաթիվ ակնարկներ ու հուշումներ: Սարերի արտահայտիչ լանջեր, փոփոխվող բնություն, աստիճանաբար թառամող աշուն: Գլխավոր հերոսը նրանց մի մասն է, օղակը: Նա փորձում է լեռնային օդից կլանել կենսական էներգիան, արթնանալ, ինքն իրեն ձյունով պատել…
Յուսուֆի գոյության փարոսն այժմ նրա ծեր մայրն է: Նա մարմնավորում է հին քաղաքակրթության կերպարը, վարում ավանդական կենսակերպ և խոսում է հայերեն լեզվի հին բարբառով, որը նա պահպանել է թուրքալեզու շրջապատում: Այս կնոջ մեջ զգացվում է համառություն, որը փոխանցվել է իր որդուն` իր սոցիալիստական տեսակետների և հավասարության համար պայքարող մարտիկին, որի համար նա թանկ գին վճարեց:
Բոցավառ սոցիալիստի նախկին ջիղից` Յուսուֆին մնացել են մնացել են միայն հիշողությունները և երիտասարդ ժամանակվա լուսանկարները: Նրա դեմքի անկենդան արտահայտությունը հեռուստադիտողին հետևում է ամենասկզբից և ամեն անգամ հույս է արթնանում, որ կգտնվի մի ուժ, որը կստիպի նրան մի քիչ ապրել:
Հույսը արդարացվում է: Մենք տեսնում ենք, թե ինչ հետաքրքությամբ է Յուսուֆը նայում երիտասարդ վրացուհի Էկային, ով Յուսուֆի պես հուսակտուր ու կորսուսյալ արարած է և ստիպված է գումար վաստակել անբարո կյանք վարելով: Կհաջողվի արդյո՞ք երկու միայնակ հոգիներին միավորվել, ովքեր համարձակվել են թույլ կամք դրսևորել հանուն հասարակ մարդկային երջանկության:
Ֆիլմում իրադարձությունները համակցվում են այն հետևանքներով, որոնց մարդկանց ժառանգություն է թողել պետական իշխանության կործանարար ուժը, որն ի զորու է ոչնչացնել կենդանի մարդուն: Սիրային դրաման ուղեցվում է ալեկոծվող Սև ծովով, որը պատկերավոր ցուցադրում է հերոսների ներքին հոգեվիճակը, իսկ խոսքերի կամ երկար երկխոսությունների կարիքը ընդհանրապես չի զգացվում:
Ֆիլմի ողջ ընթացքում հնչում են դասական կամ էթնիկ մեղեդիներ`ստեղծելով իսկապես գեղագիտական պատկեր, որը գեղեցիկ և զգացմունքայնորեն պատմում է Թուրքիայում գոյություն ունեցող սոցիալ-քաղաքական սուր խնդիրների վերաբերյալ:
Ձմեռ է: Բազկաթոռին նստած է մայրը` «Յուսուֆ մի քիչ էլ նվագիր..»: Յուսուֆը շրթունքներով հպվում է պարկապզուկին` համշենահայերի ավանդական երաժշտական գործիքին, և գործիքը սկսում է հնչեցնել մեղեդու ձգված հնչյունները: Այս մեղեդու ներքո մենք պատուհանից դուրս կտեսնենք մարդկանց մի խումբ, ովքեր լեռնային լանջով տանում են անկենդան մարմինը…