Մարդիկ երազում են, որ գա մի օր, ու մկանները դադարեն լարվելուց, ուղեղն այլևս սթրեսի չենթարկվի, և կյանքը վերջապես դառնա մի երկարատև երջանիկ ընթացք: Մարդիկ ձգտում են սրան, հավատում, որ մի օր ունենալու են այդ երջանիկ, հանգիստ կյանքը, այլապես էլ ապրելն ո՞ւմ է պետք:
Շատերը կան, ովքեր զբաղվածության բարձր մակարդակի ու սթրեսի պատճառով տառացիորեն երազել են ինչ-որ տեղ մեկնել, ուր կպառկեն տաք ավազի վրա, իրենց ոտքերը կողողեն օվկիանոսի ջրերը, իսկ օրվա գլխավոր հարցը կլինի՝ ի՞նչ վերցնել՝գազավորված ըմպելի՞ք, թե՞ նարնջի թարմ քամած հյութ: Եվ ինչն է հետաքրքիր:
Հենց որոշ մարդկանց հաջողվում էր իրականացնել իրենց վերը նշված երազանքը, որոշ ժամանակ անց կամ ընկղմվում էին խորը ձանձրույթի մեջ և վերադառնում տուն, կամ սկսում խմել: Խոստացված երջանկությունը շատ արագ փոշիացել էր, ու նրան փոխարինելու էին եկել անտարբերությունն ու ձանձրույթը: Հույսը դնել այն բանի վրա, որ շատ փողը և առանց պրոբլեմների կյանքը ձեզ համար կապահովի երջանիկ կյանք, նույնն է թե՝ ամուսնանալիս մտածել, թե հատում ես վերջնագիծը, ու այժմ քեզ սպասում է երկար և երջանիկ կյանք:
Միայն թե թե՛ առաջինը, թե՛ երկրորդը բացարձակ անհասանելի են, ընդ որում, ոչ թե այն պատճառով, որ աշխարհը դաժան է ու անարդար, ոչ: Իրականում ամեն ինչ ավելի պրոզաիկ է.
Ամեն ինչում մեղավոր է ուղեղը: Եկեք այժմ հասկանանք, թե ինչպես են աշխատում, այսպես կոչված, երջանկության հորմոնները: Դա լույս կսփռի այն իրողության վրա, թե ինչու այդքան ցանկալի՝ առանց խնդիրների ու վախերի կյանքը երբեք ձեզ երջանիկ չի դարձնի: Խնդիրն այստեղ բացառապես ֆիզիլոգիայի մեջ է, իսկ ավելի ճիշտ՝ նեյրոֆիզիոլոգիայի: Քանի որ 50,000 տարվա ընթացքում մեր ուղեղը գործնականորեն չի փոխվել, նրա համար նորմալ է այդպիսի պատճառահետևանքային կապը: Եթե տերն ինչ-որ բանից վախենում է, դա միշտ նշանակում է, որ նրա ֆիզիկական ամբողջականությանն ինչ-որ բան սպառնում է:
Սա փաստ է, որ կասկածների տեղիք չի տալիս, և ապացուցված ու փորձված է հազարամյակներով: Իսկ եթե ինչ-որ բան սպառնում է ֆիզիկական ամբողջականությանը, նշանակում է, որ սպառնում է նաև ուղեղին: Այդ պատճառով էլ, եթե, ասենք, տիրոջ ստորին վերջույթները վնասվում են, կամ մեկ այլ ծանր վնասվածք է ստանում, ուղեղը պետք է շտապ կարգով պահպանի տիրոջ գիտակցությունը, որպեսզի վերջինս կարողանա փրկվել:
Այն դա անում է հետևյալ կերպ: Երբ ակտիվանում է վախի համար պատասխանատու կենտրոնը, ուղեղը հերթով արտանետում է հորմոններ. Սկզբում՝ ադրենալին ու կորտիզոլ՝ ռեակցիան լավացնելու համար, ապա և՝ էնդորֆինների բավականաչափ մեծ քանակ: Սրանք արտադրվում են այն ժամանակ արդեն, երբ վախը գործնականում անցել է, և պետք են նրա համար, որ մարդը կարողանա դիմանալ հնարավոր ցավային շոկին ու փրկվի: Ստացվում է, որ որքան ուժգին է վախը կամ սթրեսը, այնքան ուղեղը դրանից հետո շատ էնդորֆիններ է մատակարարում իր տիրոջը: Եվ ահա հենց արդեն իրողություն է վախեցնող կամ ցավոտ գործողությունը (օդապարիկով թռիչք, ղեկավարի հետ խոսակցություն, քննության հանձնում, երեխայի ծնունդ), ուղեղի կողմից արտանետվում են ահռելի քանակի էնդորֆիններ, որոնք իրենց բաղադրությամբ, ի դեպ, գրեթե նույնական են հերոինի հետ:
Ստացվում է, որ մեր ուղեղի մեջ կա սեփական փոքրիկ հերոինային գործարանը, որը մեզ տալիս է անհրաժեշտ չափաբաժինը, երբ համարում է, որ տվյալ պահին այն մեզ անհրաժեշտ է: Սրա հետ կապված՝պետք է մերկացնել ևս մեկ՝ ադրենալինային կախվածության միֆը, որն իրականում գոյություն չունի: Բոլոր կիսախելագար էքստրեմալները կախվածություն ունեն ոչ թե հենց վախի ու սթրեսի վիճակից, այլ դրան հետևող արբեցնող, օրգանական հաճույքի չափաբաժնից:
Այսինքն, ավելի ճիշտ կլինի նրանց կոչել էնդորֆինամոլներ, էնդորֆինից կախվածություն ունեցողներ: Եվ ուրեմն, ի՞նչ ունենք մենք: Ստացվում է, որ կյանքում հենց այդ սուր զգացողությունների պակասից են մարդիկ տառապում մելամաղձոտ վիճակից և գտնվում զանազան ընկճախտամերձ իրավիճակներում:
Այստեղից՝ հետևություն: Եթե ուզում եք լինել օրգանիկ երջանիկ մարդ, հաճախ արեք այն, ինչից վախենում եք: Այդ ժամանակ ուղեղը ձեզ երաշխավորված կերպով կապահովի երջանկության հորմոններով:
Վստահաբար բոլորիս մոտ էլ եղել է նման իրավիճակ, երբ, ասենք, բարձր տեղից թռչելուց, դիպլոմը պաշտպանելուց կամ ղեկավարին նոր նախագիծը ներկայացնելուց ու նրա հավանությանն արժանանալուց հետո աներևակայելի հաճույքի պահեր ենք ունեցել:
Անգամ կանայք ծննդաբերության անտանելի ցավերից հետո, երբ արդեն երեխան ծնվել է, էնդորֆինների ու օքսիտոցինի հետագա ի հայտ գալու հետ՝ մոռանում են սարսափելի երկունքի ցավերը: Այնպես որ, մի վախեցեք վախենալուց և ավելի համարձակ եղեք: Ձեր այդ համարձակությունը կպարգևատրվի վաստակած երջանկությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը