Նա հայտնվում է, երբ աղոտ լույսի ներքո կանգնում ես հայելու առջև ու երեք անգամ արտասանում նրա անունը՝ «Արյունոտ Մերի, Արյունոտ Մերի, Արյունոտ Մերի»: Նա կգա արյունոտ կամ ուղղակի ուրվականի տեսքով և կհանի աչքերդ ու կգողանա հոգիդ: Հնում, սակայն, նրանից այդքան էլ չէին վախենում:
Դեռ վաղ ժամանակներում նրա անունը մոմի լույսի ներքո ու հայելու առաջ արտասանում էին չամուսնացած աղջիկները: Ըստ լեգենդի անունն արտասանելուց հետո նրանք հայելու մեջ տեսնում էին իրենց ապագա ամուսնու դեմքը, իսկ ոմանք էլ՝ մահվան հրեշտակի: Վերջինս երևում էր այն աղջիկներին, որոնք կմահանային նախքան ամուսնանալը:
Ժամանակի ընթացքում լեգենդը փոխվել է: Այսօր, ասում են, Մերին հայտնվում է չար ոգու կամ դիակի տեսքով՝ պատված արյունով: Նա բղավում է իրեն երկիր կանչած մարդու վրա, գողանում հոգին ու խմում արյունը: Նրա մասին լեգենդն ունի տարբեր վերապատումներ, բայց մի բան հաստատ է՝ այսօր նա այն կերպարը չէ, որի հետ ուրախ կլինեիր ընկերանալ ու նրա մասին շարադրություն գրել «Իմ նոր ընկերը» վերնագրով:
Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ է նա այդքան դաժան… ի՞նչ է պատահել նրան… ո՞վ է նա իրականում…
Արյունոտ Մերիի առաջին հավակնորդը
Դեռևս վաղ ժամանակաշրջաններում ապրում էր մի վհուկ, որի անունը Մերի Ուորթ էր: Ըստ լեգենդի նա բնակվում էր մի գյուղում, որտեղ զբաղվում էր դեղերի ու խոտաբույսերի վաճառքով: Տեղացիները վախենում էին նրանից և խուսափում մոտ գնալ նրա՝ անտառում գտնվող տանը: Որոշ ժամանակ անց գյուղում սկսեցին աղջիկ երեխաներ անհետանալ: Շատերը կարծում էին, որ Մերին է մեղավորը, սակայն ոչ մի ապացույց չունեին: Ոմանք նույնիսկ անտեսեցին վախն ու ներխուժեցին նրա տուն, բայց ապարդյուն. ոչինչ չգտնվեց: Միևնույն ժամանակ Մերին սկսում էր երիտասարդանալ, գեղեցկանալ ու ավելի կանացի դառնալ: Գյուղացիները չէին հասկանում, թե ինչն է պատճառը: Այնուհետև տեղի ունեցավ Միլլեր ազգանունը կրող ընտանիքի դեպքը: Մի գիշեր Միլլերների տան հայրը նկատեց, որ իր դուստրը կարծես հիպնոսացած տանից դուրս է գալիս: Հայրը նաց նրա ետևից ու կանչեց նրան, որպեսզի կանգ առնի, սակայն աղջկա ականջներում արդեն հմայություններ էին պտտվում: Նա գնում էր դեպի անտառ, որտեղ էլ պարոն Միլլերը մի քանի այլ գյուղացիների հետ լույս է նկատում. պարզվում է՝ ծառի մոտ կանգնած էր Մերի Ուորթը՝ փայտիկը պարզած աղջկան: Տեսնելով այս ամենը աղջկա հայրը կրակում է Մերիին՝ վիրավորելով նրան: Կախարդը չի կարողանում փախչել և գյուղացիները բռնում են նրան: Այնուհետև տղամարդիկ գնում են վհուկի տուն ու այգում գտնում բազմաթիվ անանուն գերեզմաններ. պարզվում է՝ Մերի Ուորթը երիտասարդանալու համար գողանում էր երեխաների հոգիները: Բարկացած գյուղացիները խարույկ են վառում ու այրում նրան, սակայն այրվելիս Մերին անիծում է բոլորին՝ ասելով, որ եթե հանկարծ հայելու դիմաց արտասանեն իր անունը, նրա հոգին կվերադառնա անդրաշխարհից ու կլուծի իր վրեժը՝ գողանալով նրանց հոգիները:
Արյունոտ Մերիի երկրորդ հավակնորդը
1553-58թթ.-ին Անգլիայի թագուհին էր Մարի Թյուդորը, որը, շատերի կարծիքով, հենց Արյունոտ Մերիի նախատիպն է: Թագուհին ստացել էր Մարիա Արյունարբու մականունը կաթոլիկությունը դաժան միջոցներով վերահաստատելու համար: Նա մոտ 300 մարդու է այրել քաղաքան պատճառներով, ինչն էլ արթնացրել է անգլիացիների դժգոհությունն իր հանդեպ: Նա խլել է այսքան կյանքեր, սական չի կարողացել ինչ-որ մեկին կյանք տալ. թագուհին երեխաներ չուներ: Հայտնի է, որ նա մի քանի անգամ մտածել է, որ հղի է, սակայն այդպես էլ ոչ ոքի լույս աշխարհ չի բերել, քանի որ դա միայն նրա երևակայության արդյունքն էր: Շատերը հավատում են, որ մահվանից հետո էլ նա շարունակում է փնտրել իր երեխային, որին, իր համոզմամբ, սպասում էր:
Արյունոտ Մերիի երրորդ հավակնորդը
Էլիզաբեթ Բեթորիի անունն ակնհայտ է՝ Մերի չէ, սակայն նրա մականունը նման է Արյունոտ Մերիին. նրան անվանում էին Արյունոտ կոմսուհի: Բաթորին Հունգարիայի հայտնի ընտանիքներից մեկից էր: Նա հայտնի է մի շարք երիտասարդ աղջիկների սպանություններով, որոնց հետ կապված են բազմաթիվ առեղծվածային դեպքեր ու շշուկներ: Նա նույնիսկ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ սպանություններ կատարած կին, չնայած, որ նրա զոհերի թիվը հստակ հայտնի չէ: Նրա դաժանությունների մասին իմացել են դեռ իր կենդանության օրոք: Նա իր 4 ծառաների հետ մեղադրվել է հարյուրավոր աղջիկների սպանության մեջ, որոնց թիվը, ըստ որոշ աղբյուրների, հասնում է մոտ 650-ի: Այս թիվը վերցված է Ժուժաննա անունով մի կնոջ կատարած հայտարարությունից․ ըստ վերջինիս՝ 650 թիվը նա գտել էր Բաթորիի գրքերից մեկում, որտեղ կոմսուհին պահում էր իր զոհերի ցանկը։ Կոմսուհին տանջում էր նրանց, կկտանքների ենթարկում, այլանդակում մարմիններն ու ըստ որոշ տեղեկության նաև խմում նրանց արդյունը երիտասարդ մնալու համար: Նրան մեղադրում էին նաև մարդակերության ու վամպիրիզմի մեջ՝ ասելով նաև, որ նա լողանում էր կույսերի արյամբ մարմինը պահպանելու համար: Զոհերի մեծ մասի այլանդակված մարմինները գտել են հենց նրա դղյակում և ուրեմն այսքանից հետո զարմանալի էլ չէ, որ Արյունոտ Մերիի առասպելը շատերը կապում են հենց նրա հետ, քանի որ նա իսկապես կարող էր նույնիսկ մահվանից հետո վերադառնալ ու շարունակել իր հանցագործությունները:
Եվ այսպես, ով էլ, որ լինի Արյունոտ Մերիի նախատիպը, մի բան ընդհանուր է՝ նա լավ մտադրրութններով չի գալիս մեռյալների աշխարհից: Իսկ գալի՞ս է արդյոք՝ կհարցնեք դուք: Հստակ ասել չեմ կարող՝ շատերը պնդում են, որ տեսել են նրան հայելու մեջ, ոմանք ասում են, որ սա պարզապես առասպել է: Որոշ գիտնականներ էլ նշում են, որ նրա անունը արտասանելուց հետո հնարավոր է, որ անգիտակցված ինքնահիպնոսի միջոցով սկսենց հալուցինացիաներ տեսնել. օրինակ մեր պատկերը հայելու մեջ կարող է մեր աչքին խեղաթյուրվել, կամ տարօրինակ կերպարներ սկսենք տեսնել մեր ետևում, կամ ձայներ լսենք…
Ես ինքս չեմ ցանկանում կանգնել հայելու առջև, 3 անգամ արտասանել «Արյունոտ Մերի» և փորձել բախտս: Բայց դուք ցանկության դեպքում կարող եք փորձել, որպեսզի որոշեք՝ հավատալ-չհավատալ…
Ամբողջովին՝ vnews.am