Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկիկ, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, իրենց միայնակ են զգում և հաճախ են խուսափում մարդկանց հետ շփումներից: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Ուսումնասիրությանը մասնակցել են 18 երիտասարդներ, որոնք հետազոտություն են անցել նորմալ գիշերային քնից և անքնությունից հետո: Բոլոր դեպքերում հետազոտվողները հաջորդ օրը դիտել են մի տեսահոլովակ, որտեղ մարդը դեմքի չեզոք արտահայտությամբ մոտենում է խցիկին: Կամավորները պետք է սեղմեին կոճակը, որը տեսանյութի դիտումը կանգնեցնում է այն պահին, երբ նրանք սկսում էին հոգեբանական անհարմարություն զգալ:
Պարզվել է, որ մասնակիցներն անքուն գիշերվանից հետո կոճակը սեղմում էին անհամեմատ ավելի շուտ, քան նորմալ քնի դեպքում: Բացի այդ, ուղեղի սքանավորման արդյունքները ցույց են տվել, որ անբավարար քնածների ուղեղի մեջ գործել է այն նեյրոնային շղթան, որը պատասխանատու է պոտենցիալ սպառնալիքներին հակազդելու համար: Ուղեղի մյուս հատվածը, որն ապահովում է սոցիալական փոխգործակցությունը, ընդհակառակը, պակաս ակտիվ է դարձել:
Ուսումնասիրության երկրորդ մասում հազարից ավելի կողմնակի դիտորդներ հետևել են գիտափորձի տեսագրությանը, չիմանալով այն մասին, որ մասնակիցները զրկված են եղել քնից: Նրանց կարծիքով, փորձարկվողները միայնակ մարդիկ էին, որոնք խուսափում էին շրջապատի մարդկանց հետ շփվելուց: