Այս տարի մեզ համար հարյուրամյա հոբելյանների տարի է՝ մայիսյան հերոսամարտերը, Առաջին հանրապետության հռչակումը, առաջին խորհրդարանը: Այս շարքում նշվում է նաև Հայաստանում ստեղծված առաջին պետական լրատվական գործակալության մեկդարյա հոբելյանը, որի իրավահաջորդը ներկայումս «Արմենպրես» գործակալությունն է համարվում: Նշենք, որ այս փաստը խորհրդային տարիներին փակի տակ է եղել, քանի որ այն ժամանակ ամեն ինչի սկիզբ ընդունված էր համարել միմիայն այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել արդեն 1920 թվականի դեկտեմբերի 2-ից հետո, այսինքն՝ Հայաստանի խորհրդայնացումից սկսած:
Հայկական պետական լրատվական գործակալություն հիմնելու գաղափարը առաջացավ 1918-ի դեկտեմբերի սկզբին, երբ սկսվեց հայ-վրացական պատերազմը: Այդ օրերին խիստ անհրաժեշտություն կար պատերազմի մասին տեղեկատվությունը արտաքին աշխարհին կանոնակարգված կերպով ներկայացնել հենց անմիջապես Երևանից: Մինչ համապատասխան ծառայության ստեղծումը, ողջ լրահոսը ստացվում էր այսպես կոչված «Կավրոստա»-ից, որի կենտրոնակայանը գտնվում էր Թիֆլիսում և որը նախկինում Ռուսաստանի հեռագրական գործակալության անդկովկասյան բաժանմունքն էր հանդիսացել, իսկ հետո շարունակում էր աշխատել որպես Անդրկովկասի ընդհանուր հեռագրական գործակալություն։
Հայաստանում նոր լրատվական գործակալություն ստեղծելու նախագծի մշակումը վարչապետ Հովհաննես Քաջազնունու կողմից հանձնարարվեց Առաջին հանրապետության ականավոր պետական գործիչ Սիմոն Վրացյանին, որն էլ սեղմ ժամկետներում կարողացավ դա իրականացնել: Պատմական փաստերը վկայում են, որ գործակալության մասին որոշման նախագիծը Սիմոն Վրացյանը ներկայացրել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ի պառլամենտի՝ Հայաստանի խորհրդի նիստին, որն էլ և հաստատվել է: Այդ հրամանագրով բոլոր գերատեսչությունները պարտավորվում էին տեղեկատվություն տալ բացառապես ստեղծվող պետական նոր լրատվական գործակալությանը, և արգելվում էր այն տրամադրել տարբեր կազմակերպություններին կամ մասնավոր անձանց՝ նախքան գործակալության լուր-հաղորդումների պաշտոնական տարածումը։
Կառավարությունը նորաստեղծ լրատվական գործակալության համար հաստատում է համապատասխան հաստիկացուցակ և հատկացնում առանձին գրասենյակ Երևանում: Հայտնի է, որ «Հայհեռագործ»-ի («Հայաստանի հեռագրական գործակալություն») առաջին ղեկավարն ու աշխատակազմի ձևավորողը դարձավ հենց ինքը՝ Սիմոն Վրացյանը, ով բացի նրանից, որ տիրապետում էր մի քանի լեզուների, նաև՝ փայլուն և ճանաչված հրապարակախոս էր: Եվ ահա, 1919-ի հունվարի 15-ին, նախօրոք այդ մասին ծանուցելով բաժանորդներին, «Հայհեռագործ»-ը թողարկում է իր առաջին պաշտոնական հեռագրային ժապավենը, որն ընդգրկում էր 22 կարճ լուր: Դրանք ուշագրավ տեղեկություններ էին Առաջին հանրապետության առօրյայի, պետական շինարարության, ազգամիջյան հարաբերությունների մասին, և այլն: