Ազատության արժեքը՝ Կառլ Ռոբերտսի հուշերում. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Ազատության արժեքը՝ Կառլ Ռոբերտսի հուշերում. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

1919-1920 թվականներին բրիտանացի գրող և հրապարակախոս Կառլ Ռոբերտսը այցելում է դժվարին ժամանակներ ապրող Հարավային Կովկաս, այդ թվում 1920-ի ապրիլին լինում է նաև նորանկախ Հայաստանում: Հետագայում այդ ճանապարհորդության մասին իր հուշերը նա ամփոփեց «Դենիկինյան Ռուսաստանը և Կովկասը, 1919-1920» (In Denikin’s Russia And The Caucasus, 1919-1920) գրքում: Այդ գրքից թարգմանաբար ներկայացնենք մի ուշագրավ դրվագ, որը, մեր կարծիքով, շատ ցայտուն կերպով է ցույց տալիս հայերի՝ դարեր շարունակ մշտապես անազատ և հպատակ ազգ լինելու կարգավիճակը օտար կայսրությունների խաչմերուկին:

Երևանում և Հայաստանի տարբեր վայրերում եղած օրերին Կառլ Ռոբերտսն այցելում է փաստացի ամերիկյան օգնության շնորհիվ գոյատևող արևմտահայ փախստականների ճամբարներ և նրանցից մեկում հանդիպում է ամերիկացի բժիշկ-միսիոներ Կլերենս Աշերին, որը մասնակցել էր 1915 թվականի Վանի ինքնապաշտպանությանը և կորցրել այնտեղ կնոջը՝ տիֆից մահացած Էլիզաբեթին: Կառլ Ռոբերտսն իր գրքում այսպիսի մի զրույց է ներկայացնում.

«Մի անգամ մեր համատեղ ճաշի ժամանակ բժիշկ Աշերը պատմեց մի պատմություն, որը, իր կարծիքով, բնորոշում էր հային այնպես, ինչպես որ նա կա իրականում և միաժամանակ նաև ցույց էր տալիս, թե ինչպես է խեղվել հայ մարդու մտածելակերպը թուրքական բռնակալության օրոք: Երբ բժիշկ Աշերը նոր էր ժամանել Արևմտյան Հայաստան Ամերիկայից, նա ականատես էր եղել մի տեսարանի, թե ինչպես է կարճահասակ, փոքրամարմին թուրք ոստիկանը ծեծում մի աժդահակ հայ հովվի: Հովիվն այնքան հսկա էր, որ կարող էր ընդամենը երկու մատով ակնթարթորեն ճզմել իրեն պատժողին, սակայն նա լռում էր և ոչ մի շարժում չէր անում, որպեսզի պաշտպանվի:

Հաջորդ օրն այդ նույն «վախկոտ» հովիվը գետի ափին իր հոտն է արածեցնելիս լինում, երբ հանկարծ կենդանիների վրա մի արջ է հարձակվում: Հայը ձեռքին միայն մի փայտյա մահակ ուներ որպես զենք, սակայն նա միանգամից ու անվարան գրոհում է արջին և այնպես է նրա ջարդը տալիս ու շշմեցնում, որ արջն ի վերջո փորձում է փախուստի դիմել: Բայց հովիվը չի թողնում՝ թռնում է նրա մեջքին, անդադար շարունակում է մահակով խփել նրա գլխին ու փաստորեն այդպես էլ հատում է գետը՝ արջին հեծած, մինչև որ գետի հակառակ ափին վերջինս անշնչացած ընկնում է:

Հետագայում միայն բժիշկ Աշերը հասկացել էր, թե ինչի համար էր հայ հովիվն այդքան հանդուրժող եղել և բացարձակ չէր պատասխանել իրեն ծեծող թուրք ոստիկանին: Եթե հանկարծ նա փորձեր անգամ ինչ որ կերպ պատասխան տալ այդ բռնությանը՝ ուժ գործադրելով կամ թեկուզ միայն խոսքով, ապա իրեն, իր ընտանիքին և բոլոր իր հայ հարևաններին սպառնում էր լավագույն դեպքում ձեռբակալություն՝ եթե ոչ շատ ավելի վատ հետևանքներ: Հասկանալով, որ իրեն ծեծելուց հետո ուրիշ ոչ մեկը, բացի իրենից, չի տուժելու՝ նա գերադասում էր ուղղակի լռել ու չպատասխանել, բայց միևնույն ժամանակ՝ նա երբևիցե իրեն թույլ չէր տա, որ ինչ որ մի արջ հարձակվի իր կենդանիների հոտի վրա»:



Նման նյութեր