Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մասին. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մասին. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը

Եվ նորից Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մասին.

Շառլ Ազնավուրի հրապարակին կից, «Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության պատկերասրահի շենքերի միջև ներկայումս առկա է ազատ տարածք: Մի առաջարկով դիմում եմ նորընտիր քաղաքային իշխանություններին. արդյո՞ք նպատակահարմար չի այդ տեղանքում վերականգնել 1930-ականների սկզբին, «Մոսկվա» կինոթատրոնի շինարարության համար քանդված Երևանի հնագույն եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոսը:

Ինչպես գիտենք, հարևան երկրի ղեկավարը մշտապես արծարծում է իր զավեշտալի դարձած ու վաղուց արդեն բոլորին հոգնեցրած այն թեզը, թե Երևանն, իբր, «ադրբեջանական քաղաք է և այն պետք է անպայման ազատագրվի հայերից»: Զավեշտը՝ զավեշտով, բայց այստեղ հարց է առաջանում. իսկ մենք ի՞նչ ձեռնարկեցինք անկախության այս տարիների ընթացքում ի հակակշիռ այդ բարբաջանքի: Կարծում եմ, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու դեպքում գուցեև կարող ենք ունենալ հայոց բնօրրան Երևանի սրտում հեռավոր 5-րդ դարում հիմնադրված հայկական եկեղեցու վերականգնված տարբերակը, որը շատ կարևոր է դառնում նաև՝ հարևանների վերը նշված անհեթեթությունների կանխարգելման առումով: Հասկանալի է, որ այդ ամենը պետք է արվի խնդրին խելամիտ ու հեռատես մոտեցման դեպքում միայն՝ հաշվի առնելով բոլոր կողմ և դեմ փաստարկները: Պարտադիր չէ նաև, որ այն լինի կրոնական կառույց, հնարավոր է անգամ այն օգտագործել որպես Երևանի պատմության ինտերակտիվ ցուցադրությամբ թանգարանային տարածք, որն ի դեպ շատ ընդունված լուծում է պատմական տարբեր քաղաքներում:

Տեղեկացնենք, որ Սուրբ Պողոս-Պետրոսը Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, որի մասին մանրամասն նկարագրություններ են թողել 17-րդ դարում Երևան այցելած եվրոպացի ճանապարհորդները: Պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել էր 5-րդ դարում, իսկ 7-րդ և 12-րդ դարերում ենթարկվել վերանորոգումների: 1679-ի աղետալի երկրաշարժի ժամանակ Երևանի մի շարք եկեղեցիների նման ավերվել է։ Երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա կառուցվում է նույնանուն նոր եկեղեցի, որից հետո հիմնովին վերանորոգվում է արդեն 19-րդ դարում։ 1930-ականների սկզբին Սուրբ Պողոս-Պետրոսը բոլշևիկյան իշխանությունների կողմից բարբարոսաբար քանդվեց՝ չնայած հայ մտավորականության կողմից բարձրացված բողոքի մեծ ալիքի, և նրա տեղում կառուցվեց ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի շենքը։



Նման նյութեր