«Այդ 80 տոկոսը կազմակերպված ուժ չէ, այլ անհատ, որն ապրում է իր կենցաղով»
Advertisement 1000 x 90

«Այդ 80 տոկոսը կազմակերպված ուժ չէ, այլ անհատ, որն ապրում է իր կենցաղով»

Հրանտ Տէր-Աբրահամեանի հրապարակումը.

Մի հատ էսպիսի անհոգ տեսակետ կամ, թե իբր ընտրությունների 80 տոկոս արդյունքով, վերջնականապես լուծված է «հակահեղափոխության հարցը»: Մի կողմ թողնենք, որ հակահեղափոխություն բառն ինքնին անհամ, անկապ բառ է: Հիմա բառը չէ էականը, այլ երևույթը:

Ընտրությունները երբեք ու երբեք չեն կարող նշանակել վճռական քաղաքական հաղթանակ հեղափոխական իրավիճակում, քանի որ ընտրություններն ինքնին այլ՝ ավելի կայուն համակարգի գործիք են, ստեղծված այլ՝ ոչ հեղափոխական, ոչ վճռական տիպի նպատակներ լուծելու համար: Թեկուզ 80, թեկուզ 90 տոկոս ձայն տված ժողովուրդը մնում է թույլ կողմ էլիտար փոքրամասնության դեմ:

Քանի դեռ ժողովուրդը կազմակերպված չէ, իսկ վերնախավերը կազմակերպված են, տիրապետում են ռեսուրսների, մոբիլիզացիոն գործիքների ու արտաքին կապերի: Ընտրողն ի վերջո միայնակ ընտրող է, որն ընտրում է ու գնում է տուն:

Այդ 80 տոկոսը կազմակերպված ուժ չէ, այլ անհատ, որն ապրում է իր կենցաղով:

Սրան հակառակ՝ փոքրամասնությունը, լինի դա 20, 10 թե 5 տոկոս, կազմակերպված ուժ է, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Վերնախավերի դիմադրությունը ոչ միայն չի թուլանալու, այլ որոշ ժամանակ անց՝ ուժեղանալու է: Նրանք ավելի են միավորվելու և կենտրոնանալու:

Նույնը վերաբերում է արտաքին ուժերին: Հեղափոխական քաղաքականության հաջողությունները միայն սրելու են, այլ ոչ թե թուլացնելու են քաղաքական պայքարը:

Եթե նպատակ է դրված իրացնել մեծամասնության պահանջները, իսկ հեղափոխական քաղաքականությունը հենց դա է, ապա փոքրամասնության, ինչպես նաև արտաքին ուժերի շահերին, ուժեղների շահերին ընդհանրապես հնարավոր չէ չդիպչել: Իսկ դա նշանակում է դիմադրության շարունակություն և ուժեղացում: Ավելին՝ ընտրություններում պարտությունը կարող է նույնիսկ ծայրահեղացնել դիմադրության ոճը:

Այնպես որ անհոգությամբ պետք չէ տառապել, ոչ էլ՝ քարոզել այն: Սրանք զուտ քաղաքագիտական դիտարկումներ են: Քարոզչական չեն: Քարոզչական ինչ ուզեք, կարող եք ասել:



Նման նյութեր