Հրապարակախոս Հովհաննես Պապիկյանի հրապարակումը.
Սեդա Բաբաջանյանը հայ գրականության երիտասարդ ուսուցչուհի էր Լենինականում՝ բանասեր, գեղեցկադեմ մի օրիորդ, գրականության նվիրյալ և… Շիրազապաշտ: Շիրազին նվիրված հանդիպմանը Լենինականում Սեդան իր բնութագրող խոսքն է ասում դահլիճում, հակիրճ վերլուծում բանաստեղծի գործերը և արտասանում Շիրազին նվիրված իր բանաստեղծությունը: Ահա ա՛յդ է դառնում Շիրազից Սեդային նամակներ գրելու առիթը, որը հետագայում դառնում է նամակ-երկխոսություն, ու նրանց միջև մի գեղեցիկ մտերմություն է ստեղծում:
Բախտավոր աղջիկ… Շիրազի ջերմությունն անսքող է, վերջինս անգամ իր տրամադրության վեր ու վարը կիսում է Սեդային գրած նամակներում:
Շատ տարիներ անց Սեդան իր անցած ճանապարհի գիրքն է սկսում գրել՝ մանկավարժի իր գործունեության ու Շիրազի հետ իր նամակագրության նկարագրությունը, որն, ավաղ, չի հասցնում տպագրել:
…Ի՜նչ լավ է, որ զոքանչասեր տղաներ կան աշխարհում: Եվ ահա Սեդայի դստեր ամուսին Ալեքսանդր Հարությունյանը, ով հիմա ընտանիքով ապրում է ԱՄՆ-ում, ով որտեղից-որտեղ ճարել, կարդացել էր «Ծանոթ անծանոթ Շիրազը» իմ հեղինակած գիրքը, Գյումրի իր այցելությանը խնդրեց հանդիպել: Հանդիպեցինք: Նա բերել էր իր զոքանչի անավարտ գիրքը և խնդրում էր ապահովել դրա տպագրությունը:
Ես սիրով հանձն առա այդ գործը՝ տպավորված Շիրազի և ուսուցչուհու մտերմությամբ: Հիմա իմ այս ուրախությունը կիսեմ ֆեյսբուքյան իմ ընկերների հետ, ովքեր, վստահ եմ, Շիրազի հանդեպ իրենց սերն ու բարի վերաբերմուքը շարունակում են պահել և իրենց համար այնքան անհետաքրքիր չեն թվա Շիրազի նամակները. դրանք Շիրա՛զն է գրել:
***
«Սիրելի Սեդա
Ստացել եմ նամակներդ, անուշիկ մշուշներով լիք, հուշիկ շշուկներով, բայց ես խարխափում եմ գովեստի ոսկեփուշի մշուշում: Քաղաքավորությանս համար չէ, որ, սակայն, իմ խորին շնորհակալություններս եմ թևավորել ահա դեպի գոց ու մոց սիրտդ: Վաղուց չէի այցելել իմ սուրբ ծննդավայրս, մղկտում էր սիրտս ամոթից և կարոտից: Եկա և ապշեցի իմ ժողովրդի մեծ ու մեծ ճաշակով, սրբությամբ, անբասիրությամբ:
Եւ այժմ աղոթում եմ, որ միշտ այդպես մնա հավերժ իմ Գյումրին, սրբության կաղնի, որի արմատները խրված են մինչև Վանա ծով, որի ստինքից եմ խմում մեր իղձերի շղթայված կաթնաղբյուրը:
Ձեր ելույթի համար՝ ինձ նվիրված գրական երեկոյում, սրտաթունդ շնորհակալություն և նաև այն բանի համար, որ հիշում եք ինձ և նույնիսկ բանաստեղծություն նվիրում ինձ… Իրավ, իմ հայրենիքի դուստրերն ու մայրերը ինձ շատ են նվիրում տողեր, հույսի շողեր: Բայց ոչ մեկը մայրերից գլխի չընկավ, որ բանաստեղծն իր տան մեջ էլ անտեր է այժմ և շղթայված գերի մի, կամ եղնիկի մորթի, որ զարդարեր մենությանս սենյակը: Ու տխուր եմ դեռ, ու ծվատված է սիրտս պոռնկացվող աշխարհում:
…Համբուրիր Ալագյազս աչքերովդ, բաց ոչ… թող աստղերը համբուրեն. միայն աստղերն են անարատ ու անբիծ»:
***
«Իմ ամենալավ ընթերցող Սեդային
Ամեն մի հայ թե իր գուսան Շիրազի չափ մտածե,
Թե անմուրազ իր Շիրազի մի մազի չափ մտածե՝
Արարատը մերն է, հայեր, մերն էլ իսկույն կդառնա,
Թե աշխարհն էլ գեթ Շիրազի երազի չափ մտածե…»:
1963թ. մայիս, Երևան
***
«Սիրելի Սեդա
Ախ չէ, քույրս, ուռենու պես կռանում եմ ամեն օր,
Կաղնիատենչ հույսիս առվից հեռանում եմ ամեն օր,
Մահից հետո ի՞նչ եմ անում անմահությունն անմարմին,
Անմահությունն ի՞նչ եմ անում, երբ մեռնում եմ ամեն օր…
Հովհաննես Շիրազ»:
1963թ.
***
«Սիրելի գյումրուհի հայրենակցուհիս
Երկար ու քար լռությունից հետո մի կտուց ձայն հանեցիր, այն էլ ճնճղուկի, մի՞թե Շիրազի վարդանոցս դեռ կարոտ է մնալու գեթ մի սոխակի մրմունջի… Բայց երևի այդ էլ շատ է նվաստիս համար, քանզի «բոլորը» երես են դարձրել այրվող-Ավարայրվող անհայտ զոհիցս, բացի ողջ ու միակ առողջ «խոնարհ» խավերից, որ ինքը բուն և սրբություն ժողովուրդն է: Դու վերից ես, վերևներից, որ վատ է, հավիտյանս վատ, որ խոնարհներում տառապողիս այսպես ուշ-ուշ, այսպես քիչ-քիչ ես մտաբերում…
Համբույրս՝ Ալագյազիս
Հովհաննես Շիրազ»:
…Հիմա երկուսն էլ Երկնային ճանապարհներին են – Աստծո որոշելիքն է՝ այնտեղ հանդիպե՞լ են իրար…