Երբեմն ինձ թվում է, որ մենք միաժամանակ չափից շատ մարդկանց չափից շատ բան ենք խոստանում:
Ավելի հաճախ մենք չափից շատ բան ենք խոստանում ինքներս մեզ: Այդպես մենք մեր ուղեղում պատասխանատվության փոքրիկ օջախներ ենք ստեղծում, որոնք լարում են մեր ուղեղը: Մենք խոստանում ենք, որ պետք է հանդիպենք, փոխանցենք, մասնակցենք, զանգենք, հետևենք, անենք, և այլն, և այլն: Մեր ուղեղը նմանվում է փեթակի, որի մեջ բազմաթիվ մեղուներ են բզզում, և բզզոցը գրեթե չի դադարում:
Խնդիրը կայանում է նրանում, որ մեր ուղեղը հիմնականում լարում են մանրուքները, մտքերը, անելիքները, որոնք մեծ հաշվով կարևոր չեն: Հիշողությունը, որ մենք խոստացել ենք երկու օրից այս մանր բանն անել, խանգարելու է մեզ այդ երկու օրերի ընթացքում: Դրա իրագործումն առանձնապես մեծ բան չի տալիս, բայց դրա առկայությունն իրենով շեղում է մեզ մեծ բաներից:
Երբ ես որոշեցի այդ խնդիրը լուծել, առաջին հերթին ազատվեցի սոցիալական ցանցերից կախվածությունից: Բզզոցների մի մեծ տարափ ուղեղումս անմիջապես մարեց: Հաջորդը՝ ես դադարեցի խոստանալ մարդկանց այն, ինչն իրականում մեծ բան չէ, բայց ինչի հասցրած վնասները շատ ավելի մեծ են՝ մտածմունքների, վերլուծությունների տեսքով: Եվ երրորդը՝ ես սկսեցի ավելի շատ անել այն, ինչն
իսկապես կարևոր է: Այն, ինչը կարևոր է, երբեք չի բզզում մեր ուղեղում՝ որքան էլ մեծ ու դժվար լինի:
Մեր ենթագիտակցությունը կարծես մեզ հուշում է, որ այս բանը բզզոց է, իսկ սա՝ կարևոր: Բայց մենք չգիտես ինչու ընկնում ենք բզզոցների: Հակառակը՝ դրանից մեր ուղեղն ավելի գործուն և հստակ է դառնում: Ուղեղն աշխատում է նպատակային, ուղղորդված, այլ ոչ թե անկանոն:
Պատմություն «նպատակասլաց» գյուղացու մասին Մի պատմություն կա մի գյուղացու մասին, ով պետք է կեղտից խցանված առուն բացեր, որպեսզի ջուրը կրկին իր դաշտ մտներ: Նա վերցնում է բահը, և ճանապարհ ընկնում դեպի գյուղի մյուս ծայրը, որտեղ էլ գտնվում էր առուն: Ճանապարհին որոշում է ընկերոջ տուն մտնել և վաղուց մոռացված մանգաղը հետ վերցնել: Երբ հանդիպում է ընկերոջը, երկուսով խոսակցության են բռնվում և հիշում, որ իրենց համագյուղացու կովը ձագ է ունեցել: Որոշում են իրար հետ ճանապարհ ընկնել և ճանապարհին նաև նրանց տուն մտնել: Երբ հասնում են համագյուղացու տուն, տեսնում են, որ նորածին հորթը սատկել է:
Երեքով նստում են, խոսում, օգնում հորթին թաղել, և գյուղացին շարունակում է ճանապարհը:
Դեռ չէր հասել գյուղի վերջ, երբ տներից մեկից ուրախության ձայներ է լսում: Պարզվում է՝ համագյուղացիներից մեկը բերքահավաքն է նշում և խնջույք է կազմակերպել, և երբ իրեն նկատում են, ներս են հրավիրում: Չցանկանալով մերժել՝ գյուղացին որոշում է կարճ ժամանակով մտնել: Ներսում սկսում են ուտել, խմել, և այնքան են խմում, որ առվի մասին մոռանում է: Երբ վերջապես դուրս է գալիս
տանից, պարզվում է, որ արդեն մութ է, գլուխն էլ ցավում էր, ուստի որոշում է տուն վերադառնալ, և առուն հաջորդ օրը բացել: Հասնում է տուն և հիշում, որ վաղն առավոտյան բերքը պետք է տաներ քաղաք վաճառելու: Եվ ընկնում է մտածմունքների մեջ. առուն բացե՞լ, թե՞ բերքը տանել: Ողջ գիշեր չի կարողանում քնել. իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ ամենը հետդարձի ճանապարհին աներ կամ ընդհանրապես չաներ:
Հեռու մնացեք բզզոցներից, գործեք թիրախային և արդյունավետ: