Պարզվել է, որ եվրոպացիներն ու ասիացիները օրգազմը տարբեր կերպ են արտահայտում, բայց ահա ցավը՝ միանման: Գլազգոյի համալսարանի հոգեբանների անչափ արտասովոր հետազոտությունը հրապարակվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի PNAS ամսագրում:
Փորձարկման համար ստեղծվել է դեմքի արտահայտության իմիտացիայի համակարգչային ծրագիր՝ 42 շարժումներից կազմված: Դրանց թվում էր՝ հոնքերի և շրթունքների մկանների դիրքը: Այնուհետև հարցում է անցկացվել 40-ական կանանց և տղամարդկանց շրջանում, որոնք պատկանում են տարբեր մշակույթների՝ եվրոպական և ասիական, թե իրենց կարծիքով՝ մոդելավորված դեմքերը ինչ զգացումներ են արտահայտել: Պարզվել է, որ եվրոպացիներն ու ասիացիները օրգազմը տարբեր կերպ են արտահայտում, բայց ահա ցավը՝ միանման:
Այսպես՝ արևմտյան մշակույթի ներկայացուցիչները օրգազմի պահին աչքերը լայն բացում են, նաև բերանն են բացում, մինչեռ արևելյան Ասիայի երկրների մարդիկ շրթունքները սեղմում են և դրանք ձգում թեթևակի ժպիտով:
Միևնույն ժամանակ, եվրոպացիներն ու ասիացիները նույն կերպ են ընկալում դեմքի ցավի արտահայտությունը. իջեցված հոնքեր, կնճռոտած քիթ և փոքր-ինչ կկոցած աչքեր՝ այտերի վերին հատվածի լարվածության հաշվին:
Գիտնականների կարծիքով՝ փորձի արդյունքներն ակնհայտ արտացոլում են հիացմունքի և հաճույքի դրսևորման հարցում երկու մշակույթների տարբերությունը հանրության մեջ ընդունելի նորմերի տեսանկյունից: Այսպես՝ արևմտյան մշակույթում մարդիկ գնահատում են դրական գրգռված վիճակը, օրինակ՝ ուրախալի-հուզումնալի արձագանքը և խանդավառության դրսևորումը: Սա առավել հաճախ ասոցացվում է լայն բացված աչքերի և բերանի շարժումների հետ:
Միաժամանակ, ասիական մշակույթի մարդիկ գնահատում են զգացմունքների զուսպ դրսևորումը, ինչը հաճախ արտահայտվում է սեղմված շրթունքների թեթևակի կիսաժպիտով: