Ամերիկյան հորքուրի գանձ բրաունին
Advertisement 1000 x 90

Ամերիկյան հորքուրի գանձ բրաունին

Բրաունին, համեմատության եզրեր գտնելու համար կարելի է հայկական գաթայի հետ համեմատել․ այ այդքան սիրում են ամերիկացիներն այս շոկոլադե խմորեղենը։ Այն պատրաստում են  հնարավոր բոլոր առիթների դեպքում, առհասարակ՝ ցանկացած անհասկանալի իրավիճակում կարելի է բրաունի ուտել, այս շոկոլադե հրաշքը իր չնաշխարհիկ համով ու քաղցրությամբ փակում է կյանքի դառնությունները։ Այսօր կպատմենք, թե ինչպես են մարդիկ ստեղծել այս  հրաշալի, որոշ բրաունիասերների պնդմամբ էլ՝ կատարյալ քաղցրավենիքը։

Բրաունին շոկոլադե դասական դեսերտ է, և շատ տարածված ու սիրված է նաև իր պարզ բաղադրության շնորհիվ՝ արագ, հեշտ ու որակյալ։ Բայց որքան էլ հեշտ լինի պատրատելը, մեկ է, իր նրբություններն ունի, և այս նրբությունները չպահպանելու դեպքում չեք ստանա ճիշտ թխվածք։ Շատերը պնդում են, որ բրաունին սովորական  շոկոլադե պիրոգն է, որն ուղղակի մատուցում են, սովորաբար, պաղպաղակով, բայց ամերիկացիները համակարծիք չեն, և մերժում են այս մոտեցումը՝ արդարացիորեն։

Բրաունի պատրաստելիս պետք է «անհնարինն» անել․ եփելուց հետո խմորի վերին շերտը պետք է լինի ամուր, իսկ խմորի ներսը՝ «խոնավ»՝ բայց ոչ՝ հում։ Պետք է զգացողություն լինի, թե խմորի մեջ հոսող շոկոլադ կա, բայց ոչ այնքան հոսող, ինչպես «լավա քեյքի» մեջ, այլ՝ ուղղակի խմորը «խոնավ» պահելու չափով։ Բա՜, տեսնում եք, որ ամեն հանճարեղություն չէ, որ հեշտ է տրվում։ Բայց մի վհատվեք, մարդիկ կարողանում են նման խտության խմորեղեն ստանալ՝ փառք պրոֆեսիոնալ խոհարարների աստվածներին։

Բրաունիի մեջ, ի տարբերություն այլ կեքսերի ու տորթերի, կակաոն ալյուրից շատ է, հենց սա էլ տարբերում է բրաունին մնացած այլ շոկոլադե խմորեղեններից։

Իսկ ամեն ինչ սկսվել է այսպես։ Նախ շոկոլադե խմորեղեններից սկսենք․ 1670 թվականին, աշխարհին անձնապես անհայտ Դորոթի Ջոնսն ու Ջեյն Բերնարդը  Բոսթոնում  խմորեղենի արտադրամաս-սրճարան  են բացում։ Այս թվականին շոկոլադը համարվում էր «ծիծաղելի» ուտելիք։ Մի մասն այն համարում էր շատ համեղ քաղցրավենիք, բայց մեծամասնությունը շոկոլադին վերագրում էր մեղսավոր առաքելություն, իսկ շոկոլադեղեն ուտելն էլ՝ ուղիղ ճանապարհ դեպի դժոխք (փաստորեն, որքան էլ Led Zeppelin խումբը դրախտային ձայնով  երգի Stairway to heaven, մեր ապագան կապված է Ac/Dc-ի հետ՝ Highway to hell․․․․էհ, դժոխք ենք գնալու, բայց, կարծես թե, լավ նորություն էլ կա, այնտեղ հաստատ շոկոլադ կա, ուռա՜)։ Հենց այստեղ էլ պատրաստում էին առաջին  տաք շոկոլադները, շոկոլադե թխվածքները և մնացյալը՝ պատմությունն է փաստում։ Թե որքանով է սա ճշմարտացի՝ դժվար է ասել։ Բայց փաստը մնում է փաստ, որ շոկոլադե  խմորեղենները  այսպես գրավեցին ամերիկացիների, հետո՝ աշխարհի այլ ազգությունների սրտերն՝ անվերադարձ։

18-րդ դարում հարուստ ընտանիքներում արդեն ավանդույթ կար՝ նախաճաշի ընթացքում պարտադիր մեկ բաժակ տաք շոկոլադ վայելել՝ կավե կճուճի մեջ պատրաստած, սա համարվում էր տվյալ ժամանակաշրջանի՝ եվրոպական և ամերիկյան գաստրոկյանքի մոդայի ճիչը, անգամ՝ աղաղակը։

19-րդ դար, հրապարակ են մտնում պատմամշակութային համալիրի Ի՜ս—կա՜ն—դե՜ր բրա-ու-նի-նե՜-րը։ Բրաունիի պատմությունը սկսել է Չիկագոյից, 1893 թվականին՝  կոլումբիական ցուցահանդեսի ժամանակ, և բրաունին ստեղծել է․․․կանացի կապրիզը։

Հարուստ տիկին Բերտա Փոթերը խնդրել է Չիկագոյի հյուրանոցներից մեկի  շեֆ խոհարարին ստեղծել դեսերտ, որը կտեղավորվեր ցանկացած լեդիի լանչ բոքսի մեջ, որը կարող էր իր հետ պտտացնել և դեսերտն  ուտել ցուցադրությունների ընթացքում։ Այսպես էլ ծնվեց առաջին, «խոնավ», կակաոյաշատ բրաունին՝ Palmer House Brownie։ Ասում եք, էլի, առաջընթացն ինչ օգտակար է, եթե սա հիմա լիներ՝ ցուցադրությունը «լայվով» կնայեին, խեղճ խոհարարին էլ չէին չարչարի։ Բայց էդպես էլ բրաունի չէինք ունենա․․․Լավ, այդ դեպքում շնորհակալություն հայտնենք փոքր-ինչ տանջված, բայց մեզ բրաունի պարգևած խոհարարին՝ անգամ եթե մեզ չի լսում, ու անցնենք առաջ։

Առաջին բրաունիները պատրաստում էին մեծ քանակությամբ շոկոլադով, կարագով, շաքարավազով, ավելացնում էին նաև ձու ու ալյուր։ Խմորեղենը զարդարում էին ընդեղենով և տարատեսակ ջեմերով։

Այսօր ամբողջ աշխարհում բրաունին մեծամասամբ մատուցում են ընդեղենով և պաղպաղակով, բայց  այս՝ ստամոքսի շոկոլադե ուրախությունը, որը միանշանակ արժանի է ամերիկյան հորքուրի գանձը լինելու տիտղոսին, թույլ է տալիս  իմպրովիզացիոն լուծումներ ստանալ՝ հետաքրքիր ու համեղ։ Օրինակ, ավելացնել չամիչ, կարամել, թարմ մրգեր ու հատապտուղներ, սպիտակ շոկոլադ, և այլն։

Հորքուրի գանձ խմորեղենը նաև Հայաստանում է շատ սիրվել, ու մեր գործընկեր շատ ռեստորաններ ու խանութներ պատրաստում են շատ համեղ բրաունիներ, ձեզ մնում է միայն այցելել մեր հատուկ՝ քաղցրավենիքի բաժին՝ սեղմելով այստեղ, և պատվիրել աննման բրաունիներ։ Եվ թող կյանքը ճիշտ պատրաստած բրաունիի պես համեղ ու քաղցր լինի։

blog.menu.am