Հնագույն ժամանակներից է գալիս այն գաղափարը, որ ծննդյան պահը ճակատագրական նշանակություն ունի մարդու կյանքում։ Դա բացատրվում էր նորածնի վրա աստղերի դասավորության ազդեցությամբ։ Ավելի ուշ հոգեբանությունը նույնպես անդրադարձավ այս հարցին, սակայն միանգամայն այլ տեսանկյունից։ Ազդում են ոչ թե աստղերը, այլ այն ապրումները, որ սաղմն ունենում է ծննդյան պահին։ Պետք է ասել իհարկե, որ աստղաբանական և հոգեբանական մոտեցումները տրամագծորեն հակադիր չեն իրար, ընդհանուր եզրեր ունեն. երկու դեպքում էլ կարևորվում է առաջին տպավորությունների դերը մարդու կյանքում։ Աստղաբանական տեսանկյունից դա ծնվելու պահին աշխարհի ֆիզիկական պատկերի տպավորումն է, իսկ ըստ հոգեբանների` առաջին սթրեսածին իրավիճակի ու դրա հաղթահարման ապրումային փորձի տպավորումը։ Ցավոք, աստղաբանական տեսակետը գիտական առումով գրեթե հետազոտված չէ, այն դեպքում, երբ հոգեբանական մոտեցումը շուրջ հարյուր տարի է, ինչ բազմակողմանի հետազոտությունների է ենթարկվում։
Զ. Ֆրոյդն առաջիններից էր, որ ծնունդը դիտեց որպես ֆիզիոլոգիական և հոգեբանական առումներով նշանակալի տրավմատիկ իրադարձություն մարդու կյանքում։ Ըստ նրա, գոյապայմանների կտրուկ փոփոխությունը, ահռելի քանակությամբ ինֆորմացիան, որ «թափվում է» նորածնի գլխին, հզոր տագնապ են առաջացնում նրա մեջ` հիմք հանդիսանալով հետագա վախերի համար։ Ըստ հոգեվերլուծաբան Ն. Ֆոուդորի, առաջին անգամ երեխան մահվան ապրումներ ու վախ է ունենում։ Ծննդյան իրադարձությանն առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում Ֆրոյդի աշակերտ Օտտո Ռանկը։ Նա գտնում էր, որ ծննդյան պահին երեխան կարծես «վտարվում է դրախտից», ապրում առաջին բաժանումը։ Դա տառապանքի առաջին փորձն է, որ տպավորվում է մարդու ենթագիտակցության մեջ ու կաևոր դեր խաղում ողջ կյանքում։ Ռանկը ծննդյան տրավման նևրոզների առաջացման հիմնական պատճառներից մեկն է համարում ու նաև գտնում, որ կյանքի ամենատարբեր սթրեսային իրավիճակներում այդ առաջնային ապրումներն ակտիվանում են ու իրավիճակն ընկալելու, գնահատելու ու հակազդելու դիրքորոշում ձևավորում։ Այս ոլորտում նշանակալի ներդրում կարելի է համարել տրանսպերսոնալ հոգեբանության հիմնադիր Ստանիսլավ Գրոֆի հետազոտությունները։ Նա ցույց տվեց, որ գիտակցության փոփոխված վիճակներում /այդ վիճակներն առաջ էին բերվում որոշ հոգեմետ նյութերի, ասենք` ԼՍԴ- ի օգտագործման, հատուկ շնչառական վարժությունների միջոցով/ մարդիկ հաճախ իրենց ծննդյան ապրումներն էին վերհիշում։ Այդ ապրումները դասակարգվել են 4 այսպես կոչված հիմնային պերինաթալ( հուն. peri –շուրջ, լատ. natalis – ծնունդ արմատներից) մատրիցաների կամ կաղապարների (լատ. matrix – կաղապար, հիմք, աղբյուր, արգանդ բառից)։ Առաջին պերինաթալ մատրիցան կապված է նախածննդյան շրջանի ապրումների հետ, որը Գրոֆը բնութագրում է որպես «տիեզերական միասնության զգացողություն», «անսահման երանություն» և այլն։ Այդ երանությունը կարող է ընդհատվել ու փոխարինվել տառապալից ապրումներով, եթե սաղմը ինչ-որ տրավմաներ է ունեցել /ասենք, մայրը հիվանդացել է կամ ծանր ապրումներ ունեցել. ի դեպ այս դեպքերում ծնողները հաստատում են, որ հղիության ընթացքում նման իրադարձություններ իսկապես եղել են/։ Երկրորդ պերինաթալ մատրիցան վերաբերում է ծննդի գործընթացի առաջին շրջանին և դրսևորվում որպես անորոշության, ֆիզիկական անբարեհարմարության, տագնապի, անելանելիության, դժոխքի, անօգնականության և նմանատիպ այլ հոգեվիճակներով։ Երրորդ պերինաթալ մատրիցան համընկնում է ծննդաբերության երկրորդ շրջանին։ Հետազոտվողներն այս փուլը ներկայացնում են որպես յուրահատուկ գոյապայքար, որն ուղեկցվում է ահռելի լարվածության, տառապանքի, կատաղության, սեռական գրգռվածության, երբեմն էլ երանության ապրումներով։ Չորրորդ մատրիցան կապված է ծննդի երրորդ փուլի հետ. տառապալից ապրումները սաստկանում են, մահվան զգացողություն է ի հայտ գալիս, վերջին պահին շնչառության խախտում է առաջանում, թթվածինը չի բավարարում, իսկ ծնվելուց հետո անսպասելի հանգստություն է իջնում։
Ըստ Գրոֆի, այս ապրումները հետագայում կարող են խորհրդանշական տեսք ստանալ ու ի հայտ գալ զանազան վախերի ձևով, օրինակ` վախ փակ և բաց տարածություններից, մահվան, խեղդվելու վախ, վախ բաժանումից և այլն։ Ծնունդով պայմանավորված հետծննդյան շրջանի ապրումները, ըստ Գրոֆի, հանդես են գալիս որպես համակարգ /դրանց համար հեղինակն օգտագործում է «խտացված ապրումների համակարգ» հասկացությունը/, որի մեջ կարծես մի թելով կապված են կյանքի տարբեր շրջանների` նույն թեման ունեցող հուզական հիշողությունները։ Այդ հիշողություններն, ըստ հեղինակի, մեծ դեր են խաղում մարդու ճակատագրում, զանազան հիվանդությունների պատճառ հանդիսանում։ Մեկ այլ հեղինակ` Ս. Խամսին, փորձել է պարզել նաև այն խթանները /տրիգերները/` կյանքի իրադարձությունները, որոնք կարող են արթնացնել ծննդյան ապրումները, հետևաբար նաև դրանց հետ կապված հուզական հիշողությունների շղթաները։ Դրանցից են, օրինակ` աշխատանքի, բնակավայրի փոփոխությունը, սեռական հարաբերությունները, որոշ մեղեդիներ, ֆիլմեր և այլն։ Ըստ հեղինակի, այդ ապրումները հաճախ մարմնական զգացողություններով են արտահայտվում /ծննդյան հիշողություններն առավելապես մարմնական բնույթ են կրում/։
Մի շարք հեղինակներ այն կարծիքին են, որ ծննդյան գործընթացի առանձնահատկությունները մեծապես պայմանավորված են նախածննդյան գոյապայմաններով` սաղմի նկատմամբ ունեցած ծնողների վերաբերմունքով, հղիության ընթացքում մոր կրած սթրեսներով և այլն։ Այսպես, ամերիկացի գիտնական Բարնեթը, հետազոտելով դժվար ծնունդ ունեցող երեխաների նախածննդյան շրջանը, պարզել է, որ նրանց 67 տոկոսը նախածննդյան շրջանում ծանր սթրեսներ է տարել։ Ըստ որոշ հետազոտությունների, ծննդյան դժվարություններ կարող են առաջ բերել նաև ծննդաբերության պահին մոր տագնապները, ուժեղ հուզական ապրումները։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ ծննդյան սթրեսները կարող են նկատելիորեն հաղթահարվել հետծննդյան շրջանում երեխայի նկատմամբ ջերմ, հոգատար վերաբերմունքով, առօրյա սթրեսներից /ընտանեկան կոնֆլիկտներ, միջավայրի անբարենպաստ պայմաններ և այլն/ նրան զերծ պահելու միջոցով։
Այսօր հետազոտություններ են կատարվում նաև պարզելու, թե ինչ դեր են խաղում ծննդյան գործընթացի առանձնահատկությունները մարդու բնավորության, դիրքորոշումների, վարքի ստերեոտիպերի ձևավորման գործում։ Ըստ Ս. Գրոֆի` «Մարդու ծննդյան առանձնահատկությունները, ըստ երևույթին, կարևոր դեր են խաղում նրա` կյանքի նկատմամբ վերաբերմունքի, լավատեսության ու հոռետեսության, մարդկանց հետ հարաբերությունների, ճակատագրի հարվածներին դիմակայելու ու իր նպատակներին հասնելու դիրքորոշումների ձևավորման գործում»։ Այս ոլորտի ճանաչված հետազոտողներից է ՈՒ. Էմերսոնը։ Ըստ նրա, ծնունդը մարդու ենթագիտակցության մեջ մնում է յուրահատուկ շարժողական սխեմաների ձևով /օրինակ` ծննդյան դիրքի սխեման/։ Այդ սխեմաները մեծ դեր են խաղում մարդու բնավորության, սովորույթների, նույնիսկ շարժուձևի ձևավորման գործընթացում։ Այսպես, ըստ հեղինակի, կեսարյան հատմամբ ծնվածներին հաճախ բնորոշ է լինում ցածր ինքնագնահատականը, անօգնականության զգացումը, նպատակաուղղվածության ցածր մակարդակը և այլն։
Ամերիկացի հոգեթերապևտներ Ա. Հանտերը և Շ. ՈՒորդը նույնիսկ այն կարծիքին են, որ ծննդյան սցենարն է որոշում մարդու կյանքի սցենարը։ Նրանք դասակարգում են ծննդյան տրավմայի տեսակները և գտնում, որ դրանցից յուրաքանչյուրը մարդու մեջ որոշակի կյանքի սցենար է ձևավորում։
Ամփոփելով շարադրվածը` նշենք, որ ներկայացված հետազոտությունները չեն կարող միանշանակ ընդունվել, դրանցից շատերը դեռևս վարկածային բնույթ են կրում։ Միևնույն ժամանակ, այս հետազոտություններին, կարծում ենք, պետք է լրջորեն վերաբերվել, մանավանդ, որ դրանք կիրառական որոշակի արժեք ունեն։ Օրինակ, հայտնի է, որ ծննդյան տրավմայի հաղթահարմանն ուղղված հոգեթերապևտիկ մեթոդները /տրանսպերսոնալ հոգեթերապիա, առաջնային ճիչի թերապիա, ռեգրեսիվ հիպնոթերապիա, ռանկjան թերապիա և այլն/ արդյունավետության բարձր մակարդակ ունեն։
Հոգեբանական գիտ. դոկտոր