45 տարի առաջ՝ 1973 թ. հոկտեմբերին, կյանքից հեռացավ Մարգար Սեդրակյանը, ով ստեղծել է հայկական և ուկրաինական կոնյակի լավագույն տեսակները։
Նրա էլիտար ըմպելիքները մեծ հաջողություն էին ունենում դիվանագիտական ընդունելությունների ժամանակ, իսկ սըր Ուինսթոն Չերչիլը մի անգամ հորդորել է. «Երբեք մի՛ ուշացեք ճաշից, ծխե՛ք հավայան սիգար և խմե՛ք հայկական կոնյակ»։ Այնպես է ստացվել, որ հենց այս հայտնի բրիտանացի քաղաքական գործիչն է, որ առանց դրա մասին իմանալու անգամ 40-ականներին փրկել է «հայկական կոնյակների հայր» Մարգար Սեդրակյանին դժբախտ ճակատագրից։
Հատուկ տաղանդ
Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարգար Սեդրակյանը ծնվել է 1907 թ. Օսմանյան կայսության տարածքում գտնվող Խառակոնիս գյուղում։ Մեծացել է երևանյան մանկատներից մեկում, որտեղ հայտնվել էր հարյուրավոր երեխաների հետ, որոնք զրկվել էին ծնողներից։
23 տարեկան հասակում Մարգարն ավարտել է գյուղատնտեսական համալսարանը, և ընդամենը 5 տարի անց մշակել բարձր դասի առաջին խորհրդային կոնյակի խառնուրդը։ Նա շատ էր ցանկանում նոր խմիչքին տալ «Հայաստան» անունը, սակայն առավել գիտակ մարդիկ նրան համոզեցին առավել չեզոք անուն ընտրել՝ «Հոբելյանական»։ Եվ ճիշտ արեցին. 1937-1938 թթ. այս պատճառով նա կարող էր դառնալ ազգայնամոլության վերաբերյալ քրեական գործի մեջ ներգրավված մեղադրյալ։ 1940-ին 33-ամյա երիտասարդ տղամարդն արդեն համարվում էր Խորհրդային Միության կոնյակի գլխավոր դեգուստատորը (համտեսողը)՝ դառնալով Երևանի կոնյակի գործարանի գլխավոր ինժեներ-տեխնոլոգը։ Նա հայտնաբերել է կոնյակային սպիրտների պատրաստման նոր տեխնոլոգիա՝ աշխարհին նվիրելով «Ընտիր» (1939) և սպասված «Հայաստան» (1940) կոնյակները։
Զրկելով զինվորներին «100 գրամներից»
1941-ին սկսված Մեծ հայրենական պատերազմը կարող էր հաստ խաչ քաշել Խորհրդային Միության կոնյակային արտադրության վրա։ Ընկեր Ստալինն անձամբ էր հրամայել, որ բոլոր գործարանները, որոնք սպիրտային խմիչքներ են արտադրում, ռազմական կատեգորիա ձեռք բերեն։
Դրանք պետք է ականավորվեին ու պայթեցվեին Թուրքիայի կամ Ճապոնիայի կողմից հանկարծակի հարձակման դեպքում։ Իր արդարացիության վրա վստահ լինելով՝ Մարգար Սեդրակյանը հրաժարվեց հրամանից և անձամբ հանձնեց պայթուցիկ նյութերը Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին։ 6 տարի անց նրա նկատմամբ հետապնդում նշանակվեց, և Սեդրակյանին ձերբակալեցին։
Երկրի գլխավոր դեգուստատորը ևս մեկ պաշտոնական չարաշահում է իրականացրել։ Բանն այն է, որ բոլոր պարզ սպիրտները պետք է ուղարկվեին ռազմական ճակատ, որտեղ դրանք բաժանվում էին զինվորներին հարձակումից առաջ։ Կոնյակային սպիրտները բաժանվում էին սպաներին և գեներալներին։ Գործարանների պահեստներում պետք է մնային միայն նախկինում թողարկված, արդեն պատրաստ կոնյակները։ Մարգար Սեդրակյանն օգտագործեց իր ողջ «հմայքը», որպեսզի համոզի Կենտրոնական դեգուստացիոն հանձնաժողովի աշխատակից Սնեգովսկուն անօրինական կերպով տպել 1000 պիտակ 1941-ի մարտից ենթադրաբար թողարկված, սակայն իրականում գոյություն չունեցող «Արտաշատ» կոնյակների համար։ Այդ անվան տակ հնարավոր եղավ պահպանել ԽՍՀՄ լավագույն կոնյակային սպիրտները, որն էլ հետագայում մեծ դեր ունեցավ մեր երկրի հեղինակության բարձրացման գործում։
Խմիչք՝ վարչապետի համար
1942-ին Մարգար Սեդրակյանը ստեղծեց 50% թնդության յուրօրինակ «Դվին» կոնյակը, որն առաջին անգամ ներկայացվեց 1943 թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ։ Որպես նվեր՝ այն բերվել էր Ուինսթոն Չերչիլի համար, ով այդ օրերին նշում էր իր 69-ամյակը։ Երբ բրիտանացի վարչապետը փորձեց այդ խմիչքը, հայտարարեց, որ այլևս երբեք չի դիպչի այլ կոնյակների։ Մինչև մահը՝ 1965 թ., նա եռամսյակը մեկ ԽՍՀՄ-ից ստանում էր 10 արկղ կոնյակ (յուրաքանչյուրում՝ 20 շիշ)։ Հայկական կոնյակը Չերչիլը համարում էր «աստվածային ըմպելիք»։
Պատմաբանները հաստատում են, որ երբ Չերչիլի 75-ամյակի կապակցությամբ Ստալինը նրան որպես նվեր 75 շիշ «Դվին» ուղարկեց, այլևս իր նախկին պաշտոնը չզբաղեցնող Չերչիլը խիստ վշտացավ, որ չի լրանում իր 100-ամյակը։
Ամբողջությամբ՝ blognews.am