Մարտիրոս Սարյանն ասել է… vnews.am
Advertisement 1000 x 90

Մարտիրոս Սարյանն ասել է… vnews.am

Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:

Ստեղծագործական ոգևորությունը աշխատանքի ընթացքում է առաջանում ճիշտ այնպես, ինչպես և հուսահատությունը։

Վարպետության բարձունքներին հասնելու համար պետք է զարգացնել միտքը, հասու լինել մարդկային մշակույթին: Եվ, գլխավորը, միշտ քաղաքացի լինել: Միշտ հիշել, որ արվեստագետի կյանքն անբաժան է ժամանակից, իր ժողովրդի կյանքից:

Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։

Արվեստի հարուցած հրճվանքը մշտական է, նա միշտ ընկերակցում է մարդուն, դարձնում նրան ավելի հզոր և ընդունակ: Լինելով մարդկային հոգու ամենաբարձր դրսևորումներից մեկը` արվեստը վերածվում է կայուն անհրաժեշտության, որը մենք անվանում ենք կուլտուրա:

Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։

Ինչպես ինքը` կյանքը, արվեստն էլ մշտական շարժում է: Նրա լեզուն փոխվում է, ձևերը մահանում են, իրենց տեղը զիջելով նորերին: Այդ պրոցեսը երբեմն անցնում է հիվանդագին ու բարդ պայմաններում, և իսկական նորարարությունը, ինչպես խխունջները` նավին, կպչում է պատահական, ոչ էական, երբեմն էլ պարզապես վնասակար շատ բան: Ժամանակը, պատմությունը, վերջիվերջո, ցրում են այն ամենը, ինչ անիսկական է, կեղծ է:

Ես նպատակ ունեի հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները, գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար: Ես ուզում էի հաղորդել Արևելքի իրականությունը, գտնել այդ աշխարհի պատկերման համոզիչ ուղիները:

Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին:

Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը:

Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնութուն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն։

Ողջ մնացած ժողովուրդը հոգևոր միասնությամբ ցանկանում էր փարատել իր ծանր ողբերգությունը:

Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։

Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես։

Արվեստում սեփական խոսք ասել ի վիճակի են ոչ բոլորը – դա կախված է տաղանդի աստիճանից և աշխատանքից, ստեղծագործության մեջ ներդրվող ամենօրյա աշխատանքից:

Անհնար է սարը տեսնել, կանգնելով նրա կողքին:

vnews.am