Գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականում հրապարակել է լայնածավալ մի հոդված պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին: «Մարդ, որ մեզ ցույց տվեց Ստամբուլը» խորագիրը կրող հոդվածում նա անդրադարձել է լուսանկարչի հետ իր ծանոթությանը, Գյուլերի երկարամյա գործունեությանն ու հայկական արմատներին:
Փամուքը նշում է, որ ժամանակակից Ստամբուլի մեծագույն լուսանկարիչը ծնվել է հայկական ընտանիքում: «Առաջին անգամ Արայի մասին լսեցի 1960-ականներին, երբ տեսա նրա լուսանկարները լայն տարածում ունեցող «Հայաթ» ամսագրում: Հորեղբայրներիցս մեկն ամսագրի խմբագիրներից էր: Արան այստեղ տպագրում էր այնպիսի արտիստների լուսանկարներ, ինչպիսիք էին Պիկասոն և Դալին: Երբ իմ «Սև գիրքը» վեպի հաջողությունից հետո Արան առաջին անգամ ինձ լուսանկարեց, ես ուրախությամբ գիտակցեցի, որ իսկապես գրող եմ դարձել»,- հոդվածում պատմում է Փամուքը:
Նա նշում է, որ լուսանկարչի հետ իր ընկերությունը սկսվեց 2003 թվականից, երբ իր գրքի համար լուսանկարներ էր փնտրում Գյուլերի բազմահազարանոց լուսանկարչական արխիվից: «Մեր ընկերության սկզբում մենք երբեք չէինք խոսում Արայի հայկական արմատների ու օսմանյան հայերին կոտորելու ցավոտ պատմության մասին՝ մի թեմա, որը մինչ օրս Թուրքիայում արգելվում է: Ես զգացի, որ դժվար կլինի այս թեմայով խոսել նրա հետ, որ դա լարվածություն կարող է առաջացնել մեր հարաբերություններում: Իսկ նա գիտեր, որ այդ թեմայով խոսելը կբարդացներ կյանքը Թուրքիայում: Տարիների ընթացքում նա ինձ ավելի վստահեց և սկսեց երբեմն անդրադառնալ այնպիսի քաղաքական թեմաների, որոնց մասին ուրիշների հետ չէր խոսի: Նա պատմեց, որ 1942 թվականին, խուսափելու համար թուրքական կառավարության հռչակած «Ունեցվածքի հարկ»-ից, որը վերաբերում էր բացառապես ոչ մուսուլման քաղաքացիներին, ինչպես նաև խուսանավելով պարտադիր աշխատանքային ճամբար արտաքսվելուց, նրա դեղագործ հայրը թողել էր Գալաթասարայում իր տունն ու ամիսներ շարունակ թաքնվել մեկ այլ տանը՝ ոչ մի անգամ փողոց դուրս չգալով:
Ամբողջությամբ՝ armenpress.am