Աստերոիդների գոտին հետազոտող Dawn ավտոմատ կայանում վառելիքը սպառվել է: NASA-ն հայտնում է, որ տիեզերքում 11 տարի աշխատելուց հետո Dawn-ը նվազագույնը 2 օր կապ չի հաստատել՝ բաց թողնելով կապի 2 սեանս: Գիտնականների կարծիքով՝ չնայած Երկրի հետ կապ հաստատելու անհնարինությանը, կայանը կարող է դեռևս գտնվել ներկայիս հետագծում՝ Ցերերա գաճաճ մոլորակին մոտ, փոխանցում է DW-ն:
Dawn-ի խցիկների համակարգը մշակվել և պատրաստվել է նաև Գերմանիայի գիտական հաստատություններում՝ Բեռլինում, Բրաունշվեյգեում և Գյոթինգենում: Կայանը նախապես գործարկվել է 2007 թվականին, իսկ նրա առաքելությունը հաշվարկված էր 9 տարով: Հաջող աշխատանքից հետո Dawn-ի գործունեությունը բազմիցս երկարացվել է: 2015 թվականի մարտին Dawn-ը դարձել է առաջին թռչող սարքը, որը հասել է գաճաճ մոլորակի հետագծին: Մինչ այդ զոնդը հասել էր Վեստա աստերոիդին:
«Այսօր մենք նշում ենք Dawn առաքելության ավարտը և նրա անհավանական տեխնիկական ձեռքբերումները, որոնք մեզ կարևոր գիտական տեղեկություններ են տվել»,- հայտարարել է NASA-ի ներկայացուցիչ Թոմաս Ցուրբուխենը: