Հայկական բանակի հրամանատարությունը նոյեմբերի 5-ին զինադադարի առաջարկ է անում, որին ի պատասխան Քյազիմ Կարաբեքիրը ներկայացնում է թուրքական պայմանները:
Քյազիմ Կարաբեքիրի պատասխանը
6 նոյեմբերի, 1920թ.
Ալեքսանդրապոլի հայ բանակի հրամանատարին
Հայաստանի հանրապետության կառավարության Անգորայի մեծ ժողովի կառավարությանը ուղղած հեռագիրը և արյունահեղությունից խուսափելու համար գործողությունների դադարեցնելու մասին ձեր գրույթունը այսօր՝ 6 նոյեմբերի, 1920թ., ժամը 9-ին ստացա: Կառավարությանս ուղղված հեռագիրը Անգորա հաղորդեցի: Իհարկե, ստանալիք պատասխանը ձեզ կհաղորդեմ:
Ինչպես որ մինչև այժմ հայ բանակին գրած հեռագրերիցս հասկացվում է, փափագելով արյունահեղությունից մինչև այդ պատասխանի ստացումը գործողությունները դադարեցնելու ձեր առաջարկը ընդունում եմ, որպեսզի զորամասերս ապահով լինեն, որ ձեր առաջարկը իրական է և անկեղծ և որպեսզի հաշտության պայմանների բանակցության ժամանակ մեր զորքը հետքը ապահովվի, փոխադարձաբար հետևյալ պայմանների ձեր կողմից ընդունելը և գործադրելը կառաջարկեմ:
1. Այժմ Արփաչայից արևմուտք գտնվող հայ զորամասերը Ալեքսանդրապոլը մաքրելով Արփաչայից առնվազն 15 կիլոմետր դեպի արևելք պետք է քաշվեն:
2. Ալեքսանդրապոլ քաղաքը չպիտի գրավվի, բայց բերդը և կայարանը մեր կողմից զինվորական գրավման տակ պետք է առնվեն: Ալեքսանդրապոլում հանրային ապահովությունը, կարգի պահպանության տակ գտնվելը Ալեքսանդրապոլի բնակչության պետք է հանձնվի:
3. Նկատի ունենալով, որ Ալեքսանդրապոլը մեծ նշանակություն ունի որպես Թիֆլիս-Երևան երկաթուղու միացման կետ, Ալեքսանդրապոլի շուրջը 10 կիլոմետր տարածությամբ շրջանը թուրք բանակի վստահության համար, զորամասերի կողմից գրավվելուն արգելք չլինել:
4. Զինադադարի տևողության միջոցին, թուրքական բանակի զորքերի վրա ոչ մի կողմից և ոչ մի պատրվակի տակ հարձակում չտանել և կրակ չբացել:
5. Վերևի հոդվածները վաղը՝ 7 նոյեմբեր, 1920թ., կեսօրից հետո մինչև ժամը 5-ը ամբողջապես գործադրել և Արփաչայի արևմուտքը գտնված հողամասը և Ալեքսանդրապոլը հիշված օրը կեսօրից առաջ մինչև ժամի 10-ը ամբողջապես պարպել:
Եթե այս պայմանները չընդունվեն և 1920թ. նոյեմբերի 7-ի կեսօրից առաջ մինչև ժամը 8-ը համաձայնության պատասխան չտրվի, պատրաստ պիտի լինեմ զինվորական գործողությունները շարունակելու և սրանից առաջ եկած նյութական և բարոյական պատասխանատվությունը, իբրև հայկական բանակի հրամանատարի, Ձեզ պիտի պատկանի:
Հայտնելով սա, մատուցում եմ հարգանքներս:
Արևելյան բանակի ընդհանուր հրամանատար՝ Ֆերիդ Քյազիմ Կարաբեքիր
Լուսանկարը՝ 1878 թվական Ալեքսանդրապոլ