Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած ՀՀ քաղաքացի 25–ամյա Ալբերտ Եփրեմյանին չէին արտաքսել Իսպանիայից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց մահացածի հայրը` Գրիգոր Եփրեմյանը։
«Ալբերտը չկարողացավ տեղավորվել Իսպանիայում, որոշել էր հայրենիք վերադառնալ։ Ինքնաթիռի տոմսն էլ քեռին էր առել», – ասաց Եփրեմյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե երիտասարդին արտաքսել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում ինքնաթիռը փոխելու ընթացքում նա փախել է, ինչը ողբերգական ավարտ է ունեցել։ Սակայն Հայաստանի միգրացիոն ծառայությունում ասացին, որ իսպանական կողմը չէր զգուշացրել Երևանին ՀՀ քաղաքացու արտաքսման մասին։ Ավելին` արտաքսված Եփրեմյանն առանց ուղեկցողի էր մոսկովյան օդանավակայան ժամանել, ռուս իրավապահները նույնպես չեն ուղեկցել նրան։
Հայրը մեզ ասաց, որ 3–4 օր առաջ էր խոսել որդու հետ, իսկ անմիջապես թռիչքից առաջ Ալբերտը խոսել էր մոր ու եղբոր հետ։ Ասել էր, որ իր մոտ ամեն ինչ կարգին է։ Գրիգոր Եփրեմյանը հերքեց նաև ԶԼՄ–ներում շրջանառվող լուրն այն մասին, թե Ալբերտն ինքնաթիռում վեճ է հրահրել թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ։
«Բացառվում է, նա նույնիսկ չէր ծխում», – ասաց հայրը։
Ավելի վաղ «Ռուսական ազգային բալետ» խմբի ղեկավար, 74–ամյա Սերգեյ Ռադչենկոն ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Եփրեմյանը հենց իր հետ էր վիճել ինքնաթիռում։ Տղամարդը նշել էր, որ Ալբերտը հուզված է եղել ու կռիվ է սարքել՝ բռունցքներով հարձակվելով ինքնաթիռի այլ ուղևորների վրա։
«Իմ տղան կռվարար չի եղել, առողջ կյանք ա վարել։ Վատ բանով չեմ ասում, բայց ինքը կվախենար կռվի մեջ մտներ, շատ առողջ ու ուժեղ էր, բայց կռվարար չի եղել»,– ասաց հայրը։
Մահացած երիտասարդի հայրը եղել է քննիչի մոտ ու դեռ չի հասկանում` ինչ է տեղի ունեցել։
«Անհարմար վիճակում եմ, ոչ մի բան չգիտեմ։ Ամեն ինչ օդի մեջ ա։ Ոչ մի բան չեմ կարող ասել, մինչև հաստատ չիմանամ», – ասաց նա։
Ավելի վաղ Եփրեմյանը պարբերականներից մեկին ասել էր, որ նորություններից է իմացել ողբերգության մասին ու միանգամից դեպքի վայր է մեկնել։ Նա հայտնել էր, որ Ալբերտն առաջին ամուսնությունից ծնված որդին է։ Երիտասարդն ավարտել է դպրոցը, ծառայել ՀՀ բանակում, հետո փորձել է հաստատվել Ռուսաստանում, բայց չի ստացվել, ու նա մեկնել է տատի մոտ։
«Շատ էր ուզում այնտեղ տեղավորվել, նորմալ աշխատանք ու հարսնացու գտնել, ընտանիք ստեղծել։ Բայց, ցավոք, չստացվեց», – ասել էր մահացածի հայրը։
Ալբերտի հայրը բացատրել էր նաև` ինչու տղայի մոտ ոչ թե անձնագիրն է եղել, այլ զինվորական գրքույկն ու Հայաստան վերադառնալու մասին փաստաթուղթը։ Նա ասել էր, որ տղան կորցրել էր փաստաթղթերը, այդ թվում` անձնագիրը, դիմել էր Հայաստանի դեսպանատուն, ու նրան փաստաթղթեր էին տվել։