Նեանդերթալացիների շնորհիվ գիտնականներին հաջողվել է թափանցել մարդու ուղեղի էվոլյոցիայի գաղտնիքի մեջ: Մասնագետներին հետաքրքրել է, թե ժամանակակից մարդու գանգը եւ ուղեղը ինչու կլոր ձեւ ունեն՝ այն դեպքում, երբ նեանդերթալացու գանգը ձգված ձեւ ուներ:
Այս հարցի պատասխանը գտնելու համար գիտնականների միջազգային խումբը նեանդերթալացիների քարացած գանգերի եւ ժամանակակից մարդու գանգերի ՀՏ սքանավորում է կատարել՝ էնդոկաստեր (մարդու ուղեղի ներքին եւ վաղ թաղանթների պատճեններ) ստանալու համար: Այնուհետեւ ժամանակակից մարդու եւ նեանդերթալացիների գանգի տարբերությունների հիման վրա մշակվել է կլորաձեւության չափման միասնական եղանակ:
ՄՌՏ միջոցով կլորաձեւության աստիճանն ուսումնասիրվել է մի քանի հազար ժամանակակից մարդկանց վրա: Դրանից բացի ուսումնասիրվել են նաեւ մոտ 4500 մարդկանց գենոմները՝ նեանդերթալյան ԴՆԹ հատվածները որոշելու նպատակով:
Գիտնականներին հաջողվել է նեանդերթալյան ԴՆԹ հատվածներ հայտնաբերել 1 եւ 18 քրոմոսոմներում, որոնք կապված էին ավելի պակաս կլոր ուղեղի հետ: Այս հատվածները կապված էին նաեւ UBR4 եւ PHLPP1 գեների փոփոխված ակտիվության հետ, որոնք գործում են ուղեղի զարգացման այնպիսի ասպեկտներում, ինչպես նեյրոգենեզը եւ միելինային շերտի առաջացումը:
Այսպիսով, գիտնականներին հաջողվել է գեներ հայտնաբերել, որոնք պատասխանատու են գանգի գնդաձեւության համար: Գեների ակտիվության վրա նեանդերթալյան ԴՆԹ-ի առավել ակնհայտ ազդեցության հատվածներ են հայտնաբերվել բազալ գանգլիաներում, որոնք կապված են ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների հետ, եւ փոքր ուղեղում: