Հնարավոր է, որ դա ձեզ կզարմացնի, բայց եթե ձեր ընտյալը 30 տարեկանից ավելի է ու ամուսնալուծված, դա երջանիկ ամուսնության համար ավելի շատ հնարավորություններ է տալիս։
Սա ավելի մեծ հնարավորություն է, քան այն իրավիճակի դեպքում, երբ նա 40-ին մոտ է ու երբեք ամուսնացած չի եղել, որովհետև առաջին դեպքում մենք տեսնում ենք տղամարդու, ով սկզբունքորեն դեպի ընտանիք, գործընկերային հարաբերություններ է կողմնորոշված, իսկ երկրորդ դեպքում կարող է լինել ինչ ասես՝ մանկամտությունից մինչև ցցուն եսասիրություն ու առողջ հարաբերություններ կառուցելու անկարողություն։
Բայց որպեսզի ամուսնալուծված տղամարդու հետ հարաբերություններն ու հետագա ամուսնությունը երջանիկ, առողջ ու երկարատև լինեն, կարևոր է հասկանալ մի քանի կարևոր պահեր։
Եվ առաջին հարցը, որի պատասխանը ցանկալի կլինի ստանալ հարաբերությունների հենց ամենասկզբում, դա «Իսկ ինչո՞ւ ես ամուսնալուծվել» հարցն է։ Եվ շատ խելամիտ կլինի, եթե այդ իրավիճակը ձեզ վրա փորձեք, այսինքն՝ չմտածեք, որ ձեզ հետ այլ կերպ է լինելու, թեպետ հնարավոր է, որ լինի, այլ վերլուծել, թե որքան լուրջ է բաժանման պատճառը։ Եթե պատճառը տղամարդն է, եթե նա ալկոհոլամոլ է, դավաճանել է կնոջը, չի աշխատել, ընտանիքի հետ ժամանակ չի անցկացրել, ապա հավանաբար նա ամուսնալուծության համար կմեղադրի նախկին կնոջը, նրա մորը, ընկերներին, ում ասես, բայց ինքը հանդես կգա շողարձակող մաքրության դիրքերից։ Այդ դեպքում ես միանգամից ուզում եմ հիշեցնել, որ դուք ոչ նրա մայրն եք, ոչ էլ բուժող բժիշկը, և դրա համար էլ այդ հարաբերությունները շարունակելու ոչ մի պատճառ դուք չունեք։
Ամուսնալուծության համար պատասխանատվության ողջ բեռի փոխադրումը մյուս կողմի վրա շատ վատ նշան է ու վտանգավոր սիմպտոմ։ Այդ մարդուն ուղղել չի կարելի, հնարավոր չէ, և հետո դա ձեր խնդիրն էլ չէ, քանի որ, ինչպես ես հաճախ հիշեցնում եմ իմ հաճախորդներին, առողջ հարաբերությունների միակ երաշխիքը մարդուն ամբողջությամբ, այնպիսին, ինչպիսին որ կա, ընդունելն է կամ ընդհանրապես չընդունելը ու նրա հետ հարաբերությունների մեջ չմտնելը։
Եթե մարդը մի ընտանիքում դրսևորել է ինչ-որ որակներ, նա դրանք երաշխավորված կերպով կդրսևորի նաև նոր ընտանիքում։
Երկրորդ պահը, որին պետք է ուշադրություն դարձնել, կանանց է վերաբերում։
Ամուսնալուծված տղամարդու հետ հարաբերությունների մեջ մտնելիս կարևոր է հասկանալ, որ դուք ոչ մի կերպ չեք կարող փոխել նրա անցյալը։ Նրա կյանքում այլ ընտանիք է եղել, և եթե հենց այդ միտքն իսկ ձեզ համար անտանելի է, ավելի լավ է ընդհանրապես հարաբերություններ չսկսել։ Այո, նա կին է ունեցել, ում ականջին երբևէ քնքուշ բառեր է շշնջացել, ում մասին հոգ է տարել, ով նրա սիրելին է եղել։ Իսկ եթե նրանք նաև երեխաներ ունեն, ապա նա երբեք այդ տղամարդու կյանքից չի անհետանա։ Սարսափելի սխալ կլինի պարանը ձգելու խաղը. ինչո՞ւ ես նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնում, քան ինձ հետ, ինչո՞ւ ես հանգստյան օրերին նրանց մոտ գնում, այլ ինձ հետ չես մնում… Այս ամենը ջերմագույն զգացմունքները կմեռցնեն արմատապես։
Երրորդ պահը վերաբերում է երեխաներին։ Ահա տեսեք։ Յուրաքանչյուր նորմալ կին, մայր երեխաների հոր հետ բաժանվելու դեպքում անպայման զուգընկերոջը ստուգում է իր երեխաների հետ հարաբերությունների համատեքստում։ Նա ոչ թե իր համար ամուսին է փնտրում, այլև մի մարդ, ով կընդունի ու կսիրի իր երեխաներին, նրանց համար ընկեր կդառնա։
Նորմալ տղամարդկանց պարագայում հենց այդպես էլ լինում է։ Եթե կինն իր երեխաներին չի ընդունում, նա իրեն որպես մշտական զուգընկեր՝ պետք չէ։ Երբեմն իսկապես երիտասարդ կնոջը հաջողվում է սկանդալներով ու հիստերիաներով ամուսնուն «պոկել» նախկին ընտանիքից, խոչընդոտել երեխաների հետ հանդիպումներին ու համատեղ ժամանակ անցկացնելուն։ Դե, ինչ ասեմ…Շատ հավանական է, որ որոշ ժամանակ անց նույն ճակատագիրը կկիսի նաև այդ կինն ու իրենց համատեղ երեխաները։ Իսկ եթե այդպես չլինի, ուրեմն տղամարդը ստոր է։ Այնքան էլ ուրախալի չէ տականքի հետ ապրելը։
Այո, կարևոր պահ է։ Եթե ձեզ համար դողալու աստիճան մերժելի ու զզվելի են այդ տղամարդու երեխաները, ուրեմն դուք նրան չեք սիրում, անգամ, եթե դուք այլ կերպ եք մտածում։ Հնարավոր չէ ջեր զգացմունքներ չունենալ սիրելիի շարունակության նկատմամբ։
Չորրորդ թեման նախկին կինն է։ Եթե նա դեռևս կրկին չի ամուսնացել, վստահ եղեք, որ նրան անընդհատ օգնություն է պետք լինելու տան ու երեխաների հարցերի հետ կապված։
Ընդ որում, սովորաբար նա այդ մասին ամուսնուն խնդրում է ոչ թե նրա նոր կնոջը նյարդայնացնելու համար, այլ որովհետև համատեղ ապրած տարիների ընթացքում նա սովորել է այդ հարցերով նրան դիմել։ Եթե այդպես է տեղի ունենում, ուրախ պետք է լինեք։ Դա նշանակում է, որ ձեր ամուսինը հասուն մարդ է, ով բաժանումից հետո կարողացել է նախկին կնոջ հետ նորմալ հարաբերություններ պահպանել, իսկ վերջինս էլ բավականաչափ խելացի է եղել ու իր կողմից հիստերիաներ չի սարքում, այլ նորմալ, բարեկիրթ հարաբերություններ է պահպանում։ Իսկ քանի որ նա խելացի ու կարգին կին է, հավանաբար նա շուտով կամուսնանա, ու ձեր ընտանիքները կհավասարակշռվեն։
Իսկ եթե առաջին կինը հիստերիկություն անի ու վերմակն իր կողմ չափազանց ակտիվորեն քաշի, տղամարդն ինքն էլ արագ կկորցնի նրան օգնելու ցանկությունը։ Իսկ եթե դուք հիստերիաների մեջ ընկնեք….Գլխի ընկա՞ք՝ ինչ կլինի։ Այսպես թե այնպես, այս դեպքում միակ ճիշտ ռազմավարությունը ձեր ամուսնուն հասկանալն ու ընդունելն է՝ նրա անցյալի հետ միասին։
Հինգերորդ կետը ձեր հարաբերություններն են նրա երեխաների հետ։ Քիչ է նրան չխանգարել նրանց հետ տեսնվել։ Կատարյալ տարբերակում դուք նրանց կյանքում գործուն մասնակցություն պետք է ունենաք, տուն հրավիրեք, կինո տանեք, կերակրեք, պաղպաղակ հյուրասիրեք՝ բնականաբար, մոր հետ համաձայնեցնելով, նրանց համար մտերիմ ու հարգված մարդ դառնաք։ Պետք չէ նրանց թույլ տալ նստել ձեր գլխին, պետք չէ մրցակցել նրանց մոր հետ, ավելի լավ է համատեղ մշակել շփվելու ռազմավարությունը, արգելքներն ու հնարավորություններն ու ընկերություն անել երեխաների հետ։
Ասելիքս այն է, որ ամուսնալուծված տղամարդու հետ ամուսնությունը շատ ամուր ամուսնություն դառնալու բոլոր հնարավորություններն ունի։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը