Մտքեր, որոնք պիղծ են
Advertisement 1000 x 90

Մտքեր, որոնք պիղծ են

Աստվածաշնչում մաքուր լինելու գաղափարը չի վերաբերում միայն ֆիզիկական մաքրությանը։ Աստծո առաջ մաքուր լինել նշանակում է՝ կյանքի բոլոր ոլորտներում մաքրություն պահել։ Աստված ակնկալում է, որ մենք մաքուր լինենք հոգեպես, բարոյապես, մտային և ֆիզիկական առումներով։

Մարդկային կատարելության միակ օրինակը Աստված է, Ումից մենք պետք է սովորենք: Գլխավոր պատճառը, թե ինչուէ կարևոր լինել մաքուր, այն է, որ Աստված, Ում պաշտում ենք, մաքուր է, անբիծ և սուրբ:

Բարոյական մաքրության մասին շատերն են խոսում, բայց հավանաբար քչերն են հետևում մարմնի ու մտքի մաքրության ավետարանական պատգամներին: Մարմնի մաքրությունն անմիջական կապ ունի հոգու մաքրության, այսինքն՝ մտքի մաքրության հետ: Երբ մարդու միտքը պիղծ է, նրա հոգևոր կյանքն ևս դառնում է անմաքուր: Ամեն ինչ սկսվում է մտքից, ինչպես Քրիստոս Ավետարանում մեզ ասում է, եթե նույնիսկ շնության մասին մտածես, դա էլ է մեղք: Անձնական մաքրությունն ու պատշաճ մտքերը լավ գործերի հիմքն են:

Ամուսնության շրջանակներում սեռական միությունն օրինական է, եթե ճիշտ և մաքուր մտադրությամբ է տեղի ունենում, այդպիսի միությունը պատվարժան է և սրբագործող: Այսօր ամենամեծ մեղքը թերևս ամուսնությանը կարևորություն չտալն է: Մեծամասնության աչքում այն կորցրել է իր սրբազան լինելը: Լավագույն դեպքում դա քաղաքացիական պայմանագիր է, իսկ շատ հաճախ պատահականություն կամ քմահաճույք, կամ էլ կրքերը բավարարելու միջոց:

Ցավալի փաստ է, որ սեռական մեղսագործության առումով հասարակության մեջ շարունակվում է պահպանվել մեծ խստություն կանանց հանդեպ, քան տղամարդկանց: Իրականում այս հարցում խտրականության հարց չի կարող լինել, որովհետև սեռերի տարբերությունը չի փոխում մեղքի ծանրությունը:

Մտքերը մարդուն մղում են գործերի։ Եթե թույլ տանք, որ սխալ ու վատ մտքեր բույն դնեն մեր ներսում, վաղ թե ուշ դրանք մեզ կտանեն այդ մեղավոր մտքերի իրագործման: Աստծո սիրո մեջ մնալու համար շատ կարևոր է, որ հոգևոր, բարոյական և մտային առումներով լինենք մաքուր: Ինչպես Պողոս առաքյալն է ասել․

«Եղբայրնե՛ր, ինչ որճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ-որ՝ սրբութեամբ, ինչ-որ՝ սիրով, ինչ-որ՝ բարի համբավով, ինչ-որ՝ առաքինութեամբ, ինչ-որ՝ գովութեամբ,- ա՛յն խորհեցէք» (Փլպ 4:8):

Այո՛, կյանքը նվեր է, որ տվել է մեզ Աստված։ Եթե իսկապես սիրում ենք Նրան, պետք է գնահատանքով վերաբերվենք նրա տված նվերին։ Փորձենք հեռու մնալ ցանկացած վատ սովորությունից կամ արարքից, որը կվտանգի մեր առողջությունը, հակառակ դեպքում արհամարհանք կդրսևորենք այն կյանքի հանդեպ, որը պարգև է՝ տրված Աստծո կողմից:

Մարիետտա Խաչատրյան

qahana.am