Հետծննդյան դեպրեսիայի են ենթակա ոչ միայն մայրերը, այլեւ հայրերը: Պարզվել է, որ երեխաների ծնվելուց հետո հայրերի դեպրեսիան կարող է ազդել նրանց դեռահաս դուստրերի հոգեկան վիճակի վրա: Այս մասին նշված է Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Psychiatry-ում:
1991 թվականից սկսած հետազոտողներն ուսումնասիրել են Բրիսթոլում (Մեծ Բրիտանիա) ավելի քան 3 հազար ընտանիքների մասին տեղեկությունները: Նրանց, մասնավորապես, հետաքրքրում էր՝ արդյոք հետծննդյան դեպրեսիա զարգացե՞լ է ծնողներից որեւէ մեկի մոտ: Դրանից բացի, գիտնականները հետեւել են երեխաների կյանքին՝ ծնունդից մինչեւ 18-ամյա տարիքը:
Պարզվել է, որ 20 հայրերից մեկը մի քանի շաբաթ տառապել է հետծննդյան դեպրեսիայով: Արդյունքում դեպրեսիվ հայրերի դուստրերի շրջանում 18 տարեկանում հոգեկան խանգարումների հավանականությունը մեծացել է: Մինչդեռ որդիների դեպքում նման օրինաչափություն չի հայտնաբերվել:
Գիտնականների կարծիքով՝ ծնողների դեպրեսիան ազդում է երեխաների հետ նրանց փոխհարաբերությունների վրա: Գիտնականները նախկինում նշում էին հայրերի հետծննդյան դեպրեսիայի եւ 3,5 ու 7 տարեկանում երեխաների վարքագծային ու էմոցիոնալ խնդիրների փոխկապվածության մասին:
Ամենայն հավանականությամբ, հայրերի հոգեկան խանգարումները զգալիորեն ներգործում են ընտանիքի կյանքի վրա, ինչը հանգեցնում է ամուսինների միջեւ կոնֆլիկտային իրավիճակների: