Հարցազրույց Վահան Արծրունու հետ
– Վահան, կարծես մի տենդենց է նկատվում, երգիչը կամ երևում է ամենուր` բոլոր եթերներում ու ամսագրերում, կամ էլ հանկարծ «անհետանում է»: Երկար ժամանակ է` եթերներում չես երևում, չեմ կարծում` ասելիք չունես, ո՞րն է պատճառը:
– Երկու պատճառ կա: Առաջինը` վերջին երեք տարիների ընթացքում զբաղված էի ստուդիական աշխատանքներով, ֆիլմի համար երաժշտություն էի գրում, որը մեծ ժամանակ էր ինձանից խլում; Բացի այդ, կա մեկ այլ օրգանական պատճառ ևս` առանձնապես ցանկություն էլ չկա` այդ շարքերում երևալու, այդ հեռուստաալիքներում ու թոփերում, որովհետև ինձ համար միջավայրը շատ մեծ նշանակություն ունի: Տվյալ պարագայում, եթե երաժշտական միջավայրն ինձ չի ոգեշնչում, այնտեղ երբևէ երևալու ցանկություն չեմ ունենում: Այնպես որ, կարծում եմ` քո ասած եթերներում չերևալու համար այդ երկու պատճառներն ինձ համար բավականին լուրջ հիմքեր են։ Այո, դա չի նշանակում, որ ես համերգներով չեմ զբաղվում, ոչինչ չեմ անում. պրոգրեսիվ-ռոք խմբով համերգների շարք ունեցանք` «Stop» ակումբում, Կասկադում, իսկ հետո երկու շաբաթվա ընթացքում Ամերիկյան համալսարանում` երաժշտական հանդիպում կլինի ուսանողության հետ, որն, ի դեպ, այս վերջին երեք ամսվա ընթացքում մեր երրորդ հանդիպումն է, առաջինը` պետհամալսարանում էր, երկրորդը` Պոլիտեխնիկում:
– Կարելի է ասել` խմբի կողմից դա ակցիա է` համախմբել ուսանողներին և հրամցնել լավ և որակյալ երաժշտություն:
– Սա ինձ համար մեծ նշանակություն ունեցող երևույթ է, որովհետև այն ուսանողությունը, որ գալիս է իմ համերգներին, անբովանդակ չէ, այլ մարդիկ են, որոնք հետաքրքրված են մեր համերգներով. ընդհանրապես այդ հարցում իմ բախտը բերել է` իմ համերգներին պատահական մարդ չի լինում: Արդեն բարի ավանդույթ է դարձել` ամեն տարի, ամռանը, գոնե մեկ կամ երկու ամիս, պարզ կիթառով համերգներ եմ ունենում Գևորգյան ցուցասրահում, որտեղ հիմնականում իմ ընկերների ստեղծագործություններն են ցուցադրված: Դա այն միջավայրն է, որտեղ ես ինձ հանգիստ եմ զգում. մթնոլորտը տրամադրում է հանդիսականին` ճիշտ վերաբերվել իմ երգերին:
– Սովորաբար, ամեն նոր բան ծնվում է մրցակցության մեջ և անցնում փորձության շրջան: Ռոք երաժշտության մեջ կա՞ այսօր մրցակցություն:
– Գիտես, հետաքրքիր է, ռոք երաժշտություն ասելով՝ հիմա դու մի բան նկատի ունես, իսկ ես ռոք երաժշտության մասին խոսելով` լրիվ ուրիշ բան նկատի կունենամ, որովհետև այն, ինչ հիմա մեզանում ներկայացված է՝ որպես ռոք երաժշտություն, իրականում այդպես չէ, որովհետև օրենքները խախտված են: Ռոք երաժիշտն իր կյանքում երբևէ չպիտի իրեն թույլ տա ֆոնոգրամայի տակ երգել: Հիմա միայն այդպիսի բաներ են լինում, որովհետև այն ռոք խմբերը, որոնք երգում են եթերներում, իրենց նման բան են թույլ տալիս, դա ինձ համար արդեն բավարար փաստ է, որ չխոսեմ կամ չդիտարկեմ իրենց՝ որպես ռոք երաժշտության կամ ռոք կուլտուրայի էլեմենտ։ Փառք քեզ, Տեր, կան նաև հակակշիռ երևույթներ, չտեսնված խմբեր, երաժիշտներ: Վերջերս Տիկնիկային թատրոնում ներկա եղա Կիթառի փառատոնի, որտեղ նվագում էին գրեթե բոլոր կիթառահարները` սկսած ակադեմիական ոլորտից, վերջացրած ջազով և պրոգրեսիվով: Մեծ բավականություն ստացա, որովհետև նման հնարավորություն երբևէ Հայաստանում չէր եղել` երկու օրում ծանոթանալ բոլորի հետ և նրանց տեսնել բեմում։ Ուրախ եմ, որ Տիկնիկային թատրոնում պարբերաբար լինում են ռոքին նվիրված միջոցառումներ, նաև ռոք-ակումբն է գործում… Կարծում եմ, մոտակա տարիներին ռոք երաժշտությունը նոր անուններ կծնի, և կյանքն ավելի հետաքրքիր կլինի: Իսկ ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա ներկայումս մրցակցություն չեմ տեսնում, քանի որ ռոք երաժշտությունը դեռ բիզնեսի առարկա չի դարձել: Ռոքն անպայման պիտի դառնա այդպիսին, որովհետև երաժշտական ոլորտում այն ամենաշահութաբեր ժանրն է աշխարհում: Ռոքը միակ երաժշտությունն է, որ կարող ես ներկայացնել մարզադաշտերում և հավաքել մեծաքանակ բազմություն: Գաղտնիք չէ, որ ակադեմիական երաժշտության ոլորտում առկա երաժիշտների կողքին ռոք երաժիշտներն աշխարհում ամենահարուստ մարդկանցից են: Այնպես որ, հենց ռոք երաժշտությունը մտնի այդ ֆազայի մեջ, անշուշտ, կլինի նաև մրցակցություն, որը բնական է և ողջունելի:
– Ի դեպ, շնորհավորում եմ վերջին ձայնասկավառակիդ` «Crusade»-ի կապակցությամբ: Ինչպես միշտ` գեղեցիկ դիզայն և բովանդակություն ուներ: Վահան, գուցե սխալվում եմ, բայց կարծես թե նմանատիպ ձայնասկավառակները, որոնք բարձրորակ են և ներկայացնում են որակյալ, ոչ բոլորին մատչելի երաժշտություն, հիմնականում սփյուռքի համար են նախատեսված լինում:
– Իմ ձայնասկավառակների բիզնեսը միայն մեկ խանութի եմ վստահում: Ինչ վերաբերում է սպառմանը` «Crusade»-ը, փաստորեն, այն նույն ձայնասկավառակի «remace» (ռիմեյքն է), որ 2002 թվին Musea Record Labile-ի պատվերով Ֆրանսիայում խմբով հրատարակեցինք մեր ծրագրի թե՛ համերգային և թե՛ ստուդիական տարբերակով: Այս ձայնասկավառակը հրատարակվել է հինգ տարի առաջ և հայ հանդիսատեսի համար, իրոք, անհայտ է մնացել, որովհետև վաճառքը և սպառումը եղել է Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում: 2003թ. այն նույնիսկ ընդգրկվել է պրոգրեսիվ երաժշտության լավագույն տասնյակի մեջ. պատմություն ունեցող ալբոմ է: Երաժշտության մեջ շարունակական բաներն են ինձ հետաքրքրում, պատմություն ունեցող երևույթները: Այս ալբոմի հիմքում ընկած է Խաչակրաց արշավանքի գաղափարը` շարժում դեպի արևելք, իսկ նպատակը` վերադարձնել արժեքները: Արվեստների բնագավառում սա այսօրվա իմ պատկերացումների հիմքն է, քանի որ մենք հայ ենք և ծնվել ենք այս երկրում, թեկուզ աշխարհագրական տեսակետից` Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում ենք: Այս ձայնասկավառակով, որում հիմնականում իմ հեղինակային գործիքային երաժշտության պիեսներն են, որոշեցի լուծման մի բանալի գտնել: Հենց ձայնասկավառակի համանուն ստեղծագործությունը` «Crusade»-ը, բաղկացած է երկու մասից. առաջին մասը արևմտյան երանգներով է, ստիլիզացված, իսկ երկրորդ մասն արևելյան երանգներով է արված: Այն պետք է ընկալել որպես երաժշտական խաչմերուկ:
– Ո՞ւմ համար ես երգում, ո՞վ է այսօր քո հանդիսատեսը:
– Իմ հանդիսատեսը մտավորականությունն է կամ այն երիտասարդը, ով պիտի դառնա մտավորական: Իմ հանդիսատեսն այն երիտասարդն է, այն մարդը կամ այն հայը, ով սիրում է պոեզիա, երաժշտություն, որի վրա կարող եմ ուսով հենվել: Իմ համերգներն այդպես եմ պատկերացնում, որովհետև յուրաքանչյուր համերգից հետո ես նոր ընկերներ եմ ձեռք բերում: Սա ինձ համար շատ կարևոր է, որովհետև դատարկ բաներից չեմ խոսում: Միգուցե կրկնվեմ, բայց հանդիսատեսի հարցով իմ բախտը բերել է` հիմար, տգետ կամ ստոր հանդիսական չի լինում իմ համերգներին: Սովորաբար լինում են կարգին, նորմալ, կրթված և դաստիարակված մարդիկ։
– Իսկ ինչպիսի՞ն է ըստ քեզ` այսօր հայ հանդիսատեսի մոդելն ընդհանրապես:
– Հիմնականում՝ մոլորված և խաբված։
– Իսկ ո՞վ է մեղավոր:
– Իհարկե, ինքը` հանդիսատեսը:
– Արդյոք այդ «խոտանը» հրամցնողը մեղավոր չէ՞:
– Դե գիտես, հրամցնողներից մեկն էլ ռադիոկայաններն են. եթե ռադիոկայանները կարողանան բարձրացնել հանդիսատեսի ճաշակը և դաստիարակել` չտեսնված կլինի: Իմ խորին համոզմամբ՝ դաստիարակումը հիմնականում ոչ թե ռադիոկայանների կամ ուսումնական հաստատությունների միջոցով է լինում, այլ ընտանիքում: Ենթադրենք, ռադիոկայանը շատ բարձրորակ երաժշտություն է քարոզում և ամբողջ օրը հնչեցնում, բայց եթե տանը նստած է երիտասարդի հայրը և նախընտրում է լսել ինչ-որ Պողոսի, ապա, պարզ է, երիտասարդը կսկսի դաստիարակվել ոչ թե այդ լավ երաժշտությամբ, այլ աշխարհը կդիտարկի իր հոր տեսանկյունից:
– Ի՞նչ ես կարծում, այսօր սփյուռքը տեղեկացվա՞ծ է հայ երաժշտության մասին, և, ընդհանրապես, հայկական երաժշտությունն այսօր արտերկրում ճի՞շտ է մատուցվում կամ պրոպագանդվում:
– Անկեղծ ասած, իմ առնչությունները սփյուռքի հետ մի քանի տարի առաջ էին շատ ակտիվ, բայց կարծում եմ` սփյուռքը, ինչպես յուրաքանչյուր ազգի սփյուռք, իրենց փոքր աշխարհն ունի և իրենց հոգևոր պահանջները շատ հեշտ են հագեցնում: Բացի այդ, իրենք հայությամբ այդքան չեն ապրում` մտածելու այլ խնդիրներ ունեն, ուրիշ երկրի քաղաքացիներ են, ունեն պարտավորվածություններ, առավոտից երեկո զբաղված են… Մի խոսքով, կյանքն ուրիշ է, և այն ժամանակահատվածը, որ կարող են տրամադրել հայությանը, ենթադրենք` 3- 4 ժամ, այդ տեսակետից բավականացնում է, որ իրենց կարոտը հագեցնեն, և յուրաքանչյուր երաժշտական ոճ ընդունելի է իրենց համար: Այնպես որ, հատկապես այն երկրներում, որտեղ ես եմ եղել, չեմ կարող ասել, որ սփյուռքն արվեստին վերաբերվող հստակ խիստ չափանիշներ ունի կամ, ենթադրենք, մեզանից չտեսնված լավ պատկերացնում է երաժշտական ամբողջ գունապնակը, որ տիրում է աշխարհում: Նրանք ընդամենը մի ֆրագմենտ են ընկալում, և եթե այդ ֆրագմենտի, տեսադաշտի մեջ ընկավ, ենթադրենք` Արմենչիկը` լավ է, Թաթան` էլի լավ է, ընկավ «Բամբիռը»` էլի լավ է… ով ասես լինում է և շատ լավ է ընդունվում: Եվ եթե հարցնենք բոլոր երաժիշտներին, սովորաբար, չտեսնված գովասանքի խոսքերով, շատ հետաքրքիր ու բարի հիշողություններով են վերադառնում: Այնպես որ, այս պարագայում ասել, թե սփյուռքն ինչ-որ նշանակություն ունի արտիստի համար` շտկում է նրա ճաշակը կամ ինչ-որ սահմաններ դնում. այն չափը, որ իրենց է պետք, այդ չափն էլ ընկալում են:
Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես արտերկրի հանդիսատեսին, ապա իմ շփումն այդքան ակտիվ չէ, ինչպես, օրինակ, Աննա Մայիլյանի կամ Ջիվան Գասպարյանի շփումները: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, ապա կարող եմ ասել, որ հայկական երաժշտության տարածումն աշխարհում շատ լավ դիրքերում է, և մեզ լավ կողմից են ճանաչում: Երաժշտությունը նվիրական կյանք է պահանջում, եթե ուզում ես երաժշտության մեջ ճանաչել քո սահմանները, ապա պիտի իրապես նվիրվես, բառիս բուն իմաստով` ծառայես: Ինձ թվում է՝ ծառայում են բանակում, թատրոնում և երաժշտության ոլորտում: Եթե երաժշտի կամ կատարողի մեջ չես նկատում այդ լույսը, իր գործին ծառայելու ցանկությունը, ուրեմն միակ պարզ ախտորոշիչներից մեկն այն է, որ նա երաժիշտ չէ…
– Երաժշտությունն օգնո՞ւմ է հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելուն:
– Ընդհանրապես, երաժշտությունը դրա համար է կոչված, նաև` մարդուն լուսավորելու համար… Յուրաքանչյուր մարդու համար երաժշտությունը վերացական կյանքով ապրելու լավագույն միջոցներից մեկն է, կամ` առարկայական կյանքից անջատվելու, կենցաղից բարձրանալու, այն մարդու համար հոգևոր միջավայր ստեղծելու միջոց է ..
Ձայնասկավառակներն այսօր 21-րդ դարի նվաճումներից են. պարտադիր չէ՝ համերգասրահում նստես ու լսես քո նախընտրած երաժշտությունը: Գիտես` ինչ ֆանտաստիկ առավելություն է, մարդիկ, ժամանակին, ասենք, Պագանինի լսելու համար, երբ իմանում էին, որ նա Ֆրանսիայում կամ Իտալիայում համերգ է տալու, նախապատրաստվում էին ճանապարհ ընկնելու, և դեռ հարց էր` արդյոք տոմս կկարողանայի՞ն ձեռք բերել… Զարմանում եմ, երբ մարդու հետ խոսում ես երաժշտության ոլորտներից, ու նա անտեղյակ է, բայց առավել ևս զարմանում եմ, երբ երաժշտության բնագավառում աշխատող ժուռնալիստներն են անտեղյակ լինում երաժշտությունից… Ենթադրենք՝ խոսում ես պրոգրեսիվ երաժշտության կամ հարդ (ծանր) ռոքի մասին ու անուններ ես ասում, զարմացած քեզ են նայում: Զարմանալի տգիտություն է: Ես առաջին հերթին կմաղթեի այն ռադիոկայաններին, հեռուստատեսություններին կամ այն հաստատություններին, որոնք որ իրապես իրենց ազդեցությունն ունեն միջավայրի կամ հանդիսականի վրա, առաջին հերթին իրենց աշխատողները կրթվեն երաժշտությամբ, հակառակ դեպքում՝ մենք այդպես էլ կմնանք անապատի արևի տակ տարբեր տեսակի արմենչիկների հետ… Ընդհանրապես, ժամանակ կար՝ երաժշտական ոլորտում շատ անհանդուրժողական էի և շատ խիստ էի վերաբերվում, նույնիսկ շատ մերժողական էի վերաբերվում որոշակի ժանրերին, հիմա հասկանում եմ՝ յուրաքանչյուր արտիստ և յուրաքանչյուր երաժշտական դրսևորում պիտի իր տեղում լինի, երբ որ ռեստորանային երաժշտությունը հնչում է ռեստորանում՝ շատ օրգանական է և նորմալ, բայց երբ լսում ես այն օպերային դահլիճում, դա անհասկանալի է ինձ համար:
– Ի՞նչ ես կարծում, միջավայրը ձևավորողը նաև երգիչը չէ՞, արդյոք երաժիշտներով համախմբվելու և մի բան ձեռնարկելու ժամանակը չէ՞…
– Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև դա իմ պրոբլեմը չի, ինձ չհուզող խնդիր է, ես ամեն ինչ անում եմ, որպես երաժիշտ, որ կապի մեջ լինեմ իմ հանդիսատեսի հետ, տարին մեկ անգամ ձայնասկավառակ եմ թողարկում, ստեղծագործում եմ թե՛ կինոյի, թե՛ երաժշտության ոլորտներում, ոչինչ անարդյունք չեմ անում: 2006թ. դեկտեմբերին Չիկագոյում լույս տեսավ 3 ֆիլմերի երաժշտության սաունթրեկը, համոզված եմ, որ այն չի հասնի Հայաստան, և ոչ էլ կիմանան, որ նման բան եմ արել, այո, անձնական մակարդակի վրա եմ իմ բոլոր խնդիրներն արել, իհարկե, դա էգոիզմ է, կարծում եմ՝ արվեստագետն իր էությամբ էգոիստ է… Իհարկե, այդ ամենը հանդիսատեսի համար է արվում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող ինձ` որպես երաժշտի, մեղադրել պասիվության մեջ կամ էլ` հանրությունից կտրվելու, նրանց հետ շփումներից հրաժարվելու մեջ: Ընդհակառակը, այդ տեսակետից ամենաակտիվ երաժիշտներից եմ, ես ու ընկերներս մեր ակտիվ մասնակցությունն ենք ունենում, ընդհանրապես ոչ մի առիթ բաց չեմ թողնում` թե՛ ակադեմիական ոլորտում, թե՛ կամերային. ավելի մտերմիկ միջավայրում կիթառով եմ երգում: Հիմա պիտի ներկայացնեմ ռոք երաժշտությունը, և շատ համարձակ ու ընկերներով շատ հանգիստ մտնում ենք այդ դաշտը: Համոզված եմ ու հավատում եմ, որ իրապես ինչ-որ բան կփոխվի մեր համերգներից հետո, որովհետև այս կազմով վաղուց ելույթ չենք ունեցել և չենք ներկայացրել այդ ծրագիրը…
Ռուզան Պետրոսյան
Լուս.` Լիլիաննա Հախվերդյանի
«3 Միլիոն»