Նոր զարգացումներ Մանթաշևի տան շուրջ․ փոշմանե՞լ են վաճառել, թե՞ կգործեն հետնամասում. aliq.ge
Advertisement 1000 x 90

Նոր զարգացումներ Մանթաշևի տան շուրջ․ փոշմանե՞լ են վաճառել, թե՞ կգործեն հետնամասում. aliq.ge

Թբիլիսիի՝ ժամանակին հայ ազնվականության ներկայացուցիչներով բնակեցված Սոլոլակի թաղամասում տեղակայված Ալեքսանդր Մանթաշևի (Մանթաշյանց) կառուցած առանձնատան վաճառվել-չվաճառվելու հարցը կասկածի տակ է դրվել, դարձել է վերջին շաբաթվա քննարկման թեմա:

Օրեր առաջ «Թբիլիսիի հայերի միությունը» սոցցանցերում հրապարակել էր բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փրկել առանձնատունը, որը առևտրի ենթակա է դարձել։ Միությունն առաջարկում է առանձնատունը վերածել կամ ՀՀ դեսպանության շենքի կամ էլ այստեղ տեղակայել հայ-վրացական տնտեսական հարաբերությունների կենտրոն:

Ի՞նչ արժե առանձնատունը, ո՞վ է շենքի սեփականատերը. հարցերի պատասխաններն «Ալիք մեդիան» փորձեց գտնել զանգահարելով շենքի սեփականատիրոջ՝ Մայա Լևիի ներկայացուցչին՝ Մորիս Կրիխելիին: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ սեփականատերերը փոշմանել են: Տարածքն այլևս ո՛չ վաճառվում է, ո՛չ էլ վարձակալության տրվում: Հիմնադիրները որոշել են՝ տարածքն իրենք էլ կօգտագործեն:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում այլ կարծիք է հայտնում «Թբիլիսիի հայերի միության» հիմնադիր Միքայել Թաթևոսովը: Վերջինս նշում է, որ Վրաստանում հայկական ժառանգության այլ հարցերի հետ մեկտեղ, կոնկրետ այս շենքի հարցով կազմակերպությունը զբաղվում է արդեն մոտ 12 տարի: Թաթևոսովի խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համաձայնության են եկել նաև շենքի մուտքին հուշատախտակ փակցնելու վերաբերյալ: Ասում է՝ հուշատախտակը պատրաստ է արդեն 5 տարի, հարկավոր է համաձայնության գալ շենքի սեփականատերերի հետ ևս: Վերջիններն ի դեպ, դեմ են եղել հուշատախտակ տեղադրելուն՝ բացատրելով, որ այդ դեպքում թուրք, ադրբեջանցի, իրանցի ներդրողները դժվարությամբ կաշխատեն իրենց հետ:

«Մենք բանակցություններ ենք վարել առաջին սեփականատիրոջ հետ, երբ նախկին արվեստի տունը մասնավոր սեփականություն դարձավ, սեփականատեր դարձավ Մեդեա Ձիձիգուրին՝ հայտնի վրացի երգչուհին, ով բացեց այնտեղ մասնավոր երաժշտական ակադեմիա, ինչից հետո նրա հետ դժբախտություն տեղի ունեցավ, հիվանդացավ: Նրա մահվանից հետո շենքի սեփականատեր դարձավ ներքին գործերի նախկին նախարարի զոքանչը, այստեղ նա անկախ արհմիություն ստեղծեց: Երկար տարիների ընթացքում շենքի որոշ հատվածները վարձակալվել են, այստեղ եղել է ռեստորան՝ «Ին վինո վերիտասը», կար ժամանակ, երբ տարածքը վարձակալում էր լեհերի միությունը: Նրանց հետ էլ դժբախտություն տեղի ունեցավ, հիվանդացավ որդին, ստիպված եղան վաճառել շենքը: Գինը մատչելի էր, մենք բանակցում էինք այն ժամանակվա ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ, արդեն պատրաստ էինք ձեռք բերել շենքը, սակայն Մանուկյանը լքեց պաշտոնը և գործարքը չստացվեց իրականացնել», — ասում է Թաթևոսովը:

Այս շղթայի հաջորդ օղակում արդեն այժմյան սեփականատերերն են, որոնց հետ Թաթևոսովի խոսքով, երկար ժամանակ է բանակցություններ են վարում՝ նախ հուշատախտակ տեղադրելու, իսկ հետո՝ շենքը վաճառելու հարցերով:

«Նրանք չեն պատրաստվում շենքը վաճառել․ Թբիլիսիի կենտրոնում անշարժ գույք ունենալը լավ է: Մեր կազմակերպությունը սկզբունքայնորեն դեմ էր, որ շենքում վերանորոգում տեղի ունենար, իսկ ներդրողներից մեկն ուզում էր ձևափոխել այն՝ դարձնելով կազինո, մյուսը՝ բանկ, մյուսն էլ՝ հյուրանոց «Մանթաշև» անվամբ»,- սեփականատերերի մոտեցման մասին ասում է Թաթևոսովը:

Նշենք, որ հուշատախտակի վերաբերյալ զրուցեցինք Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանի հետ: Նրա խոսքով, դեսպանությունը զբաղվում է հուշատախտակի տեղադրման հարցերով, քաղաքապետարանը թույլտվություն տվել է, մոտ ապագայում կկայանա հուշատախտակի տեղադրման արարողությունը:

Հատկանշական է, որ շենքը Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարի 2006 թվականի հրամանով ընդգրկված է Անշարժ հուշարձանների պետական ռեեստրում և կրում է մշակութային անշարժ հուշարձանի կարգավիճակ, ինչը սահմանափակում է շենքի տեսքը փոփոխելու հետ կապված սեփականատերերի գործողությունները:

Ինչ վերաբերում է շենքի գնին, Թաթևոսովը հրաժարվում է այն հրապարակելուց ՝ մեջբերելով նման պատմություն՝ միջնորդների պատճառով գնի բարձրացման ելքով:

Առանձնատունը

Քիքոձեի և Լերմոնտովի փողոցների անկյունում գտնվող հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի առանձնատունը կառուցվել է 19-րդ դարում՝ ճարտարապետ Քրիստոֆոր Տեր-Սարգսյանի նախագծով: Շենքը կառուցված է բարոկկո ոճով: Գլխավոր ճակատի 2 կողմից եզրային պատուհաններն ունեն երկաթյա ճաղերով պատշգամբեր, որոնց կենտրոնում պատկերված են նավթարդյունաբերողի կնոջ՝ Դարյայի բարձրաքանդակները:

Հոկտեմբերյան հեղաշրջումից, իսկ հետո 1921թ․ մենշևիկների կառավարության գալուց հետո բարեգործի ժառանգները հարկադրված լքել են տունը: Դատարկ մնացած շենքում 1922թ-ից  գործել է Վրաստանի արվեստի աշխատակիցների տունը: 1930-ականներից շենքում տեղավորվել է պարսկական հյուպատոսարանը, նաև խորհրդային Վրաստանի կոմպոզիտորների միությունը:1940-ականների վերջում երկհարկանի շենքի վերին հարկը վերածել են կինոթատրոնի, որոշ ժամանակ անց գաղափար է առաջացել բակի տարածքը վերածել ամառային կինոթատրոնի, ինչի արդյունքում ավիրվել է դեպի բակ տանող աստիճանը: Հետագայում շենքում հիմնվել են տարբեր կազմակերպություններ ու միություններ:

Ըստ արխիվագետ, թբիլիսահայ ճանաչված ճարտարագետ Սերգեյ Դարչինյանի՝ 1988թ․ շենքը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ: 1995 թվականից շենքը վերականգնել է գործառույթը: Որոշ չափով վերականգնվել է նաև շինությունը՝ ամրացվել է հիմքը: 2000-2005թթ․ շենքում գործում էր լեհական լուսավորական կենտրոն:

«Ալիք Մեդիան» շարունակում է այլ տեղեկություններ ճշտել շենքի վաճառքի հետ կապված: Հետևեք իրադարձությունների զարգացմանը:

aliq.ge