Կասկածից վեր է, որ Haynews.am կայքի համակարգող Մհեր Եղիազարյանի մահվան փաստը տեղ է գտնելու միջազգային մի շարք իրավապաշտպան կառույցների տարեկան զեկույցներում և էապես ազդելու է նոր Հայաստանի վարկանիշի վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով թեմայի շուրջ The Washington Post-ի հրապարակմանը։
«Պարբերականի անդրադարձն ինքնին ցավալի է, որովհետև դա անդրադարձերի մեջ առաջինը կլինի։ Երբ գրվեն մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին այս տարվա զեկույցները, Մհեր Եղիազարյանի մահվան դեպքն անպայման հաշվի է առնվելու։ Իհարկե, լավ է, որ մեր երկրում լրագրողների մահվան դեպքեր չեն լինում, բայց առնվազն 3-4 զեկույցներում թեմային անդրադառնալու են», – համոզմունք հայտնեց իրավապաշտպանը։
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ իրավապահ մարմիններին և ուժային կառույցներին քննադատելիս ինքը շեշտել է, որ խոսքը կոնկրետ անձանց մասին չէ։
«Խափանման միջոցն ընտրելուց ամենևին չեն հիմնավորում կոնկրետ դեպքի հանգամանքները։ Իսկ Մհերի Եղիազարյանի պարագայում ունենք մարդու կյանքի կորուստ։ Եթե այս հանգամանքից օգտվեն Հայաստանի հանդեպ ոչ բարիդրացիական վերաբերմունք ունեցող երկրները, վերջիններս կարող են ջանալ և Հայաստանում մարդու իրավունքների հարցը մուտք անել այս կամ այն հարթակի օրակարգ», – ասաց Լ.Ալավերդյանը։
Նա նաև շեշտեց՝ միջազգային հանրությունը, որքան ողջունում է Հայաստանում ժողովրդավարությունը, այնքան պատկան մարմիններն իրենց գործողություններում պետք է զգուշավոր լինեն։
«Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքը ստվեր է գցելու ժողովրդավարական ուղին նորովի բռնած երկրի վրա։ Իսկ ո՞ւմ պատիվն է ավելի բարձր, քան Հայաստանի։ Գործողություններ կատարելուց առաջ նախ սա պետք է նկատի ունենալ», – ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 44-օրյա հացադուլից հետո մահացել է «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Նա նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր։
Վերջինիս ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել էր շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել էր կալանավորված անձի կենսաբանական մահը։ Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել։