Ուկրաինացի բժիշկներն առաջինն էին ԽՍՀՄ տարածքում, ովքեր պաշտոնական թույլտվություն ստացան բնային բջիջների կիրառմամբ վիրահատություններ կատարելու համար: Փորձերի արդյունքներն ապշեցրել էին նրանց:
Դեռևս մի քանի հարյուր տարի առաջ, ոչ ոք չէր հավատա Յուրի Գլադկիխի կատարած փորձերի ճշմարտությանը, իսկ բժշկին կայրեին կամ, լավագույն դեպքում խելագար կանվանեին: Այժմ ժամանակները փոխվել են և բնային բջիջներից նոր օրգաններ աճեցնելը՝ դրանց հետագա փոխներարկման նպատակով, արդեն անհնարին չի թվում:
Կիևի Բջջային թերապիայի ինստիտուտի գլխավոր բժիշկը պատմեց մինչ այս անհույս համարվող հիվանդների ռեաբիլիտացիայի նոր միջոցների մասին: Բացի այդ, Գլադկիխը նշեց, որ գոյություն ունի կյանքը մի քանի տասնյակ և անգամ մի քանի հարյուր տարով երկարացնելու միջոց:
Ինչպես պնդում է բժիշկը, ներկայումս շատ օրգանների աճեցման փորձեր են կատարվում, ինչպիսիք են, օրինակ, լյարդը, սրտի փականները: Դա տեսականորեն քայլ է՝ դեպի անմահություն:
Իրենց նպատակին հասնելու ճանապարհին գիտնականները ստիպված էին շատ փորձություններ հաղթահարել, բայց 5 տարվա ընթացքում նրանք հասան դրական արդյունքների: Հենց փորձերի այդպիսի հիանալի արդյունքների շնորհիվ է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը թույլտվություն տվեց կիրառել բնային բջիջները բոլոր կլինիկաներում:
Այդպիսով Ուկրաինան դարձավ առաջինն աշխարհում, որտեղ հաջողությամբ կիրառվում են նման տեխնոլոգիաները: Հարկ է նշել նաև, որ այդ երկրում արդեն կիրառվող տեխնոլոգիան Եվրոպայում դեռ էքսպերիմենտալ փուլում է:
Անմիջապես բնային բջիջների կիրառման թույլտվությունից հետո երկրում հայտնվեցին բանկեր, որտեղ, որոշակի վճարման դիմաց, ընդունվում է հաճախորդի պորտալարի արյունը և նորածնի ընկերքը, որոնք անմիջապես տեղադրվում են հեղուկ ազոտի միջավայրում՝ բնային բջիջների պահպանման և հետագա կիրառման նպատակով:
Նյութը հրապարակման պատրաստեց Գոհար Գրիգորյանը