Օրերս հերթական փլուզումը գրանցվեց Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի 21-րդ շենքի 57-րդ բնակարանում: Ամբողջովին փլվել էր բնակարանի ննջասենյակի առաստաղի ծեփաշերտը: Բարեբախտաբար, ընտանիքի երկու անչափահաս երեխաներին ծնողները հասցրել էին դուրս հանել: Ու սա միակ դեպքը չէ։
Երկրաշարժի հետևանքով Գյումրի քաղաքի անօթևան մնացած ընտանիքների համար, պետական միջոցների հաշվին, «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից իրականացվեց բնակարանաշինական ծրագիր: «Գլենդել Հիլզի» կառուցած շենքերի թերությունները ոչ միայն ընթացքում էին հայտնաբերվում, այլ նաև տարիներ անց:
Գյումրիի «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասեց, որ բախտավոր են «Գլենդել Հիլզ» կազմակերպության ղեկավարները, քանի որ սա էլ որերորդ անգամ նման փլուզում է գրանցում ու, բարեբախտաբար, առանց զոհերի ու վիրավորների:
«Չեմ կարող ասել, թե սա որերորդ անգամն է, բայց շատ են նման դեպքերը: Ամեն ամիս այս շենքերի հետ կապված ինչ-որ խնդիր լինում է»:
«Գլենդել Հիլզի» բազմաթիվ խնդիրները բնակիչները հենց այս համատիրությանն են ներկայացնում: Այս անգամ էլ բնակիչներին ձեռք է մեկնում համատիրությունը և օգնում ոչ միայն շինանյութեր ձեռքբերել, այլ նաև վերացնել շինարարի սխալները:
Ըստ պատասխանատուի` այս շենքերի համար առաստաղի ծեփաշերտի փլուզումը միակ խնդիրը չէ, լուրջ խնդիր է նաև կոյուղու խցանումը: «Մուշ թաղամասի թերություններն այնքան շատ են, որ ասելու չեն: Ես հոգնել եմ, գլխացավանք է, բայց ինչ անենք, հետդարձի ճանապարհ չկա: Եթե ես իմանամ, որ բնակիչը կարող է բնակարանը հետ հանձնել, կամ ինչ-որ այլ քայլ կատարել, բայց, ավաղ: Շենքերի շահագործումից 9 տարի է անցել»:
Սենիկ Եսայանի խոսքով` շենքներն այսպեսին են հիմնականում հապճեպ արած շինարարության ու ոչ մասնագիտացված աշխատուժի պատճառով: Իրենց իսկ կառուցած առաստաղի անհարթությունները շինարարները թաքցրել են հաստ ծեփաշերտի տակ: «Այստեղ «գրուտովկա» հասկացողությունն էլ չի եղել, միանգամից ծեփամածուկը հաստ քաշել են ու վերջ»,-նշեց Սենիկ Եսայանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am