Կին պատգամավորները Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում կազմում են պատգամավորների ընդհանուր թվի շուրջ 25%-ը: 132 պատգամավորից նրանք 32-ն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում փորձառու և սկսնակ կին պատգամավորները պատմել են իրենց հանդիպած դժվարությունների մասին, կիսվել հաջողված փորձով ու քաղաքականությամբ զբաղվել ցանկացող կանանց համար օգտակար խորհուրդներով:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Գործունեության ընթացքում դժվարությունների չի հանդիպել, սակայն պատգամավորի թեկնածու դառնալու հարցում տարակուսել է:
«Երբ առաջարկ ստացա ընդգրկվելու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, այնուամենայնիվ մի փոքր մտավախություն կար, որովհետև քաղաքականությունը ենթադրում է, որ դու պետք է դառնաս ավելի հանրային դեմք, զբաղվես ավելի լուրջ հասարակական-քաղաքական գործունեությամբ, ավելի լուրջ հետագիծ թողնես քո աշխատանքի մեջ: Ինչ-որ չափով դու արդեն դառնում ես ժողովրդական, քան ընտանիքի ներկայացուցիչ, այն պարագայում, երբ արդեն ունես երեխաներ ու սեփական ընտանիք: Այդ պահին կար ընտրությունը, ի վերջո ընտրում ենք ընտանիքը, քիչ ավելի պահպանողական կյանքը, թե, այնուամենայնիվ, գալիս ենք քաղաքականություն, և համադրելով այդ երկու, իրարից խիստ տարբեր ոլորտները, այնուամենայնիվ փորձում ենք այն ռեսուրսը, որ կուտակվել է տարիների ընթացքում, ներդնել պետության, հասարակության, Հայաստանի Հանրապետության շահերի առաջ տանելու գործում»,- ասաց Ստեփանյանը:
Լիլիթ Ստեփանյանը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հանդիպումներին ավելի մեծ թվով տղամարդիկ էին ներկա լինում, բայց դա կապում է ոչ թե իր սեռի, այլ քաղաքապետի պաշտոնակատարի դիրքում ծավալած հաջողակ գործունեության հետ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը նույնպես նոր է մուտք գործում մեծ քաղաքականություն, սակայն հակված է այն կարծիքին, որ կանայք քաղաքական ծանր գործընթացներին կարող են ներդաշնակություն հաղորդել:
«Աշխատանքային գործընթացներում կանայք շատ ավելի զուսպ են: Գիտական աղբյուրները նշում են, որ էմոցիոնալ ինտելեկտով կանայք շատ ավելի ուժեղ են, և դա օգնում է սուր անկյունները հարթել ու կոմպրոմիսային լուծումներ գտնել»,- նշեց Մերի Գալստյանը:
Պատգամավորական աշխատանքի արդեն բազմամյա փորձառություն ունեցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը քաղաքականություն նոր մուտք գործող կանանց խորհուրդ է տալիս հետևել երեք «Չ»-երը հաղթահարելու իր օրինակին:
«Ես ինձ համարում եմ երջանիկ կին ու հաջողակ քաղաքական գործիչ, որովհետև ես կարծում եմ, որ ինձ հաջողվել է հաղթահարել երեք «Չ», որը պետք է հաղթահարի ցանկացած կին: Դրանք են` չվախենալ, չնախանձել, չափսոսալ անցյալի համար: Հայ կանանց կմաղթեմ, որ իրենք կարողանան իրենց մեջ հաղթահարել հենց այդ երեք «Չ»-երը»,- ասաց Զոհրաբյանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը քաղաքականության մեջ կանանց առջև ծառացող խնդիրները կապում է կանանց ինքնավստահության պակասի հետ: Սամսոնյանի կարծիքով` կանանց թիվը խորհրդարանում պետք է բարձրացնել, բայց դրա համար նախ մեծ աշխատանք է պետք կատարել:
«Եթե քաղաքականության մեջ լինում են խնդիրներ, հիմնականում դրանք կապված են կանանց ինքնավստահության հետ: Օգտվելով առիթից կոչ կանեմ բոլորին լինել ավելի ինքնավստահ, շատ աշխատել: Մենք պետք է հասկանանք, որ քվոտավորման բարձրացումը չպետք է լինի արհեստական, այսինքն` չլրացնել տեղեր զուտ նրա համար, որ այդ տեղը նախատեսված է կնոջ համար: Լավ կլինի` մինչև ընտրական գործընթացները, կանանց տալ հնարավորություն քաղաքական ակտիվության համար: Դրա լավագույն խողովակը կուսակցություններն են»,- նշեց Անի Սամսոնյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը վերջին տարիներին կոտրված է համարում այն կարծրատիպը, որ քաղաքականությունում տղամարդիկ առավել հաջողակ են:
«Այն կանայք, ովքեր մուտք են գործել քաղաքական ասպարեզ, իրենց հաջողության փորձով ապացուցել են, որ կին քաղաքական գործիչները հավասարապես կարող են ավելի արդյունավետ ծառայել պետությանը, և իրենց օրինակով ցույց են տվել, որ ոչնչով պակաս չեն տղամարդ քաղաքական գործիչներից: Չեմ վախենա նշել, որ ինչ-որ առումով նաև ավելի ուժեղ են, կենսունակ են իրենց գործունեությամբ և ավելի ճկուն են նոր գաղափարներ բերելու առումով»,- ասաց Կոստանյանը:
Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի