Այլընտրանքային վարկած Աննա Հակոբյանի այցի մասին
Advertisement 1000 x 90

Այլընտրանքային վարկած Աննա Հակոբյանի այցի մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր և դստեր Բրյուսել կատարած այցի կապակցությամբ իրենց ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում իր «ինքնահարցազրույցում» սցենարներ էր առաջարկել, թե ինչ պետք է հարցնեին իրեն Բրյուսելում հանդիպած լրագրողները, ինչը չեն արել, ու դրա փոխարեն՝ բամբասանքներ են հրապարակել, թե ինքը Բրույսելում էր պետության հաշվին ու ընկերուհու հետ… Մինչդեռ, որքան կարելի է հասկանալ Աննա Հակոբյանի արձագանքից, նա պնդում է, որ Բրույսելում էր գտնվում սեփական միջոցներով և առանց ընկերուհու: Նա նաև հուշում է Բրյուսելում իրեն պատահաբար հանդիպած լրագրողներին, թե ինչ էր պետք անել վարչապետի տիկնոջը հանդիպելիս, որպեսզի խուսափեն կեղծիք տարածելուց:

«Լրագրողը առաջին վայրկյանների շոկը արագ հաղթահարում է, պայուսակից հանում ֆոտոխցիկը կամ հեռախոսը, պատրաստում է նաև ձայնագրիչը (…), հակառակ մայթով վազելով առաջ է անցնում «թիրախներից», կրկին հայտնվում է նրանց դիմաց (…), ապա հանդարտ, բարեհամբույր ժպիտով մոտենում է տիկնոջը, մեկնում է նախապես միացրած ձայնագիչը և սկսում հարցեր տալ»,- գրում է Աննա Հակոբյանը:

Իհարկե, արդարացի ակնկալիք է: Բայց այստեղ դժվար է չհիշել, որ սա գրում է «Հայկական Ժամանակի» խմբագիր Աննա Հակոբյանը: Նոր սերնդի լրագրողները հազիվ թե հիշեն, բայց ավագ սերունդը դեռևս հիշում է, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության հոդվածով հայց էր ներկայացվել Արտաշես Գեղամյանի կողմից: Խմբագիր Փաշինյանն այդ ժամանակ իր խմբագրած թերթում հոդված էր հրապարակել այն մասին, որ Գեղամյանի կինը ներքնազգեստի մեջ մաքսանենգ ճանապարհով իրենց ոսկեղենը փորձել է արտասահման տանել և բռնվել էր։
Փաշինյանի խմբագրած թերթի լրագրողը, թերևս, չէր փորձել նախ «հաղթահարել շոկը», հետո «հանդարտ, բարեհամբույր ժպիտով» մոտենալ Արտաշես Գեղամյանի տիկնոջը և ճշտել իսկությունը՝ նման լուր հրապարակելուց առաջ: Այն օրերին, ի դեպ, զրպարտությունը դեռևս քրեականացված մեղադրանք էր և ենթադրում էր ազատազրկում: Նման հրապարակումներ «Հայկական Ժամանակում» բազմիցս են եղել։ Եվ չնայած տիկին Հակոբյանը, նրա ամուսինը և ՀԺ-ի լրագրողները նման դեպքերում մոռանում էին «մեղմ ժպիտով» ճշտել փաստերի իսկությունը, այնուամենայնիվ, նման դեպքերում դա չէր խանգարում, որ ողջ լրագրողական համքարությունը համերաշխ կանգներ Նիկոլ Փաշինյանի կողքին և պաշտպաներ նրան զրպարտության զոհ Արտաշես Գեղամյանից և այլոցից: Եվ սա, ի դեպ, այդ լրատվամիջոցների դեմ զրպարտության միակ դատարանով հաստատված հայցը չէր:

Իհարկե, թերևս, եթե այն օրերին նրանց լրագրողը մոտենար Գեղամյանի կնոջը և մեղմ ձայնով հարցներ նրան՝ «արդյոք դուք ձեր ներքնազգեստում ոսկեղեն տեղափոխե՞լ եք», լավագույն դեպքում հերքում կստանար, ու թերթի «լրագրողական հետաքննությունը» չէր ստացվի: Այդ պատճառով այն օրերին նրանց լրատվամիջոցը գերադասել էր պարզապես հրապարակել չճշտված լուրը, որը, ի դեպ, շատ ավելի չճշտված էր, քան Աննա Հակոբյանի և նրա դստեր՝ Բրյուսելում գտնվելու փաստը:

Իսկ հիմա՝ բուն թեմայի մասին: Նախ, իսկապես զարմանալի է, ինչո՞ւ է տիկին Հակոբյանը նման դրամատիկ պատկեր նկարագրում իր անձի շուրջը: Շոկ ապրել, հետո շոկից դուրս գալ ու ձայնագրիչով հետևից վազել, թերևս, կարելի էր Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հետևից, որոնց անպայման ուզում ես հարցնել բաժանության մանրամասները, կամ Պուտինի խոսնակի հետևից, որին ուզում ես հարցնել Հայաստանի հետ գազի պայմանագրի մասին, որից, ի դեպ, այդպես էլ լուր չկա:

Իսկ ի՞նչ կարելի էր հարցնել տիկին Հակոբյանին: «Դուք վարչապետի ինքնաթիռի հետնամասում գտնվող սենյակներից մեկո՞ւմ եք հասել Բրյուսել, թաքնվելով լրագրողներից: Վարչապետի հետ մի սենյա՞կ եք զբաղեցնում, ձեր դստե՞ր հետ, թե առանձին սենյակի համար եք վճարում».  Համաձայնեք, լրագրողական երազանքի հարցերը չեն: Հետևաբար՝ պատկերացնենք մեկ այլ սցենար:

Քանի որ Աննա Հակոբյանը Պուտինի խոսնակը կամ Բրեդ Փիթը չէ, նրան տեսնելուց իր նախկին գործընկերները շոկ չեն ապրել ու ոչ մի հատուկ հարց չեն ունեցել, պարզապես ֆիքսել են, որ Աննա Հակոբյանը, հերթական անգամ, առանց պատվիրակության մաս լինելու, հանրությունից թաքուն, իր ամուսնու հետ այցելել է եվրոպական երկիր: Այսքանը բավարար է ինքնին ամփոփ ու խոսուն տեղեկատվություն լինելու համար: Անշուշտ, լավ կլիներ ճշտել, արդյոք վարչապետի տիկինը ճամփորդում է սեփակա՞ն, թե՞ հանրային միջոցներով: Բայց նախ՝ դա դժվար ապացուցելի խնդիր է, եթե, իհարկե, Աննա Հակոբյանը չհրապարակի, օրինակ, իրենց ինքնաթիռի տոմսերը, հյուրանոցի սենյակի հաշիվը և վճարման անդորրագիրը, որտեղ կերևա, թե ինչ քարտից է վճարվել այդ ամենի համար: Ու քանի դեռ Աննա Հակոբյանը դա մինչ օրս չի արել, ապա լրագրողը կարող է հանգիստ ենթադրել, որ նա ու իր դուստրը ճամփորդել են պետության հաշվին: Հատկապես, որ տիկին Հակոբյանն  առաջին անգամ չէ «պատահաբար» հայտնվում իր ամուսնու պաշտոնական այցերի ընթացքում նույն քաղաքներում ու ինչ-ինչ պատճառներով ջանքեր է գործադրում այդ այցելությունները հանրությունից թաքուն պահելու համար: Հետևաբար՝ Աննա Հակոբյանին և նրա դստերը վարչապետի այցելության ընթացքում պատահաբար հանդիպած լրագրողները կարող էին բոլորովին ոչ մի հարց չունենալ, այլ անել վերը բերված ու դրանից բխող բազմաթիվ եզրակացություններ:

Աննա Հակոբյանը օրեր առաջ, ի լրումն իր բավական հեգնական հոդվածի՝ խնդրել էր լրագրողներին չնեղանալ իրենից: Հիմա, թերևս, արժե, որ Աննա Հակոբյանը և Մարիամը, հեգնական երկխոսության փոխարեն, նույնպես փորձեն չնեղանալ լրագրողներից: Ինչպես նաև՝ հանրությունից: Աննա Հակոբյանը և նրա ընտանիքի բոլոր անդամներն իրենց վրա ծանր բեռ են վերցրել: Ոչ ոք նրանց չէր խոստացել, որ սիրված ու հարգված լինելու համար բավարար է նախորդներից «քիչ ուտել»: Նրանից ու նրա ամուսնուց սկզբունքորեն այլ ակնկալիքներ կան: Եվ ամուսնու բոլոր պաշտոնական այցելություններին Եվրոպայում մի քիչ պտտվելու ոչ մի առիթ բաց չթողնելը այդ ակնկալիքների արդարացման մեջ չի մտնում:

Ի դեպ, Փարիզյան այցի շոփինգի «համեստ» լինելը նույնպես չի լուծում խնդիրը: Խոստովանությունը, որ տիկին Հակոբյանին իր շոփինգում ուղեկցել է հարկատուներիս հաշվին Փարիզում աշխատող դեսպանը, դեսպանատան մեքենայով, որին հարկատուներս Փարիզ ենք գործուղել բոլորովին այլ նպատակներով, նույնպես «լավ» խոստովանությունների շարքից չէ: Այն հանգամանքը, որ շոփինգն արժեցել է 200, և ոչ թե՝ 10.000 եվրո, միայն ձևի և ոչ թե՝ բովանդակության փոփոխություն է: Ու այս առումով վարչապետի հեգնանքը, թե՝ «հասեք, բյուջեն կերան», նույնպես տեղին չէ: Եթե նախորդները, վարչապետի համոզմամբ՝ «կերան բյուջեն», երկրի նոր ղեկավարից ու նրա ընտանիքից ակնկալիքը «նախորդներ-լայթս» լինելը չէ: Ու այս առումով նույնիսկ կարևոր չէ, թե որքան է ծախսվել Աննա Հակոբյանի այցելությունների վրա, արդյոք իր անձնակա՞ն, թե՞ հանրային միջոցներից են այդ ծախսերը:

Հեղափոխության առաջնորդից ակնկալիքները միգուցե նույնիսկ անիրատեսական բարձր են: Մինչ այժմ, սակայն, նրա ընտանիքի անդամները չեն արդարացնում նույնիսկ իրատեսական ակնկալիքները: Հայաստանը մի երկիր է, որտեղ թերսնված երեխաներ կան, որտեղ համայնքների մեծ մասում մարդիկ հացը պարտքով են գնում, իսկ սննդակարգի 90%-ը բաղկացած է կարտոֆիլից ու մակարոնից: Ու «նախորդ կոռումպացված ռեժիմից» տարբերությունը չի կարող սահմանափակվել շոփինգի արժողությամբ: Ամիսը մեկ հանրությունից թաքուն ընտանեկան եվրոպական շրջագայությունները, «օլիգարխներից» ճոխ նվիրատվությունները վարչապետի տիկնոջ հիմնադրամին՝ աղքատ երկրի «թավշյա» հեղափոխության առաջնորդի ու նրա ընտանիքի անդամների իդեալական կերպարի մեջ չեն մտնում: Սա դեռ մի կողմ թողնելով՝ «օդում կախված» այլ լուրերը: Այնպես որ, մի նեղացեք ու մուննաթ մի եկեք լրագրողների վրա: Դա անշնորհակալ գործ է: Դե, իսկ հանրության ակնկալիքներին պետք է ոչ թե ընդդիմանալ, այլ փորձել համապատասխանել: Նախորդներից հարցրեք, թե ինչ է լինում ընդդիմանալու դեպքում:

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ